Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը աշխատակազմի ղեկավարին խիստ նախազգուշացրել է

Օգոստոս 06,2014 13:45

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը նախարարության ծառայողական ավտոմեքենայով գնացել էր Վրաստան՝ հանգստանալու

Քաղաքացի Արմեն Հակոբյանը նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ հայտնելով, որ
գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն իրեն պատկանող «Պեժո» մակնիշի 060 LL 11 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով անցյալ տարվա ամռանը՝ օգոստոսին, մեկնել է հանրապետությունից դուրս՝ հանգստանալու: Նրան ընկերակցել էր նաեւ գյուղնախարարության իրավաբանական վարչության պետը՝ Արսեն Ավետիսյանը: Այսինքն՝ պետական այս երկու պաշտոնյաները պետական գույքը սեփական նպատակներին էին ծառայեցրել, ինչը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածներով համարվում է պաշտոնեական դիրքի չարաշահում:

Այս մասին Aravot.am-ը մարտի 12-ին «Գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարն իր ծառայողական մեքենայով գնացել է Վրաստան՝ հանգստանալու» վերնագրով հոդված էր հրապարակել՝ հրավիրելով, մասնավորապես, Հատուկ քննչական ծառայության ուշադրությունը:

Վարչապետին ուղղված քաղաքացու դիմումը մակագրվել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, որն էլ պատասխանել է. «Հարգելի պարոն Հակոբյան, ի պատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված ձեր դիմումի՝ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը եւ իրավաբանական վարչության պետ Արսեն Ավետիսյանն իմ կողմից խիստ նախազգուշացում են ստացել։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ իմ կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների, նախարարության ենթակայության ներքո գործող կազմակերպությունների ղեկավարներին տրվել է գրավոր հանձնարարական, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելը նախապես պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ, իսկ ծառայողական ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատումը կամ ծառայողական ավտոմեքենաների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շահագործումն առանց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի թույլտվության արգելվել է»։

«Փաստորեն, պաշտոնեական դիրքը չարաշահած ու պետական գույքը սեփական նպատակների համար օգտագործած այդ պաշտոնյաները նույնիսկ վարչական պատասխանատվության չեն ենթարկվել՝ ինչպես որ օրենքն է պահանջում»,- մեզ հետ զրույցում նկատում է Արմեն Հակոբյանը: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածները նման դեպքում նախատեսում են նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

«Առավոտի» աղբյուրները վստահեցրել էին, որ աշխատակազմի ղեկավարի արարքի մասին իմացել է նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որն էլ ճիշտ է՝ իր վրդովմունքն է հայտնել, սակայն մինչ մամուլի հրապարակումը ոչ մի քայլ չի ձեռնարկել:

Նկատենք, որ պետական գույքը սեփական նպատակների համար օգտագործած պարոն Կիրակոսյանը նախկինում ուժային կառույցում է պաշտոն զբաղեցրել:

«Առավոտ» օրաթերթ

05.08.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՐԹՈՒՐ says:

    Այս կույրաղիք նախարարությունը վաղուց պետք է լուծարված լիներ, քանի որ հանրապետությունում չկա մեկը.որը կարողանա բացատրի, թե պետական միջոցները մսխելուց բացի դրանց գործն ինչ է ……………

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031