Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «ՀՀՇ-ի անունից հրաժարված ուժը, պարզ չէ՞, որ հոգեհարազատ գործելակերպ է տեսնում մարտի 1-ի մեջ»

Փետրվար 20,2014 20:38

«Մարտի 1-ը շատ է հետաձգված, այնքան, որ նոր հետաձգման մասին խոսելը զարմանալի է: Այն արդեն վաղուց պետք է քննարկված եւ սպառված լիներ: Բայց այն հավերժական հարց է, ժամկետանց չէ, քանի որ մեղավորները չեն դատվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցն արտահերթ օրակարգ մտցնելու ու նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հետաձգելուն:

Պարույր Հայրիկյանի խոսքով` կառավարության հրաժարականի մասին են խոսում, սակայն  նորը հաստատ ոչ հանրապետական չի լինելու, հետեւաբար  անհեթեթ է սրա մասին լուրջ խոսելը, որովհետեւ` «Պառլամենտական մեծամասնություն կա, ու այն չի խախտվել, եւ պառլամենտական մեծամասնությունն ու նախագահը նույն թիմից են, ու սա մարզանք է հիշեցնում, ոչ թե նպատակասլացություն: Մարտի 1- ի վերաբերյալ ես իմ կարծիքն արտահայտել եմ, հանձնաժողով կլինի, թե ոչ, ես կգամ իշխանության, թե այլ մարդ, բայց որեւէ կարգին հայ, ով մտածում է Հայաստանի ապագայի մասին, պետք է օգնի, որ մարտի 1-ին մեր իրավապահ մարմիններն անդրադառնան ըստ արժանվույն: Մարտի 1-ը հետեւանք էր այն բանի, որ մենք ունեցանք  96 թվական, իսկ սրա հետեւանքն այն եղավ, որ ունեցանք «Պառավաքար» ու այս բոլորն իրար հետ օրինաչափորեն կապված են: Ճիշտ է, 96 թվականի վերաբերյալ դատավարություն եղավ, բայց այնքան ուշ, որ իմաստազրկվեց, միայն պատմության ու պատմության մասնագետների համար մնաց, որ առաջին նախագահը ապօրինի ընտրություններով դարձավ նախագահ: 96 թվականի այլանդակությունը, երբ դրության տերը ոչ թե քաղաքական իշխանություններն էին, այլ թոկից փախածներ` նույնպես անպատիժ մնաց, եւ 98 թվականի հրաժարականից հետո, փոխանակ իսկապես հրաժարական լիներ, եւ իշխանությունը չտրվեր իրենց թիմակցներին, այլ տրվեր ընդդիմադիրներին, կամ չեզոք ուժերին, դա էլ այդպես հողածածկույթի տակ հայտնվեց, եւ այս բոլորի հետեւանքով ունեցանք մարտի 1, ու իշխանավորները մտածեցին, որ իրենք կարող են անպատիժ մնալ: Բայց սրան պետք է վերջ տալ: Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ը, որոնք ժամանակին կոալիցիայի անդամ էին, դժվար թե սրտանց կամենան իրենց իշխանության օրոք տեղի ունեցած վայրագության ամբողջական բացահայտումը, չէ՞ որ իրենք իշխանության մաս էին»:

Հարցին`համաձա՞յն եք, որ հենց նույն ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի  գործարար պատգամավորներին ձեռք չի տա այդ նախաձեռնությունը իրականացնել, որովհետեւ դա կխանգարի իրենց տնտեսական գործունեությանը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Համաձայն եմ ձեզ հետ: Դա  կարող է ոչ միայն ձեռնտու չլինել, այլ նաեւ վտանգավոր լինել այսօրվա իշխանության գործելակերպի պայմաններում»:

Ինչ վերաբերվում է խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցություններին, ապա Պարույր Հայրիկյանը ողջունում է չորսի դաշինքը, բայց` «Հասկանում եմ, որ նրանք մի ափսեից այն կողմ գնալ չեն կարող, ռազմավարական լինել չեն կարող, գաղափարական տեսակետից իրարամերժ ուժերը, երբ չեն խոսում բոլոր գաղափարամերժ կազմակերպությունների համար, այնուամենայնիվ ընդհանրական հարցերի` հայրենիքի եւ ժողովրդավարության մասին, մնացած բոլոր հարցերը, որոնք կքննարկեն, առավելագույնը պետք է հանգեցնեն նրան, որ իշխանության ինչ-որ փայի մասին լինի խոսքը, սա ես ցավով եմ ասում: Մարտի 1-ը նախապատրաստող ուժերը, դրանք մարտիմեկյան տրամադրությունները արմատավորող ուժերն են, թեկուզ եւ ՀՀՇ-ի անունից հրաժարված ուժը, պարզ չէ՞, որ իրեն հոգեհարազատ գործելակերպ է տեսնում Մարտի 1-ի մեջ: Կամ պետք է հրապարակավ ասի՝ մենք սխալ էինք, անօրեն, անազնիվ էինք 96 թվականին եւ ցավում ենք, որ նման մի բան արդեն արյունահեղությամբ, սպանություններով կրկնվեց 2008-ին, կամ էլ պետք է երեւա, որ կեղծում են»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728