Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի ծրագրի ականջները

Մայիս 23,2014 14:50

Ես ինքս ինձ խոսք էի տվել սպասել 100 օր եւ նոր միայն անդրադառնալ նորաթուխ վարչապետին (իբրեւ վարչապե՛տ նորաթուխ, իսկ ընդհանրապես՝ լավ էլ հնաբնակ է) ու նրա գործունեությանը: Բայց մայիսի 20-ին կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանն էնպիսի բաներ ասաց, որ Երեւանի բոլոր գրիլ-ապարատներում հանգիստ իրենց համար շուռումուռ եկող չաղլիկ հավիկները ծիծաղից կրկին մեռան: Դե, ես էլ չդիմացա դրանց (հավիկների թմբլիկ տեսքի չէ, Հովիկ Աբրահամյանի ասածների) մասին գրելու գայթակղությանը:

Եվ այսպես, ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ աշխատող մարդն ասաց. «Եթե ես շատ հակիրճ բնութագրեի կառավարության՝ ձեր դատին ներկայացվող ծրագիրը, ապա այն կանվանեի առաջին հերթին իրատեսական, խստապահանջ եւ ականջալուր: Իրատեսական՝ խոստումների եւ ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների եւ երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, եւ ականջալուր՝ հանրային մտահոգությունների եւ քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ» (տե՛ս ):

Երկակի ստանդարտներին, համոզված եմ, մամուլը մեկ անգամ չէ, որ դեռ կանդրադառնա, իսկ մենք էլ ականատես կլինենք «հավասարությանը» եւ հավասարների մեջ ամենահավասարների եւ առավել հավասարների բազմաթիվ արտոնություններին: Բայց եթե անգամ մամուլը գրի երկակի ստանդարտների մասին՝ Հովիկ Աբրահամյանը ականջալուր կլինի՞ դրան…

…Ես արդեն պատկերացնում եմ, թե հայելու առաջ իր տեքստը փորձարկելիս որքան է չարչարվել խեղճ մարդը՝ այդ ականջալուր բառը հստակ արտասանելու համար: Բայց ինքը մեղավոր չէ, մեղավորը իր խորհրդականներն են, որ էդպես դժվար բառեր են գործածում տեքստում: Եվ ես էստեղ միտում եմ տեսնում. նրանք հաստատ նպատակ են ունեցել վարկաբեկելու մեր իմաստուն վարչապետին:

Իսկ հիմա՝ հարց. տեսնես Հովիկ Աբրահամյանը մինչ այս պահը կյանքում լսե՞լ էր էդ «ականջալուր» բառը, թե՞ պարզապես «ականջից բամբակը հանել» եւ «ականջները կախ» «ականջալուր է եղել» խորհրդականների «ականջականչին» եւ նրանց ասածները «ականջի քամակ չի գցել…»:

Հովիկ Աբրահամյանի գործը հեշտացնելու համար ներկայացնեմ, թե ինչ է նշանակում «ականջալուր»: Թող իմանա, էլի, մարդը:

Ըստ Էդվարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»՝
ԱԿԱՆՋԱԼՈՒՐ, ած, 1. անձամբ՝ իր ականջով լսած՝ լսող: 2. Փխբ. ականջները սրած՝ լարած (տե՛ս՝ , էջ 32):
Իսկ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանն էլ տալիս է՝ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ԼԻՆԵԼ – լսող լինել, անսալ (տե՛ս  , էջ 43):
Այսպիսով, ստացվում է, որ կառավարության ծրագիրը լսող է, ականջները սրած է, անձամբ՝ իր ականջով լսած է:

Այ քեզ զարմանք բան. կառավարության ծրագիրը, պարզվում է, այդպիսին է, սակայն ինքը՝ ծրագիրը ներկայացնողը՝ ոչ: Ինքը՝ Աբրահամյանը, ոչ միայն ականջալուր չէ, այլեւ ականջալուր չի լինում հասարակությունից եկող ձայներին, ավելին՝ դրանք ականջի հետեւ է գցում: Օրինակ՝ խոստովանում է, որ նախկին վարչապետին առնչվող օֆշորային սկանդալի մասին ոչ մի կոնկրետ բան չի կարդացել «Հետքում»: Այո, երեւի հարկ է, որ էս պահին ինքը ականջը քորի: Զի դա արդեն նշանակում է, որ նրա ականջը պինդ է: Կամ ավելի շուտ՝ չի լսում էդ «փիս-փիս» բաները, որ ականջը դինջ ապրի:

Ամբողջ Հայաստանը նրա ականջի մեջ զուռնա է փչում, որ իր կառավարության ֆինանսների նախարարը ամենահարուստ օլիգարխն է, իսկ ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանի բիզնեսների մասին չի լսել (տե՛ս ), դե, այսինքն՝ դա իր ականջին չի հասել: Եվ գիտե՞ք ինչու. ականջները չի սրել, որ լսի:

Ստիպված ենք ասել՝ լսելու համար ականջալուր լինելը, այսինքն՝ ականջները սրելը, քիչ է: Հարկ է ականջները պարբերաբար մաքրել, ու հարկ է նաեւ ականջի մեկը՝ մաղ, մյուսը՝ խախալ չշինել:

Իսկ ընդհանրապես, ինչ ուզում ես՝ արա, ինչ բառերով էլ ուզում ես՝ բնութագրիր կառավարության, այսպես կոչված, ծրագիրը, միեւնույն է՝ այդ ծրագրի հետեւից ցցվում են ականջները կոռուպցիայի եւ թալանի: Այն թալանի, որին մաս կազմելով միայն կարելի է Ազգային ժողովի պատկերով դղյակ կառուցել: Եվ եթե Հովիկ Աբրահամյանը ականջներից խեղճ չէ, ապա հաստատ կլսի սա եւ ականջին օղ կանի:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.- Հոդվածում շեղատառերով նշված եւ «ականջ» արմատով կազմված բոլոր բառերն ու դարձվածները վերցված են բառարաններից: Եթե Հովիկ Աբրահամյանը կամ նրա խիստ իմաստուն խորհրդականները ցանկանան հասկանալ դրանց նշանակությունը, թող պարզապես թերթեն այդ բառարաններն ու գիրկապ անելով կարդան համապատասխան հոդվածները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031