Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ «կնվաճի» Ազատության հրապարակը՝ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը

Ապրիլ 04,2014 14:53

Կրեմլը այդ ո՞ր հարցում Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություն ունի
Առաջիկայում ակնկալվում է «ոչ իշխանական» չորս ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» առաջնորդների հանդիպում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հայտնել են, որ քննարկում են չորս քաղաքական ուժերի ղեկավարների հանդիպման հետ կապված հարցերը։ Բացառված չէ նաեւ, որ ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում անցկացվելիք շուրջօրյա հանրահավաքներում Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Հրանտ Մարգարյանը ելույթ ունենան: Մինչեւ երեւանյան եռօրյա հանրահավաքների անցկացումը` հավաքներ են կազմակերպվելու նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։ Չորս կուսակցությունները արդեն քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքային խմբեր են ստեղծել:

Այսպես, հայաստանյան իրականությունում քաղաքական ուժերի կողմից մշտապես շահարկվող ժողովրդի պատգամը, թե հասարակությունը քաղաքական ուժերից միավորում է ակնկալում` դարձյալ իրագործվում է: Կախված հասարակական արձագանքից` եռօրյա ակտիվության առումով, քառյակը Ազատության հրապարակի առկայությամբ կարող է նոր օրակարգ ձեւավորել:

Քաղաքական գործընթացների ծավալման, շարունակականության ապահովման համար այս գործընթացը՝ անկախ արդյունքից, դրական է, որովհետեւ այն հանգեցնելու է «ջրերի զուլալման»: Այս գործընթացի արդյունքում, ի վերջո, վերջակետ է դրվելու բոլոր հարցականների վրա, եւ հասարակության համար ամեն ինչ ավելի հստակ է դառնալու:
Քառյակի «կոնսոլիդացիան» կամ Գագիկ Ծառուկյանի «իվանիշվիլիացմանն» է նպաստելու, որն ամենեւին էլ չի նշանակում Սերժ Սարգսյանի իշխանության բուրգի «կազմաքանդում» կամ Ազատության հրապարակը «նվաճելու» է Ռոբերտ Քոչարյանը` ժամանակի ընթացքում չսահմանափակվելով միայն գրասենյակի տարածած հայտարարություններով եւ իր ոչ պաշտոնական կայքին հարցազրույցներ տալով: Իսկ թե ինչ եւ ինչպես կպայմանավորվեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ դա արդեն քաղաքական գործընթացների հետ որեւէ կապ չունի:

Հաջորդ տարբերակը Սերժ Սարգսյանի խաղն է: Ազատության հրապարակի թեժացումը կարող է շարունակվել տարվա բարենպաստ եղանակներին` մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ, ինչը կնշանակի, որ քառյակի գործունեությունն էլ ի վերջո նպաստեց Սերժ Սարգսյանի երկրորդ իշխանավարման ավարտին:
Այժմ գանք արտաքին գործոնին, իսկ ավելի ճիշտ՝ հարցին, թե Մոսկվան ցանկանո՞ւմ է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել…

Այս հարցը հետեւողականորեն քննարկում են Կրեմլին «մոտ կանգնած» որոշ «վստահելի աղբյուրներ», սակայն որքան էլ նրանք այդ թեման թեժ պահեն, միեւնույն է՝ անհասկանալի է, թե ո՞ր հարցերում կարող են Սերժ Սարգսյանից դժգոհ լինել Ռուսաստանի իշխանությունները… Հայաստանի իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելո՞ւց են հրաժարվել, ՄԱԿ-ի ԳԱ-ում Ռուսաստանի շահերին հակասող քվեարկությո՞ւն են արել, թե՞ Ռուսաստանի քայլերն են Ղրիմի նկատմամբ դատապարտել… Մեր իշխանություններն արդեն մի քանի օր է նույնիսկ ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից զարմանալի համառությամբ շրջանառվող՝ Քեսաբում «հայերի գնդակահարությունների» մասին կեղծ տեսանյութն ու «80 զոհերի» տեղեկատվությունն անգամ չեն հերքում՝ այն դեպքում, երբ Քեսաբի քաղաքապետն արդեն մի քանի անգամ հերքել է, թե զոհեր են եղել Քեսաբում:

Հետեւաբար հետաքրքիր կլիներ լսել այս հարցի պատասխանը քառյակի ներկայացուցիչներից` Կրեմլը այդ ո՞ր հարցում Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություն ունի, որպեսզի օրակարգային դարձնի Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու թեման… Ցանկալի կլիներ, որ նշյալ հարցադրմանը պատասխանելիս չբերվի հայտնի «ջախջախիչ» հակափաստարկը` «նման հարցադրում անողները իշխանության ջրաղացին ջուր լցնողներ են»…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930