Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյան. Հայաստանն 84 միլիոն դոլար էլ կստանա ԵՏՄ-ից

Նոյեմբեր 11,2014 17:24 Share

«Հետագա զարգացումները մեզ համար անորոշություններ են: Երբ որ կճշտվեն, եթե անորոշություններն ավելի կզուզալվեն, մենք նորից կհանդիպենք Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ, նորից քննարկում կանենք»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անկեղծացավ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը`խոսելով Ռուսաստանի տնտեսությունում առկա իրավիճակի`Հայաստանի տնտեսության վրա անդրադարձի մասին:

Նախարարն ասաց, որ նախորդ երկու տարում 2.9 գործակցով կառավարությունն ավելացրել էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը: Իսկ հաջորդ տարվա համար որոշել է անփոփոխ թողնել այդ ցուցանիշը. «Պետք է հարկերի ավելացման տենդենցն ու տնտեսության զարգացման տենդեցը իրար հետ հավասարակշռված զարգացնել: Մենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ եկանք համաձայնության այն առումով, որ չբարձրացնելով ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը՝ ռեֆորմները տանենք առաջ»: Երբ անորոշությունները հստակեցվեն, ՀՀ կառավարության ներկայացուցիչները նորից կհանդիպեն ԱՄՀ մասնագետների հետ:

Հարցին`Հայաստանի տնտեսությունում ճգնաժամ կանխատեսո՞ւմ են, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Շատ դժվար հարց եք տալիս, ոչ մեկը չի կարող կանխատեսել, թե ի՞նչ կլինի: Սանկցիաները, եթե երկար տևեն, իհարկե, պրոբլեմները կխորանան: Սանկցիաները, եթե երկարաժամկետ չլինեն, բնականաբար, դրանք, շատ ռիսկերը կթուլանան: Եթե մենք գնում ենք ԵՏՄ, անորոշությունները՝ կապված Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառման տեսակետից, բավարար չեն գնահատելու, թե ինչ կլինի, ոչ ոք չի կարող գնահատել»: ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից ՀՀ-ի տնտեսության կրած վնասների մասով, Գագիկ Խաչատրյանը եւս ասաց, որ վնասի չափը դեռ գնահատել է պետք, նաեւ հետագա աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար:

ԵՄ կողմից Հայաստանին 170 մլն եվրո դորամաշնորհի հատկացումը Գագիկ Խաչատրյանը դրական է գնահատում: Խնդիր չի համարում նաեւ այն, որ այդ գումարը բյուջետային աջակցություն է. «Մենք նաև պայմանավորվածություն ունենք Համաշխարհային բանկի, Եվրամիության հետ: Շատերը հարց են տալիս՝ լավ, ինչպե՞ս եք Եվրասիական միություն գնում և եվրոպական աջակցություն ստանում: Ոչ մի տարօրինակ բան չկա, խելոք, ճկուն քաղաքականություն կիրառողները պետք է կարողանան ցանկացած միությունների առավելություններից օգտվել: Հիմա փորձում ենք դա անել, հլա որ ստացվում է, ի՞նչ եք ուզում»:

Նախարարն ասաց նաեւ, որ Հայաստանը 84 մլն դոլարի աջակցություն է սպասում ԵՏՄ-ից՝ անդամակցության անցումային փուլը հաղթահարելու համար: Հարցին, թե ԵՏՄ անդամ դառնալուց հետո օտար մաքսավորնե՞ր են հայտնվելու մեզ մոտ, նա պատասխանեց. «Օտար մաքսավորներ չեն լինի, բայց համապատասխան աշխատակիցներ կլինեն, որոնց հետ միասին կաշխատենք: Բազմաթիվ հարցեր կան, մենք հիմա 240 մաքսային կարգավորումների վրա ենք աշխատում, ծավալուն ու բարդ ընթացակարգեր են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930