Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճի մրցաշարը հասավ իր տրամաբանական ավարտին

Մարտ 16,2014 18:32

 Մարտի 15-16-ին Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» բանավեճի ակումբը` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ, «Երիտասարդները բանավեճում» ծրագրի շրջանակներում  նախաձեռնել էր բանավեճի մրցաշար: Մրցաշարին հայտ էին ներկայացրել  ՀՀ տարբեր բուհերի  բանավիճող թիմեր և բուհերից ու կազմակերպություններից կամովին համալրված առանձին  (մրցաշարին հայտագրվել էին 18 թիմ):  Բանավեճն ընթացավ երեք փուլով. նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Նախընտրական փուլ դուրս եկավ 8 թիմ:

Նախընտրական փուլում թիմերը բանավիճեցին  «Միգրացիայի  հիմնական  պատճառը  քաղաքական  կոնֆլիկտներն  են»  թեմայի շուրջ: Բերվեցին բազմաթիվ  փաստարկներ. կոնֆլիկտները, բնակչության սպառողական զամբյուղի անհամապատասխանությունը, աշխատատեղերի պակասը և հատկապես նյութական արտադրության ցածր մակարդակը ու ոչ համալիր զարգացումը, երկրի սոցիալտնտեսական զարգացման աճի ցածր տեմպերը, վաղվա օրվա նկատմամբ բնակչության անվստահությունը և համեմատաբար ապահով ապրելավայր ընտրելու ցանկությունը, ուսանողների շարժունության նկատմամբ ակտիվացումը և այլն:

Միավորների ամփոփման արդյունքում 4 թիմ անցան կիսաեզրափակիչ: Նրանք բանավիճեցին «Հայաստանը պետք է վարի Եվրոպական ինտեգրմանն ուղղված  քաղաքականություն»   ընդգրկուն թեմայի շրջանակներում: Բանավիճողները ընդգծեցին, որ Եվրաինտեգրման հնարավորության դեպքում ՀՀ-ում արագընթաց տեմպերով կխորանային արդեն սկսված նախաձեռնությունները, հատկապես ժողովրդավարական ինստիտուտների կայացման առումով, կակտիվանար առևտրային  համագործակցությունը Եվրոպական երկրների հետ, կընդլայնվեր հանրապետությունում արտադրված ապրանքների իրացման շուկան (եթե արտադրական գործունեությունը բավարարեր եվրոչափանիշներին): Այս դրական միտումների հետ մեկտեղ մեր հանրապետությունում կտարածվեր եվրոմշակույթ, որը ունի նաև  որոշ բացասական դրսևորումներ: Բանավիճողների կարծիքով հանրապետության հեռանկարային զարգացման սցենարի հիմքում պետք է դնել ազգային ավանդույթների  պահպանումը և հատկապես նոր մշակույթային արժեքների զգուշորեն տեղայնացումը: Բացի այդ, եվրաինտեգրումը անհնարին է դեպի Եվրոպա տանող ուղիղ ճանապարհների բացակայության պատճառով:

Եզրափակիչ փուլում քննարկման առարկա դարձավ «Հայաստանի անդամակցումը  Մաքսային  միությանը  սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը»  թեման: Այս փուլում առաջարկված թեման քննարկելու իրավունք ստացան եզրափակիչ փուլ դուրս եկած Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանի և ԵՊՀ ուսանողներից կազմված «Նիկե» միացյալ  թիմը, որպես «Կողմ», և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության  Գյումրիի տարածքային զարգացման կենտրոնի «ART-իստներ» թիմը, որպես «Դեմ»: Հատկանշական էր կողմ թիմի դիրքորոշումը. Մաքսային միությանը անդամակցելը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը և հակասում է մեր սահմանադրության 1-ին հոդվածին: Դրական հետևանքներից թվարկվեց տնտեսական և ռազմական շահեկան համագործակցությունը, ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների իրավական վիճակի բարելավումը (չնայած միգրացիայի առումով արդեն անցանկալի սահմանափակումներ են առաջացել), ավանդական տնտեսական կապերի վերականգնման միտումները և այլն: Բանավեճի մրցաշարն ավարտվեց «Նիկե» թիմի հաղթանակով, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և մասնակիցներին  տրվեցին հավաստագրեր:  Մասնակիցներն ու կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ՀԿ-ին այս նախաձեռնության համար:

 

Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» բանավեճի ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31