Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Նախանձելի չէ ՀՀ իշխանությունների վիճակը»

Մարտ 19,2014 13:17

«Նախանձելի չէ ՀՀ իշխանությունների վիճակը, որ անթաքույց ճնշումների է ենթարկվելու Ռուսաստանի կողմից, ինչպես եղավ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու պարտադրանքի դեպքում»- այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Հարցին՝ արդյոք Ղրիմի անկախությունը նախադեպ կարո՞ղ է լինել Ղարաբաղի՝ Ռուսաստանին միացնելու հարցում, մանավանդ այս օրերին նման կարծիքներ ի դեմս Զորի Բալայանի հնչեցվել են, պարոն Արզումանյանը այդ մարդկանց հայ գործիչ դժվարացավ անվանել ու նշեց. «Այդ մարդիկ օբյեկտ հո չե՞ն, որ մեկից վերցնես մյուսին տաս: Այլ հարց է, թե մեր երկու պետականությունները ինչպես կհամագործակցեն այդ երկրների հետ: Վտանգավոր է, որ կան մարդիկ, որոնք զառամյալ տարիքում սկսում են վերհիշել բաներ, որոնք սրանից երկու հարյուր տարի առաջ են եղել: Նախադեպ պետք է համարել Շոտլանդիայի, այս օրերին Վենետիկում ընթացող հանրաքվեները: Այս հանրաքվեներն են այն նախադեպերը, որ առանց որևէ տանկի ու օտար սապոգի ներկայության է տեղի ունենում ազգային ինքնորոշում»:

Պարոն Արզումանյանը կարծում է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն դեռ մանևրելու հնարավորություն ունեն. այսինքն` Ղրիմի հանրաքվեով ԼՂՀ-ն հրճվի, իսկ Հայաստանը չեզոքություն պահպանի: Իսկ թե որքան կարող է ՀՀ իշխանությունը դիմակայել ճնշումներին և նման քաղաքականություն վարել հարցին՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր դիրքորոշման արտահայտում պետք է լինի ևս մեկ անգամ ֆիքսում դիրքորոշման բացակայության վերաբերյալ: Սա այս պահին թերևս ամենաընդունելին է: Այս մոտեցումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կարող ենք դիմակայել ՌԴ ճնշումներին: Նույնիսկ Բելառուսը և Ղազախստանը հստակ չեն դիրքորոշվել այս հարցում և այդ է պատճառը, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շնորհակալություն է հայտնում մասամբ Հնդկաստանին և Չինաստանին»:

Պարոն Արզումանյանի համար զարմանալի է ԼՂՀ ժողովրդի հրճվանքը կապված Ղրիմի անկախության հետ: Այս առիթով նա նշեց. «Այնպես են հրճվում, կարծես ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ են մտել»:

Պուտինի՝ երկու պալատների հետ հանդիպման ժամանակ դահլիճում գոյություն ունեցող իրավիճակը պարոն Արզումանյանը «հորթային հրճվանք» է անվանում ու շեշտում, թե ինչ կարելի է սպասել Ռուսաստանից. «Վտանգներ եմ տեսնում ահռելի տարածքներով ու ահռելի միջուկային պաշարներով մի ահռելի երկրից, որը, անտեսելով անգամ իրեն ամենահարազատ ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը, նման անօրինական գործողություններ իրականացրեց նրա նկատմամբ»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք Մինսկի խմբի համանախագահների տարակարծությունը Ուկրաինայի հարցում բացասաբար չի՞ անդրադառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վրա, պարոն Արզումանյաննն այսպես արձագանքեց. «Մինսկի խմբում ներկայացված են դիվանագետներ, որոնց տրվել է մանդատ: Այսինքն՝ դիվանագետների աշխատանքի վրա չպետք է անդրադառնա Մինսկի խմբի անդամ երկրների դիրքորոշումների տարբերությունները»:

Aravot.am-ի՝ պատերազմի հավանական վտանգի մասին հարցին, պարոն Արզումանյանը պատասխանեց. «54 տարեկան եմ, տեսել եմ և աշխարհի վերջ և այլն: Այդ պատերազմը լինելու է աշխարհի կործանման տանող պատերազմ: Ցավոք, Ռուսաստանի համար այսօրվա ամերիկյան բանակային ռազմական դոկտրինը կայանում է գլոբալ հարված հասցնելու մեջ: Կարծում եմ՝ ՌԴ բանակը դեռ պատրաստ չէ, մաքսիմում կարող է ոչ ինձ,ոչ քեզ տարբերակով պայթեցնել միջուկային արսենալը: Բայց նման միլիարդներ կուտակելուց հետո դժվար թե մեկը նման բան անի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31