Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Սևադա. «Նույնիսկ մի ցուցասրահ չկա Գյումրիում, էլ ինչ նկարչական դպրոցի մասին կարող է խոսք լինել»

Մարտ 20,2014 13:10

«Գյումրիում աղետը մեծ ավերածություններ գործեց նաև մշակութային օջախների առումով: Նրանց մի մասը վերականգնվել են պետական և բարեգործական ծրագրերով, բայց, չգիտես ինչու, քառորդ դար անց մոռացության է մատնված հարուստ ավանդույթներ ունեցող, անցած դարի սկզբին Անդրկովկասում համար 1 համարվող Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վերականգնումը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վարազդատ Ավոյանը:

«Մեր խնդիրն էր այս մշակութային օջախի վերականգման հարցը բարձրացնել հասարակական հնչեղության»,- հավելեց պրն Ավոյանը:

Նա նշեց, որ այդ կապակցությամբ իր մեկ անգամ արդեն կազմակերպել են ցուցահանդես: Այն տեղի է ունեցել 2013 թվ.-ի դեկտեմբերին Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում: Ցուցահանդեսին ներկայացվել են 110  հեղինակների ավելի քան 160 աշխատանքներ: Վաճառվել է 4 աշխատանք, որից ստացել են 700 000 դրամ:

Երկրորդ ցուցահանդեսը անցկացվելու է Ազգային ժողովի ցուցասրահում: Այս դեպքում ներկայացվելու են «հանրաճանաչ հեղինակների հանրաճանաչ գործերը», մոտ 30-35 նկարիչ և 40-50 ստեղծագործություն: «Նպատակն է ոչ թե որպես սովորական ցուցահանդես-վաճառք դիտելը, այլ խնդիրը բարձրացնելը հանրապետության օրենսդիր մարմնում և լուծում ակնկալելը»,- ասաց պրն Ավոյանը: Ցուցահանդեսը կբացվի մարտի 24-ին ժամը 13.30-ին և կտևի մինչև մարտի 28-ը:

Ակումբի մյուս հյուրն էր գեղանկարիչ Սամվել Սևադան, որը այդ դպրոցի շրջանավարտ է եղել: «Երկրաշարժից հետո երբ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, էնտեղ ես ինքս նկարչական դպրոց բացեցի: 1-2 տարի անց դպրոցի սաների հետ որոշեցինք օգնել Գյումրիի նկարչական արդեն ավերված դպրոցին և էնտեղ ցուցահանդես-վաճառք կազմակերպեցինք: Ստացված գումարն ուղարկվեց դպրոցին: Հետո ցուցահանդեսով եկանք Հայաստան, Գյումրիում էլ նորից ցուցահանդես բացեցինք»,- ասաց պրն Սևադան:

Նա նշեց, որ մարզպետը և քաղաքապետը համաձայնել են նոր շենք տալ, քանի որ նախկին շենքն արդեն սեփականաշնորհված է, և դպրոցն իր դասերն անցկացնում է Գյումրու գրադարաններից մեկի երկրորդ հարկում: «Գյումրին, որ արվեստագետների օրրան է, այսօր կանգնած է էդպիսի փաստի առաջ: Նույնիսկ մի ցուցասրահ չկա էդ քաղաքում, ինչ նկարչական դպրոցի մասին կարող է խոսք լինել»,- հավելեց պրն Սևադան:

Նա նշեց, որ ցուցահանդես-վաճառքներից ստացված գումարը կտրամադրվի դպրոցի կահավորմանը, այլ ոչ թե հիմնադրմանը:

Պրն Ավոյանը հավելեց, որ ցուցադրությունները շարունակվելու են: Նախ կլինեն ցուցադրություններ Երևանում, հետո Գյումրիում, այնուհետև նաև արտերկրում: «Մենք չենք ուզում, որպեսզի սառչի խնդիրը»,- ասաց պրն Ավոյանը:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31