Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Հայֆիլմի» վաճառքին միայն ես ու Ստամբոլցյանն էինք դեմ» (Տեսանյութ)

Փետրվար 26,2014 13:54

Այսօր «Նովոստի Արմենիայում» «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը եւ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը տեղեկացրին, որ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը եւ «Փյունիկը» կազմակերպում են Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ` նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Ներկայացված հայտերից հաղթող կճանաչվեն տասը լավագույն սցենարները՝ ընտրված մասնագիտական ժյուրիի կողմից: Լավագույն երեք սցենարների հեղինակները կարժանանան $1000-ական, լավագույն յոթի հեղինակները $500-ական պարգեւի: Սցենարները կնկարահանվեն եւ հանդիսատեսին կներկայացվեն մրցույթի կազմակերպիչների աջակցությամբ՝ տարվա ընթացքում: Մրցույթը տարիքային եւ ազգային սահմանափակումներ չունի: Սցենարները պետք է լինեն երեք-վեց րոպե տեւողությամբ՝ խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի համար:

Մինչ սցենարական մրցույթին անդրադառնալը՝ պարոն Խաչատրյանը նշեց. «Ոսկե ծիրանը» ձեզ շատ է կարոտել, սիրով սպասում ենք բոլորիդ: Այս տարի փառատոնը նվիրված է լինելու Փարաջանովի իննսունամյակին, ամբողջը լինելու է իր արվեստի, ֆիլմերի, կոլաժների մթնոլորտում: Կարծում եմ ՝ փառատոնի բացումը կկայանա օպերայում»: Ապա դառնալով մրցույթին՝ հավելեց. «Ամեն հայ նախապատրաստվում է Եղեռնի հարյուրամյակին, մեր վիշտը խորն է, չենք կարող մոռանալ այն՝ լինենք կինոգործիչ, թե ջրասուզակ: Ամեն մեկը իր ոլորտում պիտի ինչ-որ բան անի: Ի դեպ, պարոն Սարգսյանը ընտրվել է փառատոնի պատվավոր նախագահ, եւ շատ ծրագրեր ենք միասին անում: Այս մեկը հերթականն է: Նախորդ տարիներին աշխատել ենք նույնիսկ թուրքերի հետ, որոնք հայանպաստ ծրագրեր ունեն, դրանք թուրքեր են, որոնք հայի թոռներ են»:

Ֆիլմերի տեւողության մասին էլ Հարություն Խաչատրյանը ասաց. «Ֆիլմերը երեքից-վեց րոպե են: Կարծում եմ՝ մի տասնհինգ-քսան ֆիլմը տարբեր տեսանկյունից հայացք կլինեն ու կցուցադրվեն աշխարհով մեկը, ֆիլմերը պետք է ցուցադրվեն արտագնա փառատոներում, յութուբում, ամենուր»:

Լեւոն Սարգսյանը նշեց, որ ծրագիրը անչափ կարեւոր է ժողովրդի համար. «Մեր ազգի հիմնական հարցերից մեկին է նվիրված, ինչ-որ տեղ դիվանագիտություն է, դրա համար որոշեցինք անպայման մասնակից լինել»:

Հարություն Խաչատրյանը խնդրեց, որ լրագրողներն էլ առաջարկներ անեն. «Սա բոլորիս համար է կարեւոր, միայն մեկ ընտանիքի գործ չէ, յուրաքանչյուրը կարող է իր նպաստը ունենալ»: Նա նաեւ պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ երեքից-վեց րոպեն էլ բավարար է ասելիքը տեղ հասցնելու համար, եթե ուզում ես ստեղծել մարդկանց հիշողությունների խճանկար, ոչ թե դիցուք «Շինդլերի ցուցակի» նման լիամետրաժ ու թանկ բյուջեով ֆիլմ:

Բանախոսները ժյուրիի անդամների անունները առայժմ չհրապարակեցին:
Լեւոն Սարգսյանը առայժմ ձեռնպահ մնաց նաեւ ծրագրի արժեքը հրապարակել: Ասաց գաղտնի չէ, բայց չէր ցանկանա բարձրաձայնել:

Ասուլիսին անդրադարձ եղավ «Հայֆիլմի» մասնավորեցմանը եւ վաճառքի ոդիսականին: Հարություն Խաչատրյանը այդ քայլը որակեց իբրեւ հայատյաց եւ ստոր քայլ, համարյա հանցագործություն: Նաեւ ասաց, որ ժամանակին միայն երկու մարդ են դրա դեմ պայքարել՝ ինքը եւ Միքայել Ստամբոլցյանը, մինչդեռ որոշ կինոգործիչներ ուղղակիորեն նպաստել են խայտառակ գործարքին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728