Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայի բախտ»՝ տիեզերագնացության ոլորտում

Մայիս 05,2014 14:47

«Գուրգեն Իվանյանը կարող էր լինել առաջին հայ տիեզերագնացը: 1968 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ Մստիսլավ Կելդիշը հատուկ հրամանագրով գործողության մեջ դրեց տիեզերական ծրագրերի պատասխանատու ղեկավար Սերգեյ Պավլովիչ Կորոլյովի դիմումը՝ շտապ կարգով գիտնականներ հավաքագրելու՝ տիեզերական թռիչքների պատրաստվելու համար… 1970 թվականին գիտությունների ակադեմիայի 700 թեկնածուներից ընտրվեց 3 գիտնական, որոնցից միայն Գուրգեն Աբելի Իվանյանին թույլատրվեց մասնակցելու տիեզերական թռիչքին: Սակայն թռիչքներից մեկի վայրէջքի ընթացքում երեք տիեզերագնացների զոհվելու փաստը անորոշ ժամանակով հետաձգեց գիտնականների թռիչքը, որից հետո երբեւէ որեւէ գիտնական այդպես էլ տիեզերք չթռավ:

Գիտնականների՝ դեպի տիեզերք թռիչքի ծրագիրը, որը ներկայացրել էր հորեղբայրս, 1965թ. հաստատվել էր ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կողմից»,- այս մասին Aravot.am-ին հայտնեց անվանի աստղաֆիզիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի եւ ռազմատիեզերական տեխնոլոգիաների հատուկ ծրագրերի գիտական ղեկավար Գուրգեն Իվանյանի եղբորորդին՝ ռեժիսոր Լեւոն Իվանյանը:

Նա ցավով հայտնեց, որ օրերս Սանկտ Պետերբուրգում կյանքի 74-րդ տարում իր մահկանացուն է կնքել մեծ գիտնականը:

Մեր զրուցակիցը հիշեց հորեղբոր միտքը, թե «Որեւէ գիտնական տիեզերագնաց չդարձավ, բայց փոխարենը շատ տիեզերագնացներ հետագայում դարձան բարձրակարգ գիտնականներ»:

Տիեզերքի նվաճմանը, որը մոտ կեսդարյա պատմություն ունի, մեր համերկրացին՝ Գուրգեն Իվանյանը, մասնակցել է, փաստորեն, առաջին իսկ օրից՝ ոչ միայն խորհրդային, այլեւ ԽՍՀՄ-ԱՄՆ համատեղ տիեզերական ծրագրերին:

Ի դեպ, խորհրդային երկիրը այդպես էլ չարտոնեց գիտնականների թռիչքը տիեզերք, փոխարենը ամերիկյան կառավարությունը թույլ տվեց դա, եւ 1989թ տիեզերք նվաճող առաջին գիտնականներից մեկը մեր համերկրացի Ջեյմս Բաղիյանն էր:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Իվանյան says:

    Ի դեպ կուզեի նշել նաև երկրորդ չկայացած տիեզերական թռիչքի մասին։ Խոսքը վերաբերում է 1990 թվականին նախաձեռնած ճապոնականական միջազգային տիեզերական ծրագրին, որտեղ Գուրգենը մասնակցում էր ոչ միայն որպես գիտնական, այլև որպես տասնյակ տարիների ՏԱՍՍ-ի թղթակից – և մոտ 600 միջազգաին մասնակիցներից դաձյալ անցել էր բոլոր ստուգում-քննությունները։ Այս անգամ էլ սակայն «Լրագրողները՝ մանուկներին» տիեզերական ծրագիրը չիրականացավ։ 1970-ականներից մինչև մոտ 2000 թվականը մեր ընտանիքը ամեն տարի և տարին մի քանի անգամ սպասում էինք Գուրգենի թռիչքին, որն այդպես էլ չիրականացավ – ոչ միայն իր, այլև մեր գերդաստանի և ի վերջո – մեր ողջ ժողովրդի համար։ Միևնույն է՝ գոնե մեր ողջ գերդաստանի համար- տիեզերագնաց – նշանակում է Գուրգեն Իվանյան։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031