Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին Օմբուդսմենը ՝ Լեւոն Տեր -Պետրոսյանի սխալների ու Նազարբաեւի հայտարարության մասին

Մայիս 30,2014 17:19

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է՝ ՄԱԿ-ին անդամակցելիս Հայաստանի սահմանների հստակեցման խնդիր չի դրվել:
«Չկա նման բան: ՄԱԿ-ը չունի սահմանները հաստատելու գործառույթ.» ,- Aravot.am-ին ասաց տիկին Ալավերդյանը՝ անդրադառնալով երեկ Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ նա Եվրասիական միությանն անդամակցելու համար Հայաստանին ներկայացրել էր առանց Ղարաբաղի, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով անդամակցելու նախապայմանը:

Նա չի ցանկանում մեկնաբանել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պնդումը, թե Լեւոն Տեր- Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը 22 տարի առաջ ստորություն են արել, որ ՄԱԿ-ում գրանցվելիս չեն խոսել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին. «Չեմ ցանկանում մտնել բանավեճի մեջ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ինչով են մեղավոր, բայց պետք է պարզաբանվի՝ 1991-ին գնացել ենք ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացմանը Հայաստանին, այլ բռնել ենք երկու անկախ հանրապետություն ունենալու ճանապարհը: Այս առումով ավելի կոպիտ սխալներ կային առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, որոնք կարելի է արձանագրել: Բայց պետք է հստակեցնեմ նաեւ, որ Հայաստանը, երբ միանում էր ՄԱԿ-ին, արդեն իրեն հռչակել էր անկախ պետություն՝ առանց Ղարաբաղի»:

Տիկին Ալավերդյանը քաղաքական շահարկում է համարում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի նման նախապայմանը. «Ղարաբաղը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, բայց միջազգային իրավունքի սուբյեկտ է ու միջազգային իրավունքի ոչ մի նորմ չի խախտել: Երբ 2010-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դիմել է Կոսովոյի հարցով միջազգային դատարանին՝ հարցադրմամբ՝ արդյոք պետության առանձնացումը առանց մետրոպոլիայի համաձայնության հակասո՞ւմ է միջազգային իրավունքին, ստացել է պարզ պատասխան՝ ոչ, չի հակասում: Դրա համար էլ, երբ մտել ենք ՄԱԿ կամ միջազգային այլ կազմակերպություններ, որեւէ մեկը այդ հարցը չի դրել, որովհետեւ Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի նկրտումները գաղտնի չեն: Ես Ղազախստանի նախագահի հարցադրումը՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ, համարում եմ քաղաքական շահարկում: Նազարբաեւը քաղաքական հայտարարություն է արել՝ ի նշան, որ Ադրբեջանի հետ ուզում է շարունակել դրական հարաբերություններ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031