Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնսենսուս՝ պլյուս Սերժ Սարգսյան» բանաձեւով

Հունիս 06,2014 12:45

«Եվրասիական եռյակի» կողմից նոր «անակնկալները» չարժե բացառել

Ղազախստանի մայրաքաղաքում մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում հայտնի պատմության` Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալը Լեռնային Ղարաբաղի թեմայի հետ կապելու դրդապատճառները ընդամենը օրեր անց ջրի երես դուրս եկան:

Բաքվում ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հստակ հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցը, ավելին` հայտնեց, որ Ադրբեջանին հրավիրել են Մաքսային միություն ու Եվրասիական տնտեսական միություն. «Ինտեգրման բոլոր ձեւերը բաց եւ քննարկելի են: Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը Ադրբեջանի ինտեգրումը կոնկրետ քննարկման առարկա է, ինչպես եւ ինտեգրման մյուս ձեւերը…»:
Պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, պահանջներ է դրել եվրասիական եռյակի առջեւ եւ դրանց կյանքի կոչման պարագայում կսկսի «առեւտրի» մեջ մտնել, թե ինչ պայմաններում կարող է Ադրբեջանը մաս կազմել այդ կառույցին: Ադրբեջանը եվրասիական եռյակի համար «գրավիչ» երկիր է, իսկ Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական ձգտումների տեսանկյունից եվրասիական ինտեգրացումը կայացնելը ներկա պահին կենսական հարց է:

Աստանայում Սերժ Սարգսյանի լռությունը քննադատողներին պետք է նաեւ քիչ թե շատ հետաքրքրեր Հայաստանի ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանի նախագահի լռությունը: Թեեւ երեք տարում Ադրբեջանին չորս-հինգ միլիարդ դոլարի զենք վաճառած երկրի ղեկավարի կողմից դժվար է պատկերացնել, թե ինչ հակադարձում կարելի էր լսել Ղազախստանի նախագահի ոչ կոռեկտ պահվածքի առիթով` ի պատասխան Իլհամ Ալիեւի ուղարկած նամակի:

Սերժ Սարգսյանի անդրադարձը պոստֆակտում արդեն ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների առջեւ` «իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն», առնվազն զարմանալի էր այն առումով, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած հայտնի որոշումը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, արդարացրել են հենց իշխանական շրջանակները` այդ որոշումը կապելով ԼՂ-ի եւ նույնիսկ Հայաստանի անվտանգության հետ, դա համարելով անհրաժեշտ եւ հայության համար կենսական հարց:

Այժմ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները հայտարարում են՝ «ԼՂ-ի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում», «Ղարաբաղը մեր օրենսդրությամբ այսօր Հայաստանի մաս չի կազմում»: Ոչ ոք, կարծես, չէր էլ հայտարարել, որ ԼՂ հակամարտության լուծմամբ զբաղվելու է ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ «եվրասիական» նոր կամ այլ ձեւաչափ: Նրանք, ովքեր այսօր ջանում են հիշեցնել, որ «Արցախն անկախ պետություն է», չպետք է իրենց ջանքերը գրեթե հավասարեցնեն նրան, որ դրանից բխեցվի, թե Աստանայում Ադրբեջանի նախագահի կազմակերպած դավադրության նպատակը ԼՂ-ի` անկախ լինելն ապացուցելն էր: Այստեղ խնդրո առարկա դարձած թեման խեղաթյուրվում է: Ի՞նչ է, Իլհամ Ալիեւը եվրասիական եռյակին նամակ էր ուղարկել, որպեսզի Աստանայում ֆիքսվեր, որ ԼՂ-ն անկախ երկի՞ր է… Բոլորի համար էլ հստակ է, որ ԼՂ հարցի շոշափումը Աստանայում հայկական դիվանագիտությանը հարված հասցնելու փորձ է եղել, եւ այն հաջողվել է, քանի որ ՀՀ իշխանությունները պատրաստված չէին այդ «հարձակմանը», մինչդեռ նման զարգացումը միանգամայն սպասելի էր, քանի որ թե՛ Ղազախստանի նախագահն է Աստանայից առաջ ակնարկել եվրասիական ինտեգրացիոն պրոցեսներին Հայաստանի անդամակցության «բարդությունների» մասին, թե՛ Բելառուսի նախագահը: Հետեւաբար զարմանալի է, որ մեր իշխանությունների համար Ղազախստանի նախագահի պահվածքն անսպասելի է:

Հիմա առավել կարեւոր է հարցը, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները, հայաստանյան քաղաքական-հասարակական դաշտը հաղթահարելու Աստանայի «միջադեպը»: Իշխանությունները ինչ-որ քայլեր արեցին՝ շեշտելու ԼՂ-ի կարեւորությունը. մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԳՆ-ի կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները այցելեցին Ստեփանակերտ: Այնուհետեւ՝ հունիսի 2-ին, Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսեց արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն հարցերի մասին, այդ թվում` ԼՂ խնդրի: Նույն հավաքում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրեց ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։

Բայց այս ամենը բավարար չէ: Եվրասիական ինտեգրացիոն պրոցեսներում Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը լրջորեն քննարկման առարկա դարձնելը եւ դրա արդյունքում ՀՀ-ի ձայնը ավելի լսելի դարձնելը պետք է քաղաքական-հասարակական օրակարգում թիվ մեկ հարցը լինի: ՀՀ իշխանությունները պետք է պատրաստ լինեն «եվրասիական եռյակի» կողմից նոր «անակնկալների», եւ դրանք անսպասելի չպետք է համարել, որովհետեւ «եվրասիական եռյակը» Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ազդեցիկ գործընկեր-պետություն չի համարում:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր քաղաքական-հասարակական շրջանակներին, ապա Աստանան ՀՀ իշխանությունների «դիվանագիտական ձախողում» ամրագրելու հերթական առիթը բաց չթողնելը սպասելի էր նույնքան, որքան «ռազմավարական դաշնակից» Պուտինի լռությամբ Հայաստանը նսեմացնելու փորձի թեման շրջանցելը: «Դիվանագիտական ձախողումները» հաշվելն ավելի «անշառ» գործ է, քան օրինակ` Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող կոնկրետ վտանգի` ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրներից միայն մեկի` ՌԴ-ի կողմից Ադրբեջանը հետեւողականորեն զինելու հարցը բարձրացնելը:

Եվ վերջապես` Հայաստանի խորհրդարանական «ոչ իշխանական» ուժերը Հայաստանի բռնած «եվրասիական» ուղղության հետ կապված Սերժ Սարգսյանի կողմից այժմ իրականացվող քաղաքականությունից տարբերվող դիրքորոշում ունե՞ն… ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում այս առումով, կարծես, յուրօրինակ «կոնսենսուս՝ պլյուս Սերժ Սարգսյան» բանաձեւն է գործում իշխանության եւ «ոչ իշխանական» ուժերի միջեւ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30