Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրի և հատապտուղների փառատոնը յուրովի հրավեր է զորակից լինելու Տավուշի մարզին

Օգոստոս 14,2014 16:52

«Վերջին շրջանում Տավուշի մարզին վերաբերող լրատվությունը շատ գորշ է դարձել,- ասում է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը,- և այդ գորշությունն անհրաժեշտ է գոնե ինչ-որ չափով ցրել»:

Դրան կնպաստի օգոստոսի 17-ին Բերդ քաղաքում կազմակերպվող Մեղրի և հատապտուղների փառատոնը, որն արդեն երրորդ անգամն է անցկացվում և նպատակներից մեկը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացումը խթանելն է:

Հ. Չոբանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնի մասնակիցները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները, ավանդական խոհանոցի ուտեստները:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կիրականացվի տեղական ձեռագործի ցուցահանդես-վաճառք:

Փառատոնը զարկ է տալիս նաև զբոսաշրջության զարգացմանը. «Սա շատ կարևոր է տարածաշրջանի համար: Տավուշի մարզը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկն է, և զբոսաշրջության առումով արդեն որոշակի հաջողություններ արձանագրվել են»,- ասաց բանախոսը:

Պարոն Չոբանյանի խոսքով՝ Մեղրի և հատապտուղների ամենամյա փառատոնը յուրովի հրավեր է զորակից լինելու Բերդ համայնքին ու տարածաշրջանին. «Կլինի համերգային ծրագիր, որտեղ կիշխեն ազգագրականը, հայրենասիրականն ու ժողովրդականը: Գնում ենք «սահմանապահ» տարածաշրջան, սահմանամերձ գոտի և այսպիսի երգերով պիտի ոգևորենք այնտեղի բնակչությանը, որպեսզի նրանք իրենց ուժեղ զգան մայրաքաղաքից հեռու, բայց Հայաստանի ամենակարևոր վայրում, որովհետև, ինչպես ասում են, հայրենիքը սկսվում է սահմանից: Եվ ինչքան շատ մարդ մասնակցի փառատոնին, այնքան լավ: Պիտի կարողանանք սատարել ու գոտեպնդել ժողովրդին, գոնե այդ մեկ օրը տոն դարձնել այդ մարդկանց համար»,- ասաց Հ. Չոբանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հավանաբար Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի ղեկավար Հ.Չոբանյանը մինչ նշված անհասկանալի, ժամանակի առումով, փառատոնին անցնելը պետք է լրագրողներին ներկայացներ թե ինքն ու իր հիմնադրամը վերջին երեք ամիսներին ինչպիսի միջոցառումներ են պլանավորել և իրականացրել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում, գոնե մեկ անգամ եղել են այնտեղ, տեղյակ են արդյոք թե տարածաշրջանի բնակիչներին ինչպիսի հարցեր են հուզում, ի վերջո բարոյական է արդյոք տարածաշրջանի այս ծանր վիճակն օգտագործելով գրանտակերությամբ զբաղվել: Ոմանց թվում է թե նրանք Երևան քաղաքից ավելի լավ են տեսնում, թե տարածաշրջանի ժողովրդին ինչ է հարկավոր և ամենակարևորը երբ: Նշեմ նաև, որ այս պահին Այգեպար – Ն.Կ.Աղբյուր և այլ հատվածներում բնակիչները զինվորականների հետ միասին հենակետերն են ամրացնում, զինվորների անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ պաշտպանիչ շերտ են կառուցում, իսկ Երևանում բնակվող ինչ-որ մեկը …., ամոթ է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031