Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Նախագահը գնացել էր ի՞նչ անի, Արցախը հանձնի՞»

Մայիս 30,2014 17:14

«Հայտարարությունները դեռ ոչինչ չեն նշանակում: Քանի՜ հայտարարություն է եղել, որ մայիսին Հայաստանը դառնալու է Եվրասիական միության անդամ»-Aravot.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 30-ին, այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն այն դիտարկմանը, որ երեկ արած իր կանխատեսումը , թե Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, իսկ Եվրասիական միությանն անդամակցության բուն հարցը կտեղափոխվի մինչև աշուն:

«Եթե կան այսպիսի խոշորագույն խնդիրներ եւ Սերժ Սարգսյանն ասում է, որ դրանք երկու օրվա ընթացքում կլուծվեն, դուք հավատո՞ւմ եք, որ կլուծվեն: Ես չեմ հավատում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ նույն կերպ ապրիլի 29-ից առաջ էին հայաստանցի պաշտոնյաները հայտարարում, որ Մաքսային միությանն անդամակցության փաստաթուղթը կստորագրվի: «Տեսնելով խնդիրների եւ վիճակի բարդությունը, ես վստահ չեմ, որ հունիսի 15-ին Հայաստանի հետ որեւէ փաստաթուղթ է ստորագրվելու: Դրվելու է պայման, որը Հայաստանի կողմից չի կարող բավարարվել»,- կարծում է Ստեփան Սաֆարյանը:

Փոխարենը, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը լավատես է: Aravot.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, որ Հայաստանի նախագահը մինչեւ հունիսի 15-ը ժամանակ խնդրեց՝ տեխնիկական հարցերի կարգավորման համար եւ պարզվեց, որ այդ «տեխնիկական հարցն» Արցախի հարցն է, քաղաքագետը նկատեց. «Ես կարծում եմ, որ Արցախի հարցը տեխնիկական հարց չի կարող լինել եւ ես դեմ եմ այդ հարցի արծարծմանն ու շահարկմանը: Այդ հարցը Հայաստան-ՌԴ, ավելի կոնկրետ՝ Պուտին, հարաբերության մեջ կարգավորվում է: Անկախության ճանաչում չկա, որ մենք ասենք՝ էսպես, էնպես: Դրա համար պետք չի շահարկել, դա ձեռնտու է Արեւմուտքի հաշվով այդ կերպ վարվել»:
Քաղաքագետը վստահ է, որ ՌԴ նախագահը հարցի լուծման մի ձեւ կգտնի, իսկ մենք՝ «պարտավոր ենք մի քիչ էլ հավատանք մեր նախագահին»: «Նախագահը գնացել էր ի՞նչ անի, Արցախը հանձնի՞»,- տարակուսեց նա՝ հավելելով, որ ինքը գրեթե վստահ է՝ անցյալ տարի, սեպտեմբերի 3-ին, Կրեմլում, Արցախի մասով Սերժ Սարգսյանին որոշակի երաշխիքներ տվել են: «Հարցը սկզբունքորեն քննվել է, իսկ ինչպե՞ս կլուծեն՝ տեխնիկական հարց է եւ ոչ ոք չի կարող իմանալ ի սկզբանե: Բայց, «տաքացնելը» մեր ազգային շահի տեսակետից սխալ է. Ղազախստան կա, Թուրքիա կա, բան կա…մենք կարող ենք փչացնել գործը: Եթե նախագահը հանգիստ է այդ հարցում, ուրեմն, պետք է ենթադրենք, որ մի բան կա: Պուտինը ոնց ասել է՝ այդպես էլ լինում է, այդպես էլ լինելու է ու թե Ադրբեջանն ի՞նչ կանի, Ղազախստանն ի՞նչ կանի… էդ ամենը գին են բարձրացնում, ռուսների հետ հարաբերվում են, վարձն են ուզում, մեր անունով խոսում են՝ իրենց գինն են բարձրացնում: Քաղաքականությունն էդպես է, մանավանդ, դրանք արեւելյան ժողովուրդներ են, բազարի են վերածում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031