Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մշակույթի և բարեկամության օր Լեչչե քաղաքում

Փետրվար 07,2014 17:33

Իտալիայի Լեչչե քաղաքում տեղի է ունեցել «Հայկական մշակույթի և բարեկամության օր» միջոցառումը, որ կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը` Լեչչեի Եվրո-Միջերկրածովյան մշակութային ժառանգության գործակալության և տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ: Ներկաների թվում էին նահանգային և քաղաքային իշխանությունների, մշակույթի և գործարար ոլորտների, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ:
Պուլիայի նահանգապետարանի, Լեչչեի շրջանային և քաղաքային իշխանությունների, Սալենտոյի համալսարանի, Լեչչեի առևտրական և արդյունաբերական պալատների հովանավորությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու պատմությունը, Հայաստանի տնտեսական հնարավորությունները, հայ-իտալական պատմական առնչությունները և հայ համայնքի բազմադարյա դերը Պուլիա նահանգում:

Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, օրվա միջոցառումը բնութագրելով որպես «միջմշակութային բացառիկ օր և երկու հարուստ մշակույթների ու ավանդույթների հանդիպում», իր ելույթում անդրադարձել է Հայաստանի և Իտալիայի բարեկամական հարաբերություններին, խոսել Պուլիայի նահանգում բնակվող հայ համայնքի մասին, որի վերաբերյալ առաջին հիշատակությունները սկսվում են 8-րդ դարից: Դեսպան Ղազարյանն ընդգծել է, որ հարկավոր է հիմնվել հարուստ պատմություն ունեցող ներուժի վրա և միասին տնտեսական և մշակության ծրագրերի միջոցով կերտել Հայաստան-Պուլիա հարաբերությունների նոր էջեր:

Եվրո-Միջերկրածովյան մշակութային ժառանգության գործակալության տնօրեն Մարտինա Մաուրոն, դիմելով ներկաներին ողջույնի խոսքով, իր գոհունակությունն է հայտնել, որ Իտալիայի հարավային նահանգում հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական մշակույթին, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր սերտ կապերին:
Ելույթներ են ունեցել նաև Իտալիայում հայ համայնքի ղեկավար պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը և պրոֆեսոր Ադրիանա Պոլի Բորտոնեն:

Միջոցառմանը ներկայացվել են լուսանկարիչ Կարեն Կոկչիյանի` Հայաստանի գեղատեսիլ վայրերի և մշակութային հուշարձանների նկարները, իսկ դաշնակահար Անի Մարտիրոսյանը հանդես է եկել Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ:

Լեչչեում գտնվող դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև Լեչչեի քաղաքապետի և առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա ընթացքում կազմակերպելու այց Հայաստան` համատեղ տնտեսական ծրագրերի (ագրոբիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինովացիայի և այլ ոլորներում) իրականացման հեռանկարների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով: Հանդիպմանը հայկական կողմը տեղեկացվեց, որ 2014-15 ուսումնական տարվա ընթացքում Լեչչեի ավագ դպրոցներում կկազմակերպվեն իտալահայ հանրահայտ արձակագիր Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հանրային ընթերցումներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728