Լրահոս
Օրվա լրահոսը

«Փող մի հնչեցրու քո առջեւ»

Նոյեմբեր 06,2014 10:14

Վերջերս հերթական պաշտոնյան, ի պատասխան մեր քննադատության, տվեց «ավանդական» հարցը՝ «իսկ դու գիտե՞ս՝ ես ինչեր եմ արել էս ժողովրդի հմար»: Հենց որ որեւէ մեկը՝ նախկին կամ ներկա իշխանավորը, մեծահարուստը, մշակույթի գործիչը նման հարց է հնչեցնում՝ վերջ, նրա արածներն ինձ համար, համենայնդեպս, այլեւս կոպեկի գին չունեն: Որովհետեւ իրականում արվում էր ոչ թե «ժողովրդի հմար», այլ դրա մասին ասելու նպատակով: Դա նման է այն դեպքին, որն «Առավոտի» էջերում նկարագրել է ազգագրագետ Արմեն Պետրոսյանը. հայը գնում է սիրուհու մոտ (որին շատ ավելի կոպիտ բառով է անվանում) ոչ թե այն պատճառով, որ շատ է սիրում այդ կնոջը եւ շատ է ուզում նրան տեսնել, այլ բոլորովին ուրիշ նկատառումով՝ որպեսզի դրա մասին այնուհետեւ գլուխ գովի իր «ախպերության» մեջ: Դա տեղավորվում է իր շրջապատի գեղեցիկ, արժանի կյանքի մասին պատկերացումների շրջանակում:

Նույնը, այսպես կոչված, «բարեգործությունը»: «Մեծ բարերարը» կարող է 1000 դոլար ծախսել, ասենք, դպրոցին համակարգիչ նվիրելու համար եւ հետո 10.000 դոլար՝ այդ քայլը գովազդելու վրա: Հետեւաբար, ինքը՝ արարքը, այնքան էլ կարեւոր չէ, որքան այն «թատերական էֆեկտը», որը նրանից ակնկալվում է ստանալ: Նման մոտեցումն, իհարկե, նոր չէ՝ դարերի պատմություն ունի: «Երբ ողորմություն անես, փող (շեփոր- Ա. Ա.) մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառաբանվեն մարդկանցից»: Եթե դրա մասին գրվում է Մատթեոսի ավետարանում, ուրեմն խնդիրը գոյություն ունի առնվազն 21 դար:

Թատերական ժեստերի նկատմամբ հակվածության մեջ պետք չէ պարտադիր տեսնել միայն փարիսեցիություն կամ ինքնագովազդի չարամիտ դրսեւորում: Մարդիկ կան, որոնք իրենց խառնվածքով փակ են եւ ուրիշների գովասանքի կամ գնահատականի կարիքը առանձնապես չունեն: Մարդիկ էլ կան, որոնք ամեն մի քայլը չափում են իրենց համար «հեղինակավոր» հանրության արձագանքով: Իհարկե, դրանք երկու ծայրահեղություններն են՝ մարդկության մեծ մասը տեղավորվում է «միջանկյալ խմբերում»: Ճաշակի հարց է: Ինձ, օրինակ, ավելի շատ դուր է գալիս, երբ մարդը, ենթադրենք, դուրս է գալիս աշխատանքից առանց ամպագոռգոռ հայտարարությունների, առանց դուռը շրխկացնելու: Քաղաքական կյանքում, իհարկե, նման խառնվածքը չի խրախուսվում. թատերական տարրն այստեղ առավել վառ է արտահայտված՝ բոլորին դուր գալու եւ ծափահարություններ կորզելու ցանկությունն այս ոլորտում շատ բնական է:

…Թատերական ժեստի եւս մի պատմություն՝ փոքր-ինչ այլ ոլորտից: Երբ 1791 թվականին Մոցարտը մահացավ, նրա կինը՝ 28-ամյա Կոնստանսը, ցուցադրաբար պառկեց հանգուցյալի կողքին՝ ասելով, որ ցանկանում է կյանքին հրաժեշտ տալ ամուսնու հետ միասին: Եթե նույնիսկ կար նման մտադրություն, ապա այն չիրականացավ՝ Կոնստանսը ապրեց եւս 51 տարի: 1809 թվականին նա ամուսնացավ դանիացի դիվանագետ Գեորգ Նիսսենի հետ, որը թեեւ հանճար չէր, բայց չափազանց դրական անձնավորություն էր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Մի նախագահի մահացած հայրը երազ է գալիս և հարցնում, թե ինչ է անում ինքը, որ հանդերձյալ աշխարհում իրեն շատ են նեղում:Նախագահն արդարանում է, որ ինքը մեղավոր չէ, այդ իր եղբայրն է, որ…
    -Չէ,-ասում է հայրը, նրա արածների համար այստեղ հերթի կանգնած մորդ են սպասում:
    Դե, եթե գլուխ գովալու բան կա, թող էդ նախագահը գլուխը գովա, չէ որ տղամարդ է:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ինչ հրաշալի բան է էս խոսքի ազատությունը, մարդ ազատորեն ինչ անասուն անեկդոտ հիշի, կարող է գրել, միայն թե կոնկրետ մարդու անուն չտա և մեկ էլ ամենակարևորը՝ տրանսլիտով գրած չլինի))))))
      P.S. Վերջերս մեր կյանքի տարբեր դրվագներ համադրելով հաճախ մտքիս է գալիս մանուկ հասակում պատահաբար կարդացած մի վիպակ, որը այդ ժամանակ ամենևին լուրջ չէի ընկալել՝ Սովետական գրող Սերգեյ Միխալկովի “Праздник непослушания”: Պարոն Աբրահամյան Դուք պետք է հիշեք դա: Իսկը “ազատություն” բառի մերօրյա ընկալումների մասին է:(((

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930