Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական դասականի ճակատագիր»

Նոյեմբեր 18,2023 12:00

Այվազյան-Վերդիյան. մեծից փոքր գրականությամբ ու կինոյով ապրող արվեստագետների ընտանիքը՝ «Նարեկացիում»

Տեղեկատվական հեղեղի մեր ժամանակներում թվում է՝ ամեն ինչ գիտենք, բայց ամեն օր հայտնաբերում ենք զարմանալի իրողություններ, որոնց մասին վաղուց պիտի իմանայինք։ Ոչ միայն մեզ համար, վստահ ենք՝ արվեստի ու մշակույթի ոլորտից շատերի համար նորություն կլինի այն, որ միայն ճանաչված արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ Աղասի Այվազյան եւ Գրետա Վերդիյան ամուսինները չեն, որ իրենց նվիրել են արվեստին, գրականությանն ու կինոյին, այլեւ նրանց զավակները։ Այսպես. նրանց դուստրը՝ Կարինե Վերդիյան-Կոսմոլը Մոսկվայի ՎԳԻԿ-ն ավարտելուց հետո սցենարական եւ կինոռեժիսորական լայն գործունեություն է ծավալել Ռուսաստանում, Գերմանիայում, ավելի քիչ՝ նաեւ Հայաստանում, թողարկելով կինոպատմվածքների իր  ժողովածուն։ Իրենց մասնագիտական կրթությամբ ու գործունեությամբ ամբողջովին կինոարվեստին են նվիրվել թոռները. Կարինեի զավակները՝ կինոռեժիսոր Ֆելիքս Վերդիյանը, մեզ մոտ եւ Ռուսաստանում հայտնի ռեժիսոր, ՎԳԻԿ-ի շրջանավարտ Նիկա Շեկը եւ ներկայումս Գերմանիայում ճանաչում ձեռք բերած կինոռեժիսոր-վավերագրող, Եվրոպայում նոր ուղղություն որդեգրող շարժման՝ Կինոժուռնալիստիկան՝ որպես վավերագրական ֆիլմ-հայեցակարգի ավանգարդիստ ջատագովներից մեկը՝ Մարգարիտա Վերդիյան-Կոսմոլը, որը եվրոպական կինոփառատոների ակտիվ մասնակից է, հասցնում է որոշակի գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում։ Ինչ վերաբերում է Աղասի Այվազյանի գործունեությանը, այդպես էլ մեզանում ոչ ոք չկարողացավ համախմբել բազմատաղանդ արվեստագետի չափազանց բեղմնավոր ու անհավանական լայն գործունեությունը։ Նույնիսկ Այվազյանի գործունեության նվիրյալ Գրետա Վերդիյանը, ում երազանքն էր ստեղծել «Այվազյանական կենտրոն», այդպես էլ չկարողացավ իրականացնել այն։ Բավական է միայն ասել, որ Աղասի Այվազյանն անդամակցում էր բոլոր մշակութային միություններին՝ գրողների, կինոգործիչների, նկարիչների, ժուռնալիստների եւ անգամ մարզական մի քանի կազմակերպությունների (ավարտել էր նաեւ ֆիզկուլտ ինստիտուտը)։

Մտմտում էինք՝ անդրադառնալ Այվազյան-Վերդիյան ընտանիքին, երբ տեղեկացանք, որ «Նարեկացի» արվեստի միության դահլիճում նոյեմբերի 20-ին կկայանա երեկո՝ նվիրված մշակութային այս ընտանիքի գործունեությանը։ Երեկոյի կազմակերպիչ, ռեժիսոր Լեւոն Իվանյանն էլ հայտնեց, թե կայանալիք միջոցառմանը տեսաշարերով կներկայացվեն Աղասի Այվազյանի բազմաժանր գործունեությունը, Գրետա Վերդիյանի անսահման նվիրվածությունն արվեստին, կրթական գործին։ Կներկայացվեն Կարինե Վերդիյան-Կոսմոլի եւ Նիկա Շեկի, Ֆելիքս Վերդիյանի եւ Մարգարիտա Վերդիյան-Կոսմոլի ֆիլմերից հատվածներ։

«Մահկանացուն կնքելուց հետո առաջին անգամ կբացվի Աղասի Այվազյանի նկարների անհատական ցուցահանդեսը եւ կկայանա Գրետա Վերդիյանի պիեսների եռահատոր ժողովածուի շնորհանդեսը,- հայտնեց Լեւոն Իվանյանը, հավելելով,- իսկական դասականի ճակատագիր. այն, ինչ նրանք չկարողացան տեսնել կյանքի օրոք, մենք կտեսնենք՝ իրենց հավերժի ճանապարհը գնալուց հետո»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930