Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ կանաչ գոտու հաշվին ոչինչ չի կառուցվելու

Մարտ 14,2014 14:25

Արդեն մեկ ամիս է՝ Վարդանանց փողոցի 20 շենքին հարակից կանաչ տարածքում ինչ-որ մարդիկ չափուձեւ են անում, ստուգում էլեկտրալարերի հեռավորությունը: Բնակիչները անհանգստացած են, որ կանաչ տարածքների հաշվին հերթական զվարճանքի կամ սպասարկման օբյեկտն է վեր խոյանալու: Շենքի բնակիչները փորձել են հետաքրքրվել, թե ինչ նպատակով են տարածքը չափագրում, սակայն անծանոթ մարդիկ որեւէ հստակ պատասխան չեն տվել՝ ասելով, թե ձեր գործը չէ, ձեր գործերով զբաղվեք: Այդ տարածքը ծառերից մաքրելու եւ շինարարություն անելու դառը փորձի միջով Վարդանանց 20 շենքի բնակիչները մեկ անգամ արդեն անցել են: Սակայն, բարեբախտաբար, հայտարարված աճուրդում որեւէ մեկը չի ցանկացել այնտեղ բիզնես ծավալել: Հակառակ դեպքում եթե ինչ-որ կառույց այնտեղ լինի, ապա բնակիչների ներկայացմամբ՝ կփակի բնակարանների լուսավորությունը, տեսադաշտը, կխաթարի բնակիչների հանգիստը:

vardananc20-1

Տարածքի ուսումնասիրությունն ու չափուձեւը բնակիչների սիրտը ահ է գցել, որ, այնուամենայնիվ, տարածքն արդեն նոր տեր ունի, որն էլ կանաչ գոտու հաշվին ինչ-որ ծրագրեր ունի:

Ըստ բնակիչների՝ ինչպե՞ս են իրականացնելու շինարարությունը նման փոքր տարածքում, երբ հնարավոր չի լինի ապահովել օրենքով նախատեսված սանիտարական եւ շինարարական նորմերը: Բնակիչները նաեւ հատ-հատ հաշվել են, թե շինարարության հետեւանքով քանի ծառ կհատվի: Տարածքի 15 սոճու, 10 դեկորատիվ եւ 1 խնձորի երիտասարդ ծառերը վտանգի տակ են՝ այն դեպքում, երբ ամեն առիթով քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ կանաչ գոտիների հաշվին այլեւս շինարարություն չի լինի:

«Առանց այդ էլ մեր քաղաքում փոշուց խեղդվում ենք, ծառերը կտրեն, մեր առողջությանը նույնպես վնաս կհասցվի»,- դժգոհում էին բնակիչները:
Մոտ տասը տարի առաջ այս խնդիրը կրկին բարձրացրել են Վարդանանց 20 շենքի բնակիչները, սակայն այն ժամանակ, ինչպես արդեն նշեցինք, տարածքը շահագործել ցանկացող չի հայտնվել, չնայած քաղաքապետարանն այն աճուրդով վաճառքի էր հանել:
Նշված հատվածում սպասարկման սրահի շինարարության համար պատրաստվել էր մրցույթի փաթեթ (Մ 04-32), սակայն հայտեր չներկայացնելու պատճառով մրցույթը չի կայացել:

Բնակիչներն այս անգամ էլ մի շարք գերատեսչությունների ղեկավարների դիմումներ են գրել, առայժմ միակ պատասխանը այս տարվա փետրվարին նախագահականից է եղել՝ հայտնել են, որ նրանց դիմումը մակագրվել է Երեւանի քաղաքապետարան, որտեղից, սակայն, դեռեւս բնակիչներին ոչ մի արձագանք չի եկել:

Երեկ «Առավոտ»-ը նույնպես հարցեր ուղղեց քաղաքապետարանին. հետաքրքրվել ենք, թե տարածքն արդեն ունի՞ սեփականատեր, ի՞նչ է կառուցվում այդ հասցեում եւ այլն:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31