Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ադրբեջանցիները քոռ-քոռ էլ փորձեն այդքան զենք-զինամթերքն օգտագործել՝ ահռելի վնաս են տալու». Լեւոն Բարսեղյան

Մարտ 19,2014 19:12

Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը նոր զեկույց է հրապարակել աշխարհում զենքի առևտրի ծավալների վերաբերյալ: Ըստ այդ զեկույցի, 2009-2013 թվականներին աշխարհում ներկրված սպառազինությունների 1.6 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին: Եվրոպայում Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով երկրորդ տեղում է եւ փոքր-ինչ է զիջում Մեծ Բրիտանիային: Ընդ որում, վերջին 4 տարիներին ներկրված զենքի 80 տոկոսը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից:

Այս առնչությամբ  մարտի 19-ին Aravot.am-ի հետ զրույցում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց. «Մենք շատ-շատ բարդ վիճակում ենք: Ռուսաստանը հեշտ բացատրություն ունի՝ թե մերը լավն է, մերը պիտի առնեն, մերը չառնեն՝ ուրիշինը պիտի առնեն, ձեր համար ի՞նչ տարբերություն: Առնողը վերջիվերջո առնելու է»:

Ըստ Լեւոն Բարսեղյանի, հույս դնել ռազմավարական դաշնակիցների վրա կոպիտ սխալ է. «Պատմությունը մի քանի օրինակներ ունի, որոնցով ապացուցվել է՝ որեւէ դաշնակից պարզապես գեղեցիկ աչքերի համար չէ, որ դաշնակցում է: Ինքն իր շահն ունի: Իշխանությունն է պարտավոր իմաստուն լինել, բայց, ինչպես տեսնում ենք, մեզ այդպիսին չի տրված: Ովքեր զավթել են ՀՀ իշխանությունը, այդ որակներով աչքի չեն ընկնում: Ինչ էլ թելադրի ռազմավարական դաշնակիցը, այդպես էլ կանի Սերժ Սարգսյանը: Վկա՝ սեպտեմբերի 3-ի շրջադարձը: Վաղը, որ հանկարծ Պուտինը Սերժ Սարգսյանին կանչի Մոսկվա եւ ասի, որ դուք կմտնեք, ասենք, Օվկիանիայի երկրների ցանկը, Սերժ Սարգսյանը Կրեմլում ասուլիս կտա, կասի, որ ՀՀ-ն ցանկություն է հայտնել միանալ  Օվկիանիայի միությանը, ի՞նչ է եղել որ: Մենք շատ անհեթեթ, անմեղսունակ իշխանություն ունենք: Սպասել, թե այս մարդիկ ռազմավարական դաշնակցի հետ հավասար դաշնակցություն են անելու՝ չէ, չի լինելու: Թելադրողի եւ վասալի հարաբերություններ են: Որ ադրբեջանցիները քոռ-քոռ էլ փորձեն այդքան զենք-զինամթերքը Հայաստանի դեմ օգտագործեն, հասկանալի է՝ խելացի ենք, հմուտ ենք, փորձ ունենք, հաղթած ենք, բայց էլի ահռելի վնաս է տալու մեզ: Այդպե՞ս է ձեր ռազմավարական դաշնակցությունը:

Ըստ զեկույցի, Ադրբեջանը ՌԴ-ից 2 «S- 300» տիպի հրթիռային համակարգ է գնել, 94  «T90S» տանկ, 20 «Mi-35M» ռազմական ուղղաթիռ, 100 «BMP-3» զրահամեքենա եւ այլ ծանր զրահատեխնիկա: Բելառուսից էլ գնել է 25 «ՍՈՒ -25» ռազմական ինքնաթիռ, 93 «T-72M1» տանկ: Ուկրաինայից՝ 2 « MiG-29» ռազմական ինքնաթիռ եւ 12 «Mi-24G» ռազմական ուղղաթիռ:

Մեր հարցին՝ այդքան զենք-զինամթերքը Ադրբեջանը ձեռք է բերել մեր ա՞չքը վախեցնելու համար, թե՞ կարող ենք ենթադրել, որ իսկապես լրջորեն պատրաստվում է պատերազմի՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Ես իմ 100 տոկոսանոց համոզմունքն ասեմ՝ իրենք չեն կարող խոշոր հաշվով պատերազմել Հայաստանի դեմ: Չեմ ուզում ասել, որ մենք աստվածային ազգ ենք, բայց մենք մեր լուրջ աշխարհագրական, բարոյական նվաճումներն ու դիրքն ունենք: Դա հավերժական չէ եւ անսահմանափակ չէ: Հայաստանի Հանրապետությունն էլ է զենք գնում եւ ճիշտ է անում, պարզապես այն մանրամասնությամբ չգիտենք, ինչ գիտենք Ադրբեջանի մասով: Անկախ գնումների ծավալից, աշխարհաքաղաքական դասավորումների մեջ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ եւ ահագին երկար ժամանակ դեռ պատրաստ չի լինի փորձել ռազմական ճանապարհով տեղաշարժ անել դաշտում: Շատ հանգամանքներ եմ հաշվի առնում՝ սկսած էթնիկ բազմազանությունը, տնտեսության կոռումպացվածությունը, մեկ ուղղությամբ զարգանալը՝ նավթ, գազ, պետության կոռումպացված համակարգը: Մերինից ավելի ծանր վիճակում է այդ երկիրը: Ռիսկ չեն անելու: Տեսանելի հեռանկարում առայժմ ես չեմ նկատում, որ այդ զենքը կարող է ուղիղ աշխատեցնել: Բացառված չէ, որ այդ գնումներում ահռելի կոռուպցիա կա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ընդամենը ուզում են առանց արյունի ետ ստանալ այն ինչն արյամբ եք նվաճել:Սուտ մուտ գլուխ գովալով չէ, զոհեր տալով չէ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31