Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ Արմեն Ղազարյանը` «ԵՄ-Եվրոպա նոստրա» միջազգային մրցանակի դափնեկիր

Մարտ 21,2014 13:08

Երեկ` 2014թ. մարտի 20-ին, Եվրոպական միությունը և «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը Հաագայում ներկայացրել են մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Երեսուն երկրներից ներկայացված 160 նախագծերից մրցանակի են արժանացել 27-ը: Միջազգային ժյուրիի որոշմամբ, ավելի ուշ, մրցանակակիր 27 նախագծերից 6-ին կշնորհվի Մեծ մրցանակ` յուրաքանչյուրին 10 հազար-ական եվրո գումար:

Մրցույթի շրջանակում «Եվրոպա նոստրա» ամենամյա մրցանակի են արժանացել ԵՄ կողմից 2007-2013թթ. իրականացված ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրին ոչ-մասնակից եվրոպական 2 երկրներից /Ռուսաստան, Շվեյցարիա/ ներկայացված նախագծեր ևս: Վերջիններիս թվում, «Ուսումնասիրություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել նաև Մոսկվայի Արվեստաբանության պետական ինստիտուտի աշխատակից, ճարտարապետության դոկտոր, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության անդամ Արմեն Ղազարյանին` «Հարավային Կովկասի 7-րդ դարի եկեղեցական ճարտարապետությունը» քառհատոր ուսումնասիրության համար: «Եվրոպա նոստրա»-ի կողմից երեկ տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ժյուրին տպավորված է այս գիտական ուսումնասիրության և վերլուծության արդիական նշանակությամբ: Այն ընդգրկում է 7-րդ դարում Հարավային Կովկասում քրիստոնեական ճարտարապետության համալիր զարգացումը, սահմանում է ժամանակագրությունը, բացահայտում ճարտարապետության մեջ միջնադարյան պատկերագրության սկզբունքները տարածաշրջանում և այլուր Եվրոպայում: Այս ուսումնասիրության մեջ օրինակելի են մեթոդաբանության ճշգրտությունը և եզրահանգումների խորությունը «:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2014թ. մայիսի 5-ին` Վիեննայում, Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի բարձր հովանու ներքո:

«ԵՄ-Եվրոպա նոստրա» ամենամյա մրցանակաբաշխությանը Հայաստանի Հանրապետությունից մասնակցության 1-ին հայտը ներկայացվել է 2012թ. և արժանացել պատվոգրի` «Անհատի կողմից օրինակելի ներդրում» անվանակարգում:

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31