Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի լրագրողը ասաց, որ իրենց երկրում անազատության մեջ գտնվող 17 լրագրողները եւ բլոգերները հասարակությանն անհայտ մարդիկ են

Նոյեմբեր 11,2014 12:30 Share

Նա նույնիսկ հայտարարեց, որ նրանցից շատերն իսլամիստներ են
եւ ուզում են Ադրբեջանը դարձնել Իրանի նման երկիր:

«Երբ ձերբակալում են, բոլորը սկսում են աղմկել՝ լրագրողներ են ձերբակալել, երբ հարցնում ես՝ ճանաչո՞ւմ եք, ոչ մեկը չի ճանաչում այդպիսի լրագրողի, բայց պարզվում է, որ դա «հայտնի մարդ» էր: Դուք կարո՞ղ եք այդ 16-17 հոգու անունները տալ, ասել, թե ո՞վ են, ի՞նչ են իրենցից ներկայացնում»,- այսպես հակադարձեց ադրբեջանական «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւին «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի խոսքի ազատության ցանցի» նախագահ Ազեր Հասրաթը՝ երեկ Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցչի կազմակերպած լրատվամիջոցների 11-րդ հարավկովկասյան համաժողովի ժամանակ: Նկատենք, որ մինչ այդ «Թուրանի» տնօրենը խոսել էր իր երկրում լրագրողների հանդեպ իրականացվող բռնաճնշումների մասին, տեղեկացրել, որ այսօրվա դրությամբ ադրբեջանական բանտերում են գտնվում 11 լրագրող եւ 6 բլոգեր:

Ազեր Հասրաթին ի պատասխան` «Թուրանի» տնօրենը խոսեց Ադրբեջանում լրագրողների ընդհանուր վիճակի մասին, որ նրանց բռնում են՝ որպես պատրվակ «խուլիգանությունը» կամ «թմրավաճառքը» մեղսագրելով, իբրեւ թե այդ ազատազրկումը կապ չունի լրագրության հետ. «Այդ ինչպե՞ս է, որ այլ խուլիգանների երբեք չեն բռնում, իսկ եթե լրագրողը կամ հասարակական կազմակերպության անդամն է հանկարծ ինչ-որ բան արել՝ անմիջապես խուլիգանության համար նստացնում են: Դա պարզորոշ ցույց է տալիս, որ պետական քաղաքականություն կա»: Նա առաջարկեց, որ կասկածները վերացնելու համար լրագրողական կազմակերպությունները հնարավորություն ունենան մասնակցելու լրագրողներին ազատազրկելու որոշումների քննություններին:

Այս խոսքերին ի պատասխան՝ Ազեր Հասրաթը հետեւյալ պնդումն արեց. «Իսկ դուք գիտե՞ք, որ վերջերս այդ ազատազրկված լրագրողներից մեկը հայտարարություն արեց, որում ասաց՝ խնդրում եմ, հանկարծ ինձ քաղբանտարկյալ չհամարեք, ես նստած եմ այստեղ իմ կատարած արարքների համար»: Իսկ ավելի ուշ նաեւ հետեւյալ հայտարարությունը արեց. «Ես պարոն Ալիեւին հատուկ նման սադրիչ հարց տվեցի, որովհետեւ ինչ վերաբերում է այդ չակերտավոր լրագրողներին, երբ նրանց ձերբակալում են, աղմուկ է լինում, բայց պարզվում է, որ մարդ չի ճանաչում նրանց, իսկ հետո մենք պարզում ենք, որ նրանց հիմնական մասը աշխատում է իսլամական ռեժիմի համար, իսլամիստներ են, ուզում են, որ Ադրբեջանում լինի իսլամական հեղափոխություն, որ մեր երկիրը դառնա Իրանի նման պետություն: Մենք այդ մարդկանց չենք կարող բլոգեր, լրագրող եւ հասարակական գործիչ անվանել: Հիմա բոլորը կարող են համացանցը օգտագործել, ի՞նչ է, ով համացանց է մտնում՝ լրագրող ու բլոգե՞ր է»:

Այս ամենը, ինչպես նաեւ դրանից առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյաներից մեկի ասածներն այն մասին, որ ազատազրկվածները հիմնականում խուլիգաններ եւ թմրավաճառներ են, ի վերջո ստիպեցին ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին կրկին անգամ հանդես գալ Ադրբեջանում ազատ խոսքի հանդեպ կատարվողը քննադատող ելույթով: Նկատենք, որ նա համաժողովը բացել էր նմանատիպ ելույթով: Իսկ երկրորդ անգամ նա պարզապես ասաց, որ շատ լավ տեղյակ է, թե ինչպես են Ադրբեջանում գործեր «թխվում» եւ մարդկանց բանտարկում որպես թմրավաճառ ու խուլիգան, որ Ադրբեջանը պետք է ինքը լուծի իր ներքին խնդիրները եւ ոչ թե դրանք բարձրաձայնողներին բանտեր նետի, եւ վերջացրեց հռետորական հարցով՝ «որտե՞ղ է Արզուն, որտե՞ղ է Խադիջան, որտե՞ղ է Մեհմանը (ադրբեջանցի հայտնի լրագրողներ, որոնք տարբեր արգելքների պատճառներով չկարողացան մասնակցել այս համաժողովին-Մ. Բ.): Նրանք քրեական հանցագործնե՞ր են: Ես այդպես չեմ կարծում»:

Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Թբիլիսի

«Առավոտ» օրաթերթ
11.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930