Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կեղծ ժամանակը թողել ենք հետեւում

Մարտ 14,2014 14:45

Մեր կյանքի տարիներ ի վեր անհանգիստ ժամանակներում ես իմ ընկերներից մեկին մի օր բարեկամաբար խորհուրդ տվեցի՝ մի արա այդ բանը, որովհետեւ կհայտնվես կեղծ ժամանակի մեջ: Բայց նա չլսեց ինձ՝ բերելով բազում պատճառաբանություններ:
Ու բոլորովին վերջերս նույն ընկերս ինձ ասում էր, որ ինքը խաբվել է, սխալ է թույլ տվել: Կյանքի առօրյա վայրիվերումները կարծես թե տանելի են, անսպասելին էլ է տանելի՝ մի կերպ, սակայն ուրիշ պահանջ ունի… Եվ թերեւս հանգիստ կարող ենք ապրել առօրյա վեճերի հետ, անհամաձայնությունների, նաեւ քաղաքական կռիվների մեջ, մնում է ընտրել ճիշտ խոսքը, այսինքն թե՝ ցանկացած պայքարի, առավել եւս քաղաքական պայքարի մեջ երբեք չի կարելի վերջին խոսքը սկզբում ասել:

Երբ որ մեր միջեւ, մեզ սպասելով, լռում է բառարանը, լռում է մշակույթը. նկատի չունեմ ստեղծագործական միությունները, որոնց ղեկավարները, խոսելով մշակույթից, հաճախ ատում են Ստեղծագործությունը, առավել եւս Ստեղծագործողին:
Այնինչ մշակույթը, որի մասին անվերջ խոսում են անմշակութակիր լեզվով, ծածկում-թաքցնում է իրական կյանքի դառը պատկերը, ներշնչում է հույս, ցուցադրում գեղեցիկը եւ մղում ապրելու, մեզ հասցնում Աստվածամերձության:
Իսկ ամեն մարդ իր կյանքի օրերի մեջ փնտրում է մեկ ուրիշ մարդու՝ հույսով, որ իրեն կհասկանա: Այդպես էլ ազգերն են փնտրում այլ ազգերի՝ դարձյալ հավատալով, որ իրենց կճանաչեն ու կընդունեն:

Եվ երբեմն, եթե մարդու բախտը բերում է, մի օր արթնանում է եւ զարմանքով հասկանում, որ այն մարդը, որին ինքը փնտրում էր, դա ինքն է, այսինքն՝ հենց ինքն է փնտրվողը, ինքն է միակը, որ հասկանում է իրեն, եթե, իհարկե, հասկանում է: Այդպես էլ ազգերն են, որ իրենց հազարամյա պատմության թմբիրից մի օր արթնանում են ու զարմանքով տեսնում, որ իրենք են իրենց տերը, եթե գտնեն կամ վերհիշեն սեփական բառարաններում մոռացության մատնված սիրո բառերը…

Այսօր մարտի քսանինն է, վաղը՝ անշուշտ, երեսունը, եւ այդպես շարունակ… Մենք հատել ենք կեղծ ժամանակների սահմանը եւ հայտնվել իրական ժամանակի շեմին: Մեր դիմաց մեր տաք ու համբուրելի հայրենիքը հզորացնելու ժամանակն է, մեր կյանքի ժամանակը:
Եվ ես հույս ունեմ, ուզում եմ հավատալ, որ մենք կգտնենք այն բառերը, որի արդյունքում մեծ զրույց կկայանա Մեր ու Մեր միջեւ: Նայենք մեր շուրջը ու կտեսնենք, որ այս աշխարհում ոչինչ կայուն չէ, կայուն չեն նաեւ կայուն թվացյալ պետությունները: Ուստի մեր երկրի կայունությունը մենք մեր ներսում պետք է հաստատենք եւ հավատանք:
Եթե ոչ՝ մեր համազգային ոգին, որն արդեն գտել է դեպի մեծ աշխարհ տանող իր բաց դուռը, ինքնուրույն ճանապարհը ու սկսել է ճանաչել ուրիշներին եւ ինքն իրեն, կարող է հանկարծ խաթարվել եւ նմանվել երկար ժամանակ վանդակում փակված այն արծվին, որը մի օր կարող է վերջնականապես կորցնել թռչելու կարողությունը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Վերամբարձ դատարկաբանություններ, շինծու ֆրազներ – տո գրել էս … որ ինչ անես? (անկախ մնացյալից՝ Ս.Ս. – ն էս հասարակ հարցով մտավ պատմության մեջ!)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31