Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ազգային ժողովի նախագահին

Մայիս 05,2014 16:37

Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին:

Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Նորին Սրբությունն արգասաբեր գործունեություն մաղթեց նրան: Անդրադառնալով ժողովրդի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերներին` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահը և ԱԺ պատգամավորները, լինելով ժողովրդի ձգտումների ու սպասումների արտահայտողը, պետության և ժողովրդի շահի բարձր գիտակցությամբ, օրենսդրական կարգավորումներով բարի արդյունքներ պիտի ապահովեն երկրի առաջընթացի, ժողովրդի արժանապատիվ և բարօր կյանքի կերտման ճանապարհին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաև Հայ Եկեղեցու` որպես ազգային բացառիկ կառույցի համախմբող դերակատարությանը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց Հայ Եկեղեցու և ՀՀ Ազգային ժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ ԱԺ նորընտիր նախագահը, իր հերթին բարձր գնահատելով Հայոց Եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում, անհրաժեշտ նկատեց համատեղ ջանքերի ներդրումը` հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար: Ամենայն Հայոց Հայրապետն ու ԱԺ նախագահը կարևորեցին Մայր Աթոռի և ՀՀ Ազգային ժողովի հետագա համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը վերստին Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԱԺ նախագահին` պատասխանատու իր առաքելության մեջ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031