Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է «ուտում» երկաթուղայիններից բժշկական հետազոտության նպատակով գանձվող գումարները (Տեսանյութ)

Ապրիլ 28,2014 15:36

Օրերս գործադուլ հայտարարած Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները բավական հետաքրքիր մանրամասներ հաղորդեցին նաև բժշկական ստուգումների նպատակով իրենց աշխատավարձից ամեն ամիս հետ պահվող գումարների մասին:

Aravot.am-ի հետ զրույցում նրանք բողոքեցին, որ ոչ մեկը այլևս ուշադրություն չի դարձնում մեքենավարի առողջական վիճակի վրա, եթե նախկինում երկաթգծի հիվանդանոցն էր գործում, հիմա դա էլ փակեցին ու մտածում են շենքը վաճառելու մասին: Իսկ որ ամենազավեշտալին է, բժշկական ստուգման անցնելու նպատակով իրենց աշխատավարձից ամեն ամիս գումար են հետ պահում, բայց երբ մեքենավարները հետաքրքրվում են, թե որտե՞ղ գնան ստուգման, ո՞ր հիվանդանոցի հետ է «Հարավկովկասյան երկաթուղին» պայմանագիր կնքել, նրանց խորհուրդ են տալիս՝ «Ուր ուզում եք, գնացեք»:

«Իրենք ամեն ամիս 600 դրամ են մեզանից հետ պահում, թե բուժման ծախսերի համար է, պետականորեն նշանակում ու հետ են պահում, բայց որ հիվանդանոցն է , որ պոլիկլինիկան է, հեչ մարդ չգիտի, տված է Երևան, մի հատ պոլիկլինիկա, բայց ոչ անուն ունի էդ պոլիկլինիկան, ոչ հասցե: 10 տարի է` հետ են պահում փողերը, ուր գնաս, փող պիտի մուծես, որովհետև քեզ պետպատվեր չեն տալիս, երբ հարցնում ես` ո՞ւր գնամ, պատասխանում են `ուր ուզում ես քո հաշվին գնա: Ամիսը 600 դրամով 10 տարին հսկայական գումար է կազմում, բայց էսօրվա դրությամբ մատներս որ փուշ մտնի, չգիտենք որ պոլիկլինիկա է գնացել մեր փողը, որ գնամ ասեմ` ինչ կլինի էդ փուշը հանի: Թող էս սեկցիայի կես վագոնի չափ մի տեղ սարքեն, իմանանք էդ փողերը ո՞ւր կերթան, մենք չգիտենք մեր որ փողը ուր է գնում, պարախոդի նալոգ են պահում` 80-70 հազար է գրված, 26 տոկոս, 5 տոկոս էլ կուտակայինն է, ստացվեց 31 տոկոս, մեր փողի հալալ կեսը տալիս ենք իրենց, ինչի՞ համար:

Եվ մերը համարվում է ամենառիսկային մասնագիտությունը. եթե մտնենք մեր հերթապահ սենյակը, ռուսերեն խոշոր տառերով գրված է, կոմունիստական դարաշրջանից պահպանված `«Հիշիր, քեզ սպասում է ընտանիքդ», սա պատահական գրված չէ, թեթև սխալի դեպքում կարող է զրկվես կյանքից: Երկաթգիծը պետության մեջ պետություն է համարվել, որովհետև ունեցել է իր ամեն ինչը `իրա յուրիստով, իրա հիվանդանոցով, իրա ֆուտբոլի դաշտով: Յուրի Վարդանյանով էսօր պարծենում է համայն հայությունը, նա լոկոմոտիվային դեպոյի դաշտից է աշխարհի չեմպիոն դարձել, նա լոկոմոտիվից էր: Էսօր քանդեցին, գլխներիցս կտրեցին ամեն ինչ: Եթե մեքենավարը մի հատ պոեզդկա գնա, ինքը 8 ժամ դրանից հետո պարտադիր պիտի հանգստանա, բայց էսօրվա դրությամբ տուն չես կարող պահել, հոգսերի մեջ թաղված ես, ի՞նչ հանգստի մասին է խոսքը, բա սա անելու բա՞ն է », -բողոքեցին մեքենավարներն ու նրանց օգնականները:

Հիշեցնենք, որ նրանց բողոքի ակցիայից հետո երկաթուղայիններին ընդունել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը`քննարկել նրանց խնդիրները ու նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչներին հանձնարարել էր սեղմ ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Տեսանյութում՝ մեքենավարը խոսում է իրենց աշխատանքի վտանգների ու հիվանդանոց չունենալու մասին

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930