Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ՀՀԿ-ականները նշեցին Վարդանանց տոնը

Փետրվար 27,2014 15:16

Փետրվարի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ «Եռաբլուր» պանթեոնում նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցն ամեն տարի նշում է Վարդանանց տոնը։ «Մենք առանձնահատուկ դեր ենք տալիս այս միջոցառմանը, քանի որ այն ոգեկոչում է հանուն հայրենիքի, հավատի մարտի դուրս եկած մեր հերոսների հիշատակը։ Միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել։ 20-21-րդ դարերի Վարդանները «Եռաբլուր» պանթեոնում են հանգչում, և մեր երիտասարդները պետք է արժանին մատուցեն բոլոր այն հերոսներին, ովքեր կյանքը նվիրաբերել են հայրենիքի ու հավատի համար»,- նշեց Կարեն Ավագյանը։
«Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց պատարագ, երիտասարդները ծաղիկներ դրեցին հուշաքար-կոթողին, այնուհետև իրականացվեց օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Մուշեղ Խուդավերդյանն ընդգծեց, որ երիտասարդներն այսօր պարտավոր են շարունակել վարդանանց ավանդույթները, որպեսզի մշտապես վառ պահենք ինչպես ազգային, այնպես էլ կրոնական ինքնությունը։
Արմինե Ինջիղուլյանն էլ նկատում է, որ Հայաստանն այսօր գտնվում է ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակում, ուստի երիտասարդությունը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Նման միջոցառումներն ավելի են ոգեշնչում երիտասարդներին, օգնում են ավելի լավ ճանաչել սեփական պատմությունը: Ըստ նրա՝ Վարդանանց տոնը հայրենասիրական մեծ խորհուրդ ունի և նվիրված է նաև բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպան հերոսներին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728