Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի

Մայիս 13,2014 17:55

Այսօր խորհրդարանում, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ  , վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում սպառվել է շաքարավազի մոտ 20 հազար տոննա, իսկ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 523,5 տոննա շաքարավազ։ Այնուհետև նախագիծը ներկայացնող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց. «Եթե հաշվի ենք առնում նախկին ծավալները եւ հանում ենք, ստացվում է, որ մեր երկրում շաքարավազի դեֆիցիտը կազմել է 15 հազար տոննա: Այսինքն` հունվար, մարտ ամիսներին մեզ չի բավականացրել15 հազար տոննա շաքարավազ։ Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանում շաքարավազի բուն հերթեր չեն եղել և խանութներում շաքարավազը նորմալ վաճառվել է։ Հիմա ասում են, որ Հայաստանում արտադրվել է շաքարավազ եւ դեֆիցիտն այդպես է ծածկվել։ Բայց դարձյալ, պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվար- մարտ ամիսներին, ընդհանրապես շաքարավազ չի արտադրվել, փոխարենը` ներկրվել է 30 807 տոննա շաքարի հումք։ Այսինքն` հումք ներկրվել է, բայց շաքար չի արտադրվել։ Այստեղից չենք կարո՞ղ արդյոք եզրակացնել, որ շաքարի հումքի փոխարեն ներկրվում է շաքարավազ և այսպես արվում է, որպեսզի մաքսատուրքեր, հարկեր չառաջանան»:

Պատգամավորը նկատեց, որ դա միլիարդավոր դրամների շրջանառություն է, և նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ երևում է, որ այստեղ կա կոռուպցիոն ռիսկ։ «Ինչպե՞ս եք մեկնաբանում այս թվերը և ի՞նչ ասոցացիա են առաջացնում ձեր գիտակցության մեջ կապված տատիկների ու պապիկների հետ, որոնց մասին այս զեկույցում մի քանի անգամ հիշատակեցիք: Շաքարավազի ներկրման շուկայում գոյություն ունեցող ստվերը կրճատելու պարագայում` կարելի՞ է տատիկների ու պապիկների սոցիալական վիճակը բարելավել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Վախթանգ Միրումյանը բավական երկար պատմեց, որ ստվերի դեմ պայքարն իրենք հետևողականորեն իրականացնում են և պատգամավորների դատին ներկայացված օրինագիծը հենց դրա շրջանակներում է:

«Ես այս պահին չեմ տիրապետում վիճակագրությանը։ Բայց թվերի համար հնարավորություններ են առկա, մասնավորապես, կարող է, որ փոխարինում է տեղական արտադրությամբ, պետք է նկատի ունենալ նաև, որ ՀՀ ներմուծվող շաքարավազն օգտագործվում է ոչ միայն վերջնական սպառման նպատակով, այսինքն` բնակչության սպառման նպատակով, այլ նաև զգալի մասն օգտագործվում է արտադրական սպառման նպատակով։ Այսինքն՝ այն, որ ներկայացրիք 20 000 տոննա, դա հասարակության կողմից սպառում է, ինչպես նաև արտադրական սպառում։ Եթե համաձայն կլինեք, վերլուծությունը կկատարենք, հետո հնարավոր կլինի քննարկել»,- պատասխանեց բանախոսը։

Պատգամավորը հակադարձեց. «Պարոն Միրումյան, որպես ստվերի դեմ պայքարի մարտիկ, պետք է որ տիրապետեիք վիճակագրությանը»: Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյային հիշեցրեց, որ 2007-ին կատարված օրենսդրական փոփոխությամբ շաքարի հումքը չի հարկվում ու հավելեց. «Հիմա որպեսզի վերջակետ չդնենք այս խնդրին, թվերին ծանոթացեք, բոլորը պաշտոնական վիճակագրություն է, եւ եթե կարելի է երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացրեք ձեր մեկնաբանությունը»:

ԱԺ նորաթուխ ընդդիմադիր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նկատեց, որ իր համար տարօրինակ է` ինչո՞ւ է այդքան հրատապ կերպով ու առանց համապատասխան քննարկումների նման լուրջ օրինագիծ բերվում խորհրդարան. «Ես, որպես տատիկ, պետք է ասեմ, որ մեր մտահոգությունը փոքրիկներն են, մենք նրանց համար կաթ ենք գնում, իսկ այդ պիտակը (վերահսկիչ կնիք) փակցնելու դեպքում կաթնամթերքը կթանկանա»:

Ի դեպ, ըստ նախագծի, ապրանքի վրա փակցվող վերահսկիչ կնիքն արժե 3.5 դրամ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031