Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան պարում է Հայաստանի հետ, բայց դա պար է` մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ

Սեպտեմբեր 17,2014 16:30

Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի`  «ունենք հզոր բանակ, բայց չունենք հզոր դիվանագիտություն»:

– Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցությունը նախ՝ ինչպե՞ս եք գնահատում, ինչպես նաեւ` ՆԱՏՕ-ի հռչակագրում Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության պաշտպանության առնչությամբ հիշատակումը:

– Նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն չի զբաղվում Ղարաբաղյան կարգավորմամբ` ՆԱՏՕ-ն կարեւորում է Եվրոպայի տարածքի բոլոր հակամարտությունները, հետեւաբար ներկա գտնվելը Ուելսի գագաթնաժողովին, ըստ իս, կարեւոր էր, որովհետեւ այսօրվա խնդիրը Հայաստանի համար ոչ միայն Ղարաբաղն է, այլեւ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության եւ անկախության պահպանումը: Հայաստանի նախագահի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկա գտնվելը եւ հնչեցնելը այն, ինչ պետք է հնչեցվեր, ճիշտ որոշում էր: Դժբախտաբար, նախագահը ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովներին չմասնակցեց, կարծում եմ՝ բոլոր գագաթնաժողովներին արժե ներկա գտնվել: Հնչում են կարծիքներ, թե ՆԱՏՕ-ի հռչակագրի ձեւակերպումները Հայաստանի շահերից չեն բխում: Դա այդպես չէ, որովհետեւ ՆԱՏՕ-ն չի զբաղվում ԼՂ խնդրով, ՆԱՏՕ-ն հետեւում է, պաշտպանում է այն սկզբունքները, որոնք ենթադրում է միջազգային իրավունքը: Մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի` ՆԱՏՕ-ի անդամ երկրները, տարբեր շահերից ելնելով, պետք է ճանաչեն այն, ինչ սահմանված է միջազգային իրավունքով, այսինքն` ստիպված են ամրագրել այն, ինչ ասվեց այդ հռչակագրում:

ՆԱՏՕ-ի հռչակագրում շատ կարեւոր կետ կա, որի վրա հայաստանցիները պետք է կենտրոնանան` Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության պահպանումը: ՆԱՏՕ-ի շրջանակներում կարեւոր էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կայացան նաեւ Ֆրանսիայի նախագահ Օլանդի առանձին հանդիպումները երկու նախագահների հետ: Որքան շատ հանդիպումներ ունենա Հայաստանի նախագահը` այնքան լավ է Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար, առհասարակ՝ Հայաստանի ապագայի համար: Որեւէ կազմակերպությունում` ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՆԱՏՕ-ում, թե ՄԱԿ-ում, որոնք զբաղվում են անվտանգության հարցերով, Հայաստանի նախագահը կամ ԱԳ նախարարը պետք է ներկա գտնվեն տարբեր հավաքների, նույնիսկ եթե ընդունված հռչակագրերը, հայտարարություններն ամբողջությամբ Հայաստանի շահերին չեն համապատասխանում: Բոլորն էլ գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում ԼՂ խնդրով, այնպես որ՝ պետք չէ հուսախաբ լինել հայտարարությունների եւ հռչակագրերի առումով:
Ասեմ, որ հոկտեմբերի վերջին Փարիզում ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում հանդիպում կանցկացվի. դա կարեւոր հանդիպում է, որովհետեւ Սոչիի եւ Ուելսի եռակողմ հանդիպումներից հետո միջնորդները քաղաքական կամք են ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից:

– Իսկ Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի ամբիոնն օգտագործելը` Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ մեղադրանքներ հնչեցնելու համար, տեղի՞ն էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գուցե շատ երկրներ առանձնապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին չեն տիրապետում:

– Արեւմտյան երկրներն ամբողջությամբ գիտեն իրականությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ եւ ունեն տարբեր հնարավորություններ՝ իմանալու, ճշտելու ցանկացած հարց: Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի կողմից այդ ակնարկները տեղին էին, պետք է այդպես շարունակել, պետք է ավելի ակտիվ լինել, որպեսզի Հայաստանի պահանջատիրությունը տեղ հասցվի: Ոճի, որակի, մակարդակի հարց է: Ունենք հզոր բանակ, ինչպիսին այսօրվա հայկական բանակն է, բայց չունենք հզոր դիվանագիտություն. այստեղ է, որ պետք է ճշգրտումներ արվեն: Ինչպիսի դիմադրություն ցույց է տրվում շփման գծում, այնպիսի դիմադրություն էլ պետք է հայկական դիվանագիտությունը ցույց տա, ինչպես, օրինակ, Իսրայելն է գործում: Աշխարհը պետք է տեսնի, որ հայկական բանակի եւ դիվանագիտության միջեւ տարբերություն չկա: Մինչդեռ հիմա նկատվում է այդ տարբերությունը` Հայաստանն ունի հզոր, մարտունակ բանակ, բայց արդյոք ուժե՞ղ է հայկական դիվանագիտությունը: Չեմ կարծում, որ նույնը կարող ենք ասել նաեւ հայկական դիվանագիտության մասին:

– Տեղեկություն կա, որ հոկտեմբերի 10-ին վերջապես կորոշվի Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Դուք կարեւորում եք Հայաստանի կողմից ուժեղ դիվանագիտությունը, բայց հնարավոր կլինի՞ դա կիրառել, եթե Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին: Նույնիսկ այդ դեպքում Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները հնարավոր կլինի՞ ավելի խորացնել:

– Նախ պետք է հասկանալ` այդ Եվրասիական միությունն ու Մաքսային միությունը գոյություն ունե՞ն: Ղազախստանն ու Բելառուսը ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Ռուսաստանին, եւ ճիշտ էլ անում են: Հայաստանը մի տեսակ շփոթահար վիճակում է. նրա հետ խաղում են, դա բացասական է, հայ ժողովրդի արժանապատվության հետ այդպես պետք չէ վարվել: ՀՀ ինքնիշխանության հետ կապված` դեռ պետք է ճշտել: Ապա պետք է պարզել, թե այդ միությունը գոյություն ունի՞: Դեռ հիմա էլ հստակ չէ, թե Հայաստանը հոկտեմբերի 10-ին կանդամակցի՞ այդ միությանը: Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ դեռ այնքան էլ հստակ չէ, երաշխավորված չէ:

Բայց նույնիսկ եթե Հայաստանն անդամակցի այդ միությանը, դա կենսունակ կառույց դառնալո՞ւ է: ԱՊՀ-ն նայեք` գոյություն ունի՞: Ռուսաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո ինչ միություն ստեղծում է` դա երկար կյանք չի ունենում: Հիմա նոր միություն է ցանկանում ստեղծել ՌԴ-ն, բայց արդեն երեք երկրների միջեւ լուրջ հակասություններ կան: Դժվար է պատկերացնել Հայաստանի ապագան մի միությունում, որը գոյություն չունի: Կարծում եմ՝ արժե, որ Հայաստանը սպասի, թե ինչ է տեղի ունենում ի վերջո՝ հասկանալու համար, թե այդ կառույցն առհասարակ կենսունա՞կ է լինելու:
Իսկ արեւմտյան երկրները պետք է շարունակեն իրենց համագործակցությունը Հայաստանի հետ, այլ տարբերակ չկա, որովհետեւ հետաքրքրված են ոչ միայն Հայաստանով, այլեւ Հարավային Կովկասի տարածաշրջանով, նույնիսկ Իրանով, ցանկացած ծրագրով, որն առնչվում է այդ տարածաշրջանին: Այլ տարբերակ չունի Արեւմուտքը, Հարավային Կովկասում շահեր ունեն թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպան: Վերջին թարմ օրինակը. թեեւ ասում են, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին կանդամակցի ԵՏՄ-ին, սակայն միեւնույն ժամանակ տեղեկացանք, որ ԵՄ-ն Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի` 2014-ից 2017թթ. ընթացքում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Սա նշանակում է, որ նույնիսկ եթե Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, նրանք շարունակելու են համագործակցությունը Հայաստանի հետ:

– Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադառնանք: Դավութօղլուն ծավալուն հոդվածով հանդես եկավ, Էրդողանի երդմնակալության արարողությանը պաշտոնական Երեւանը ԱԳ նախարարի միջոցով հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահին՝ մասնակցելու հաջորդ տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Էդվարդ Նալբանդյանն էլ ի պատասխան Դավութօղլուի հոդվածի` հանդես եկավ ծավալուն հոդվածով: Բայց Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումն անփոփոխ է` մինչեւ ԼՂ հարցը չլուծվի` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվի. այս մասին ասաց Էրդողանը Բաքու կատարած իր այցի ընթացքում: Այս պայմաններում Դուք մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիայի կողմից որեւէ նշանակալի քայլ հնարավո՞ր եք համարում:

– Հայաստանն ու Թուրքիան կարծես այն զույգն են, որ ստիպված են իրար մոտենալ, բայց որեւէ մեկը առաջին քայլը չի ցանկանում անել:

– Բայց Հայաստանն ամեն առիթով իր կողմից քայլ անում է, Թուրքիան է, որ արգելակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները` առաջ քաշելով ԼՂ խնդիրը ու պաշտպանելով Բաքվի դիրքորոշումը:

– Այո, այդպես է: Թուրքիան էլ ամեն առիթով հայտարարում է, թե պատրաստ է, օրինակ` Դավութօղլուն «արդար հիշողության» ռազմավարությունը առաջ քաշեց: Այսինքն՝ Թուրքիան էլ ինչ-որ բան ձգտում է անել, բայց չգիտի՝ ինչպես: Միայն սկզբունք ունեն` «մինչեւ ԼՂ խնդիրը չլուծվի` մեր կողմից ոչինչ հնարավոր չէ»:

Վստահաբար, Հայաստանի եւ Թուրքիայի կողմից առաջարկներ դեռ կլինեն, բայց կարծում եմ՝ եթե ԼՂ խնդրի շուրջ նշանակալի առաջընթաց չլինի, Թուրքիայի կողմից որեւէ քայլ չարժե ակնկալել: Թուրքիան տարբեր նպատակներ ունի, նախ Ադրբեջանի շահերն է պաշտպանում, ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրությունը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ այդ հարցին կարեւորություն չտա, բայց վստահ եմ, որ հակառակն է լինելու: Թուրքիան ձգտում է հզորացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Հայտարարում էին` «զրո խնդիրներ հարեւանների հետ», բայց ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Թուրքիան ընդամենը ցույց է տալիս, թե պատրաստ է քայլ անել` առանց որեւէ զիջման:

Իմ տպավորությամբ՝ Թուրքիան պարում է Հայաստանի հետ, բայց դա պար է` մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ, եւ ընդ որում, այդպիսի դիվանագիտություն պարում են ոչ միայն հիմա, այլեւ շատ վաղուց` 1878-ից ի վեր, Սան Ստեֆանոյի պայմանագրից, Բեռլինի դաշնագրից ի վեր: Նույնն այսօր է, ոչինչ չի փոխվել, նույն պարն են պարում, դժբախտաբար: Մենք այս փորձն ունենք արդեն, բայց Թուրքիայի խնդիրը պետք է փորձել լուծել՝ որպես զարգացման պատուհան, որովհետեւ սահմանի բացման անհրաժեշտություն կա, որպեսզի Հայաստանը` որպես պետություն, ավելի ամրանա:

Բայց, կարծես, Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, եւ կամաց-կամաց դառնում են, ինչպես ազերիներն են ասում` մեկ ժողովուրդ` երկու պետություն: Այդ դեպքում ինչո՞ւ չենք պատասխանում Ալիեւին, որ եթե դուք Թուրքիան եւ Ադրբեջանը համարում եք երկու պետություն՝ մեկ ժողովուրդ, ընդունեք ուրեմն, որ Հայաստանն էլ մեկ ժողովուրդ է` երկու պետություն՝ Ղարաբաղի հետ:

– Ձեր նշած իրողությունները հաշվի առնելով՝ արժե՞ր ՀՀ արտգործնախարարի մակարդակով Էրդողանի երդմնակալությանը մասնակցել ու նրան Հայաստան հրավիրել:

– Կարծում եմ, որ ճիշտ էր՝ այն առումով, որ հրապարակայնորեն Էրդողանին փոխանցվեց Հայաստանի նախագահի նամակը. սա դրական էր, որ հետո թուրքական կողմը չասի, թե հայկական կողմից հրավեր չի ստացել: Բայց հետաքրքիր է, թե ԱԳ նախարարի մակարդակով գնալու նախաձեռնողը ո՞վ էր: Սերժ Սարգսյա՞նը: Եթե Սերժ Սարգսյանի որոշումն էր, ուրեմն Նալբանդյանը ստիպվա՞ծ մեկնեց: Հայտնի է, որ իշխանությունների ներսում տարբեր խնդիրներ կան, օրինակ` Նալբանդյանը ընկալվում է որպես ռուսամետ գործիչ: Իմ կարծիքով՝ Հայաստանը կարող էր մասնակցել Էրդողանի երդմնակալության արարողությանը փոխարտգործնախարարի մակարդակով կամ նույնիսկ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի մշտական ներկայացուցչի մակարդակով, որի նստավայրը Ստամբուլում է: Կարելի էր նույնիսկ այդ մակարդակով մասնակցել` հաշվի առնելով Էրդողանի վիրավորական ելույթը «հայ լինելու» մասին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930