Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական բարեփոխումները՝ անհամաչափության օրինակ. փորձագետների դիտարկումները

Օգոստոս 25,2014 18:20

«Հայաստանում առկա սոցիալական բևեռացումն ազդում է նաև հանրակրթության վրա, մինչդեռ երկիրը կարող է զարգանալ միայն համաչափ կրթության դեպքում»,- համոզված է ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Ունենք ինչպես ուշադրությունից դուրս մնացած, այնպես էլ բարվոք վիճակում գտնվող դպրոցներ, և հոսքն առաջիններից դեպի վերջինները գնալով մեծանում է, որովհետև հասարակության ունևոր խավն իր երեխային հանում է սովորական դպրոցից ու տանում հատուկ դպրոց»:

Սակայն, ըստ փորձագետի, միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս մոտեցումը ձախողված է. «Հանրակրթության ոլորտում լավագույն արդյունքներ ունեցող երկրների փորձը փաստում է, որ ոլորտի հաջողության հիմնական գրավականը դպրոցների և կրթական համակարգի համաչափ զարգացումն է, այսինքն՝ զարգացած է այն երկիրը, որի բոլոր դպրոցները, անկախ նրանից՝ մայրաքաղաքում են թե հեռավոր մի գյուղում, կարողացել են հնարավորինս համաչափ զարգանալ»,- ասում է Ս. Խաչատրյանը:

Նրա վերլուծությամբ՝ այն մոդելը, որ Հայաստանն այսօր փորձում է կիրառել, հետևյալն է. եկեք հասարակության 20%-ի վրա ներդրում անենք, նրանց տանք որակյալ կրթություն, հետո նրանք՝ այս գերազանցիկները, իրենց հետևից «կքաշեն» մնացած 80%-ին. «Ես չգիտեմ աշխարհում որևէ մի երկիր, որը նման մոդելով կրթություն է զարգացրել: Հնարավոր բան չէ, որ այդ 20%-ն իր հետևից «քաշի» մնացած 80%-ին»,- ասում է փորձագետը:

Ըստ Ս. Խաչատրյանի՝ անհամաչափության ևս մեկ օրինակ են ավագ դպրոցները. «Գյուղում ավագ դպրոց չկա, և գյուղում բնակվող երեխան ավագ դպրոց գնալու հնարավորություն չունի, իսկ քաղաքում ապրող երեխային այդ հնարավորությունը տրված է: Այսինքն՝ գյուղաբնակ երեխային այս համակարգը մի քայլ հետ է գցում քաղաքաբնակ երեխայից, որովհետև ավագ դպրոցում, օրինակ, խորացված քիմիա անցած երեխան որոշակի առավելություն է ստանում գյուղական սովորական դպրոցում ընդհանուր քիմիա անցած երեխայի նկատմամբ»,- ասում է պարոն Խաչատրյանը:

ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն էլ կարծում է, որ թեև ավագ դպրոցի ինստիտուտը դեռ չի կայացել Հայաստանում, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվել համակարգից: Ըստ նրա՝ պետք է ընդամենը ճիշտ լուծումներ փնտրել համակարգը կատարելագործելու ուղղությամբ:

Ս. Կարաբեկյանը հանրակրթության ոլորտում առկա երկու կարևոր խնդիր է առանձնացնում՝ գիտելիքի գնահատման ու մասնագիտական կողմնորոշման համակարգերը. «Հիմա դիմորդը նախ և առաջ դիմում է բուհ, ընտրում է մասնագիտությունը, հետո նոր անցնում է իր շեմային գիտելիքի գնահատմանը, ինչը տրամաբանական չէ, որովհետև գիտելիքի գնահատումը, ըստ էության, պիտի նախորդի բուհ ընդունվելուն: Այստեղից էլ բխում է երկրորդ խնդիրը, այն է՝ ֆինանսավորվում է ոչ թե գիտելիքը, այլ այս կամ այն մասնագիտությունը: Ենթադրենք՝ փայլուն գիտելիքներով մեկը որոշել է դառնալ քաղաքագետ, իսկ այդ մասնագիտության համար պետպատվերի տեղ չի հատկացվում, և նա սովորում է վճարովի համակարգով, իսկ ավելի քիչ գիտելիքներ ունեցող մի այլ ուսանող կարող է սովորել անվճար այնպիսի մասնագիտությամբ, որտեղ մրցույթն ավելի փոքր է: Մինչդեռ, այդ երկու գործոնները պիտի տարանջատված լինեն միմյանցից»,- համոզված է պարոն Կարաբեկյանը:

Ինչ վերաբերում է ընդունելության շեմի իջեցմանը, Ս. Խաչատրյանը ցավով է նկատում, որ վերջին տարիներին միջազգային ստուգատեսներում սկսել են առավել մեծ ուշադրություն դարձնել թվերին. «Նշաձողն իջեցվում է, որպեսզի միջազգային որոշակի ցուցանիշների բավարարենք: Օրինակ՝ Հայաստանն այսօր ուսանողների թվով (թե շրջանավարտների որ տոկոսն է դառնում ուսանող) շատ լավ ցուցանիշ ունի, իսկ դա կատարվում է նշաձողն իջեցնելու շնորհիվ»,- մանրամասնեց պարոն Խաչատրյանը և տեղեկացրեց, որ կրթական համակարգը միայն թվերով չդիտելու առաջարկներ կան. «Դա շատ ուրախալի է, որովհետև եթե միայն թվերով ես ամեն ինչ չափում, երկրներն սկսում են շեշտը դնել քանակի, թիվ ցույց տալու վրա, որը բերում է նշաձողի իջեցման, այսինքն՝ որակի հաշվին քանակ ենք ցույց տալիս»:

Ամփոփելով՝ պարոն Խաչատրյանն ասաց, որ վաղուց արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք կրթական բարեփոխումների արդյունքները. «Կրթության և գիտության նախարարությանը շարունակ հարցնում են, թե երբ մենք կտեսնենք կրթական բարեփոխումների արդյունքները: Պատասխանը միշտ նույնն է լինում՝ բարեփոխումների համար ժամանակ է պետք՝ գոնե տասը տարի: Բայց մեր հանրակրթական համակարգն արդեն թևակոխում է մի փուլ, երբ դպրոցն ավարտում են այն երեխաները, որոնք ծնվել են հենց այն տարիներին, երբ սկսվեցին կրթական բարեփոխումները, այսինքն՝ 1997-98 թթ. երեխաները արդեն ավարտում են դպրոցը: Այլ խոսքով ասած՝ մենք այսօր արդեն անցել ենք 17 տարվա բարեփոխումների ճանապարհ հանրակրթության ոլորտում, և կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ կրթության մասին խոսելիս ոչ թե ասենք՝ ինչ ենք արել, այլ ինչ արդյունքներ են տվել մեր արածները»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031