Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առաջին ատյանի դատարանում կրկին քննվում է Հայկ Մովսիսյանի գործը

Օգոստոս 26,2014 15:33

2014թ. օգոստոսի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի, սկսվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը:

Սույն դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա. Բաբայանի 2013 թ. դեկտեմբերի 10-ի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Հիշեցնենք, որ նույն դատարանում, նախագայությամբ՝ դատավոր Ա. Բեկթաշյանի, քննվել էր քրեական գործով Հ. Պետրոսյանին դատավարության կողմ ճանաչելու, քրեական գործով վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը վերացնելու, կարճված գործի նյութերի պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով Ա. Սաքունցի և Ա. Զալյանի ներկայացված դիմումը և մերժվել 2014 թ. մայիսի 19-ի որոշմամբ: Այս մասով դիմումատուի ներկայացուցիչները բողոք են ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարան, որը դեռևս քննարկման փուլում է: Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները կրկին դիմում են ներկայացրել առաջին ատյանի դատարան ՀՀ վճռաբեկ դատարանի 24.02.2011թ. ԵԿԴ/0282/01/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հիմնավորմամբ, ըստ որի՝ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները: Սույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն՝ անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա:

2014 թ. օգոստոսի 26-ի դատական նիստին ներկայացել էր Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զալյանը, իսկ վարույթն իրականացրած ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա. Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Վ. Բադալյանը չէին ներկայացել: Վերջիններս գրությամբ հայտնել էին, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող ներկայանալ բողոքի քննությանը և խնդրել էին մերժել բողոքը: Ա. Բաբայանը դատարան էր ներկայացրել քրեական գործի անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝ քրեական գործի մասը կարճելու մասին որոշման պատճենը, քրեական գործի վարույթը կարճելու մասին 10.12.2013 թ. որոշման պատճենը և բողոքը մերժելու մասին դատախազի որոշման պատճենը: Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զալյանը գտավ, որ վարույթն իրականացրած մարմինների ներկայությունն էական նշանակություն կունենա բողոքի քննության համար, քանզի իրենց գրությամբ վերջիններս դատարանին կցկտուր պատասխաններ են ներկայացրել, որոնցից պարզ չեն քրեական գործի վարույթը կարճելու հիմքերը: Քննարկելով նշված հարցը՝ դատարանը գտավ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը թույլ է տալիս վարույթն իրականացրած մարմնի բացակայությամբ քննել բողոքը: Ա. Զալյանը միջնորդեց ստանալ կարճված քրեական գործի նյութերը, քանի որ այդ նյութերի հիման վրա է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում, և միայն դրանց ուսումնասիրության արդյունքում պարզ կդառնա, թե արդյոք նախաքննության ընթացքում տրվել են դատարան ներկայացված բողոքում բարձրացված հարցերի պատասխանները, թե ոչ: Նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյանն, անդրադառնալով միջնորդությանը, գտավ, որ գործի նյութերը դատարան ներկայացնելու՝ նախաքննական մարմնի պարտականությունը թերի է կատարված և բավարարեց միջնորդությունը:

Այդպիսով, կարճված քրեական գործի նյութերը ստանալու նպատակով բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15:30-ին: Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի պարտադիր զինծառայող, շարքային Հայկ Մովսիսյանը 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, որից մեկ շաբաթ անց ԼՂՀ քննչական մեկուսարանում Հայկ Մովսիսյանին գտել էին մահացած: Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, որը մասով կարճվել էր՝ քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Հայկ Մովսիսիյանի նկատմամբ հարուցված քրեական գործով պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ պաշտոնական անփութության հատկանիշներով: Այդ մասով հարուցված թիվ 62202513 քրեական գործը կարճվել էր 2013 թ. դեկտեմբերի 10-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031