Լրահոս
Օրվա լրահոսը

Համարձակության սահմանը՝ ըստ կինոռեժիսոր Կարեն Խոսրովյանի

Սեպտեմբեր 19,2014 14:00

Այս տարվա ամռանը հայաստանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ցուցադրվեց երիտասարդ կինոռեժիսոր Կարեն Խոսրովյանի (լուսանկարում) առաջին՝ «Կատատոնիա» խաղարկային ֆիլմը: Իսկ մինչ այդ, այս նկարի համաշխարհային պրեմիերան կայացել էր գարնանը՝ Կաննի հեղինակավոր կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրի շրջանակներում: Ֆիլմը երաժշտի մասին է, որը քաղաքական անկարգությունների ընթացքում, խանդի հողի վրա, սպանում է իր սիրած էակին:

Shans-2

Դրվագ «Կատատոնիա» ֆիլմից:

«Առավոտի» հետ զրույցում Կարեն Խոսրովյանն ասաց, որ «Կատատոնիայի» առիթով օրերս ֆրանսիացի դիստրիբյուտորի հետ ստորագրել է երկու տարվա պայմանագիր՝ աշխարհի կինոթատրոններում, ինտերնետում, TV-ներում ֆիլմը ցուցադրելու մասին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ հիշյալ նկարն իրականացրել է ճանաչված կինոռեժիսորներ Արսեն Ազատյանի եւ Նարինե Մկրտչյանի՝ ժամանակին հիմնած Հայաստանի առաջին անկախ՝ «Այսօր պլյուս» ստուդիայում եւ հենց այս կինոռեժիսորներն են իրեն բերել մեծ կինո: Ֆիլմի պրոդյուսերներն են Արեգ Ազատյանը եւ Շողիկ Թադեւոսյանը, գլխավոր դերերում էլ նկարահանվել են Արեգ Ներսիսյանն ու Մարինե Գաբրիելյանը: Ներկայումս հետարտադրական գործընթացում է արվեստագետի «Լուսավոր թաղում» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, որի աշխատանքներին աջակցում են «Այսօր պլյուսն» ու Հայաստանի ազգային կինոկենտոնը: Վերջինիս պրեմիերան կինոռեժիսորը դարձյալ ցանկանում է իրականացնել արտերկրում: Մեր զրուցակիցը համոզված է, որ դա ճիշտ աշխատաոճ է. ի վերջո, Հայաստանի անունն է հնչում եւ ֆիլմի հետագա ճակատագիրը որոշվում: Նա հավելեց, թե համախոհներով մեծ ցանկություն ունեն գալիք տարի հայկական նոր կինոն ցույց տալ աշխարհին. «Կազմել ենք համախոհների թիմ կինոռեժիսորներ Արեգ Ազատյանի, Ռոբերտ Դանիելյանի, կինոօպերատոր Թամմամ Համզայի, դերասան Նարեկ Ներսիսյանի եւ էլի մի քանիսի հետ, հայկական կինոյում մտադիր ենք «նոր ալիք» բարձրացնել, ինչը 1960-ականներին իրականացրել են Եվրոպայում երիտասարդ կինոռեժիսորները: Դա կլինի իրար հետ շաղկապված մի քանի կարճամետրաժ ֆիլմ՝ երիտասարդների մասին պատմող, ներառելով նրանց անձնական, սոցիալական եւ կյանքի այլ ոլորտներ»,- հայտնեց կինոռեժիսորը: Նշեց, որ ուզում են դիմել փորձարարությունների, իրականացնել համարձակ սյուժեով, ռեժիսորական յուրահատուկ մոտեցմամբ ֆիլմեր: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե մերօրյա միանման սյուժեներով ֆիլմերում «վերացե՞լ» են սերն ու սեքսը, Կարեն Խոսրովյանը հիշեց Արեգ Ազատյանի եւ Շողիկ Թադեւոսյանի «Ռոմանտիկները» ֆիլմի ցուցադրությունը, որտեղ երբ կադրում հերոսն էկրանին երեւում է ամբողջովին մերկ, նկատել էր, որ հանդիսատեսի մեծ մասը փակել էր աչքերը: «Իմ հաջորդ ֆիլմում հնարավոր է՝ շաղախեմ սերը սեքսի հետ»,- ասաց կինոռեժիսորը:

Դիտարկմանը, թե Հայաստանում հաճախակի է դարձել կոմերցիոն ֆիլմերի ցուցադրությունը մեծ էկրանին, Կարեն Խոսրովյանը, համակարծիք լինելով, հավաստիացրեց, թե մեր ժողովրդի մեծ մասը կինոթատրոն է այցելում կատակերգություն կամ հեշտ ընկալվող ֆիլմեր դիտելու: «Ունենք լուրջ կինոռեժիսորներ, որոնց ֆիլմերը մասնակցում են ճանաչված փառատոների, արժանանում մրցանակների: Չնայած, անկեղծ ասած, մեզ մոտ նման ֆիլմերը փոքր լսարան են ունենում»,- հավելեց արվեստագետը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930