Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինություն՝ առանց սահմանների. «Ժողովուրդ»

Փետրվար 25,2014 11:42

Որոտանի հէկ-ի վաճառքն արժանի տեղ է զբաղեցրել Սերժ եւ Տիգրան Սարգսյանների իշխանավարման օրոք կնքված ապօրինի գործարքների շարքում. պարզվում է՝ ՀՀ էներգետիկ համակարգի այս կարեւորագույն օբյեկտը վաճառվել է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով։ Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հաջողվել է բացահայտել Որոտանի հէկ-ը վաճառելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, որը երեք ամիս շարունակ իշխանությունները գաղտնի են պահել։

2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Որոտանի հէկ-ը վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը. «ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ ՀՀ անունից՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը»։ Հէկ-ը ամերիկյան կազմակերպությանն է վաճառվել 180 մլն ԱՄՆ դոլարով։

Թե իրավական ինչ հիմնավորմամբ է վաճառվել այս հէկ-ը, ՀՀ իշխանությունները փորձում են գաղտնի պահել։ Իսկ սա, թերեւս, պատահական չէ, քանի որ կառավարությունն այդ գործարքին գնացել է՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը։
Գործարքս գաղտնի թող մնա…

Որոտանի հէկ-ի վաճառքի մասին հայտնի միակ փաստաթուղթը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 27.11.2013թ. N–404Ա որոշումն է, որում նշված է. «Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետը եւ հաշվի առնելով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ 2013 թվականի նոյեմբերի 26-ի Ա 229 ՍԽ գրությունը, ՀՀ ՀԾԿՀ-ն որոշում է. համաձայնություն տալ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքը «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ին վաճառելուն՝ համաձայն հավելվածի»։

Բայց արի՛ ու տե՛ս, որ ՀԿԾՀ այս որոշումը բավարար չէր պետական սեփականություն հանդիսացող հէկ-ի գույքը վաճառելու համար։ Որոտանի հէկ-ը պետական սեփականություն է, ուստի վերջինս պետք է վաճառվեր «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի շրջանակներում։ Իսկ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շարժական գույքի, նշված օրենքի 3-րդ, 4-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ենթակա է մասնավորեցման միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց եւ ԱԺ-ի հավանությունը ստանալուց հետո։ Սակայն կառավարությունը շրջանցել է օրենքով սահմանված կարգը, հէկ-ը չի ընդգրկվել մասնավորեցմաև ծրագրում ու չի ներկայացվել ԱԺ։

Չարաբաստիկ որոշումները

Պարզվում է՝ ՀԾԿՀ որոշումից մեկ շաբաթ առաջ կառավարությունը, այնուամենայնիվ ընդունել է Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ որոշում։ Խոսքը կառավարության՝ 201 Յթ. նոյեմբերի 21-ի նիստում ընդունված «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» N1496-Ա որոշման մասին է։ Միայն թե այս որոշումը պահվում է գաղտնի։ «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս որոշման նախագիծն ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Այդ մասին որեւէ բառ չկա նաեւ այդ օրվա կառավարության նիստի, մասին պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ասել է թե՝ Որոտանի հէկ-ի վաճառքի մասին հանրությունը նախապես տեղյակ չի եղել։ Միայն կառավարության կողմից ընդունվելուց եւ 2013թ. դեկտեմբերի 27-ին վարչապետ Տ. Սարգսյանի կողմից ստորագրվելուց հետո այն տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում, ընդ որում ծածուկ։ Թեեւ կասկածներ կան, որ այս որոշումն ընդունվել է հետին թվով։
Իրավաբանները պնդում են՝ անկախ այս որոշումից, եւ հատկապես այս որոշումը կայացնելուց հետո կառավարությունը պարտավոր էր Որոտանի հէկ-ն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ու ներկայացնել ԱԺ՝ վերոհիշյալ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն։ Ի դեպ, ժամանակին այդպես են մասնավորեցվել մի շարք այլ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «ԱրմենՏել»-ը, «Արարատ» կոնյակի գործարանը եւ այլն:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728