Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Գրիգորյան. «ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելն օբյեկտիվ անհրաժեշտություն է»

Փետրվար 07,2014 19:57

ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը պատասխանել է  Կապանի 10  հասարակական կազմակերպության  ներկայացուցիչների  նամակին:

PK1

Հիշեցնենք, որ  հ/կ ներկայացուցիչները 2013թ.-ի դեկտեմբերին նամակով դիմել էին   ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին` իրենց բողոքը հայտնելով հունվարի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման վերաբերյալ եւ պահանջել  հրաժարվել այդ նախաձեռնությունից: Աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը պատասխան նամակում նշել է, որ ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելն օբյեկտիվ անհրաժեշտություն է եւ դրանք պայմանավորված են մի շարք գործոններով: «Սերունդների համերաշխության սկզբունքով գործող բաշխողական (պետական) կենսաթոշակային համակարգը (ինչպիսին գործում է ՀՀ-ում) խիստ զգայուն է ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումների (ծնելիության նվազում, կյանքի միջին տեւողության աճ եւ այլն) նկատմամբ: Մասնավորապես, ձեւավորվում է մի իրավիճակ, երբ բնակչության ընդհանուր թվի մեջ կենսաթոշակ ստացողների տեսակարար կշիռն աճում է, իսկ աշխատանքային տարիքի անձանց կշիռը՝ նվազում, այլ կերպ ասած՝ արձանագրվում է «բնակչության ծերացում», – նշել է պարոն Գրիգորյանը եւ տեղեկացրել, որ 2014թ.-ի հունվարի 1-ից  պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման արդյունքում կուտակային վճարների չափով տնօրինվող աշխատավարձերի որոշակի նվազումը հաշվի առնելով՝  բազմաթիվ մասնավոր ընկերություններ (օրինակ՝ առեւտրային բանկերը) նախատեսել են իրենց աշխատողների աշխատավարձերի բարձրացում՝ մեղմելու համար կուտակային վճարների հետեւանքները տնօրինվող եկամտի վրա:

«Սյունիքի մարզի տարբեր հիմնարկ ձեռնարկություններից ահազանգեր կան, որ նվազեցվել է աշխատողների աշխատավարձերը, քանի որ գործատուները կիրառել են կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Այս ամենից կարող ենք եզրահանգել, որ պետական ապարատի կողմից ճնշում կա գործատուների վրա և սահմանադրական դատարանի որոշումը, կարծես, անտեսվում է: Գործատուները քաջ գիտակցելով, որ այս չարաբաստիկ օրենքի չկիրառումը կարող է հետագայում իրենց համար նոր խնդիրներ առաջ բերել, այնուամենայնիվ, իրենց իսկ կամքին հակառակ կիրառում են այն, որը սակայն կարող են չկիրառել: Այս ամենը ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ գործարարները խոցելի են պետական ապարատի համար, որը բարձր կամայական դրսևորումների, կոռուպցիոն ռիսկերի և հովանավորչության ինդիկատոր է», – Aravot.am-ի հետ ունեցած զրույցում նշեց «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728