Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում, կառավարությունում տիրում է անբարոյականությունն ու թույլիկությունը». Արամ Մանուկյան

Մայիս 10,2014 13:05

Այսօր ՀԱԿ երիտասարդ կառույցի համագումարը սկսվեց հայտարարությամբ, որ իրենց կառույցը այսուհետեւ կկոչվի երիտասարդական կոնգրես: Համագումարին 203 պատվիրակ էր գրանցվել:

Երիտասարդական կոնգրեսական Արշակ Մուսախանյանն էլ նկատեց, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը իրենց հաղթանակն է. «Քաղբանտարկյալներին ազատ արձակելու մեր խնդիրը համարում ենք կատարված:  Եթե անդադար չաշխատեինք նրանց ազատ արձակման համար, Տիգրան Առաքելյանը կմնար բանտում, նրան կմիանային մեր մնացած երիտասարդները»:

Ընտրվել է արդեն հաշվիչ հանձնաժողով, որը կմասնակցի համակարգող խորհրդի ու կոնգրեսի բանաձեւի քվեարկությանը:

Նախքան քվեարկությունը, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երիտասարդ կոնգրեսականներին ոգեւորեց.  «Ամենահամարձակն ու ուժեղն եք, ամենակամքով լեցունն եք, այն, որ դուք պահում եք փողոցն ու հասարակության հույսը՝ դա հզոր առաքելություն է: Այն, որ նաեւ հանդուրժող ու համատեղ պայքարի կողմնակիցն եք՝ դրա ապացույցն է,  բայց կա մի խնդիր՝ այս կամքն ու համառությունը թույլ է տալիս գալ իշխանության, մենք գալու ենք, որովհետեւ այսպիսի թիմին հնարավոր չէ իշխանությանը չգալ: Հաշվեք այս պահին իշխանության ենք ու պետք է ձեւավորենք իշխանություն, ունենալու ենք դժվարություններ: Հաճախ մեզ համեմատում ենք իշխանական թեւի երիտասարդների հետ, որտեղ՝ Ազգային ժողովում, կառավարությունում տիրում է թույլիկությունը, անբարոյականությունը, նենգությունը, խեղճությունը: Այսօր վարկաբեկվածը ղեկավարում  է իշխանությունը: Մենք գալիս ենք  գրագետ կադրերով, իշխանություն ձեւավորելու կադրերով ու պայքարելու ենք անգրագիտության դեմ»:

Պարոն Մանուկյանը կոչ արեց երիտասարդներին ամեն օր ինքնակրթվել. «Մեզնից շատերը բանտերում էին լեզու սովորում, մեզնից շատերը չկարողացան մասնագիտական վերապատրաստում ստանալ, բայց մեծ մասը ամբողջ ընթացքում ինքնակրթվել է : Ինքնակրթվեք, եղեք մրցունակ ոչ միայն հայաստանյան , այլեւ վաղվա եվրոպական միջազգային չափանիշներով:  Մենք գալիս ենք մեր ուժեղությամբ եւ գրագիտությամբ հաղթելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031