Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի տարածաշրջանում 12 հա խաղողի եւ պտղատու այգի  է այրվել

Օգոստոս 09,2014 11:05

Մեղավորները պատասխան կտա՞ն

Օգոստոսի 7-ին Տավուշի ջրամբարից  ներքեւ գտնվող տարածքում, Վերին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող խաղողի եւ պտղատու այգիներում հրդեհ է բռնկվել: Այդտեղ է գտնվում մոտ 70 հա այգի: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ  Վերին Կարմիրաղբյուրի  եւ Տավուշ գյուղի բնակիչները  պայքարել են հրդեհը մարելու  համար, որոշ տեղերում կրակը հասնելով ճանապարհին՝  ինքնին է մարվել:  Գյուղապետի վկայությամբ ՝ հրդեհից ոչնչացել է  Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներին պատկանող եւ այդ համայնքի  պահուստային սեփականություն հանդիսացող 12 հա խաղողի եւ պտղատու այգի:

«Այգիներ կան, որ գյուղացիները 3-4 տարի առաջ էին հիմնել, դրանք այս տարի առաջին անգամ բերք պիտի տային, ոչնչացել են»:  Նա ասաց, որ Եղվարդից շինարարական մի կազմակերպություն  տեխնիկապես սարքին ջրագծի խողովակները հատել-մասնատել է  այգում՝ առանց պահպանելու  անվտանգության կանոնները: Եռակցման սարքից թռած կայծերը  դիպչելով չոր, չհնձված խոտին՝ հրդեհ են առաջացրել: Ըստ գյուղապետի՝ այդ կազմակերպությունը շինարարության թույլտվություն չունի եւ նոր է միայն դիմել այն ստանալու համար: Կ. Չոբանյանը չգիտի, թե  սարքին ջրագծի հատված  խողովակները ո՞ւր էին տանելու: Նա ասաց. «Ասում են՝ այս տարածքում ջրագծի շարունակություն են կառուցելու, ուրիշներն ասում են՝ Արմավիր են տանելու»: Նրա  խոսքերով՝ շինարարական կազմակերպության, ոռոգման ձեռնարկության աշխատողները օգոստոսի 8-ին եղել են հրդեհված այգում, երկուշաբթի  գյուղապետը լինելու է ոստիկանության Բերդի բաժնում: Նա  վճռական է  հրդեհից  պատճառված վնասը գանձելու համար:

Հարց է  ծագում՝ առանց շինարարական թույլտվության, ո՞ւմ բանավոր թույլտվությամբ է   շինարարական կազմակերպությունը  կատարել տեխնիկապես սարքին ջրագծի ապամոնտաժման աշխատանքներ:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031