«Երբ առաջին անգամ այս նախագիծը քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, իմ գործընկերները խնդրեցին, որ հետ վերցնեմ օրինագիծը, բոլորի հետ համատեղ աշխատանքի միջոցով ավելի կատարելագործեմ, նորից ներկայացնեմ: Ես բոլորին գրավոր դիմեցի եւ խնդրեցի, որ ներկայացնեն իրենց առաջարկները նախագծի վերաբերյալ, բայց գրեթե ոչ մեկը չարձագանքեց եւ չցանկացավ ներկայացնել իրենց առաջարկները: Թե՛ բանավոր, թե՛ գրավոր դա տեղի չունեցավ:
Հաջորդ նիստը տեղի ունեցավ Ստեփանակերտում: Ես նախատեսել էի, որ այդ նիստը պետք է լինի հրապարակային եւ տեղի կունենա առողջ բանավեճ: Հրավիրել էի Արցախի ԱԺ պատգամավոր, Ղարաբաղի ներկայացուցիչ եւ լրագրող: Սակայն հանձնաժողովը որոշում կայացրեց, խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքը եւ անցկացրեց դռնփակ նիստ: Այդ հրավիրված անձինք նիստի ընթացքում չկարողացան իրենց կարծիքը ներկայացնել»,- այսօր ԱԺ-ում այսպես բողոքեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ էր արել այս հարցում միասնական լինել: Ըստ Զարուհի Փոստանջյանի, միասնականությունը խախտված էր հենց Ստեփանակերտում. «Ինչպե՞ս միասնականություն ապահովենք, երբ ձեր խնդրանքով հետ վերցրեցի, որեւիցե մեկը առաջարկ չներկայացրեց: Արցախի ԱԺ պատգամավորին էլ թույլ չտվեցիք, որ ներկա լինի եւ կարծիք հայտնի: Միասնականությունը որտե՞ղ պետք է լինի: Բոլորս պատգամավոր ենք, ունենք մեր խղճի ներքո գործելու հնարավորություն, ինչի չենք մասնակցում այս ամենին: Եկել է մի պահ, ԵՏՄ անդամակցումը մտահոգիչ է: Մենք իրավունք չունենք գնահատական չտանք այս ամենին: Եթե Սերժ Սարգսյանը չի կարող վավերացնել օրենքի տեսքով սա, մենք, որպես ԱԺ պատգամավորներ կարող ենք անել:
Պետք է սահման գծենք, որը շատ կարեւոր է: Որ գոնե ասենք, որ ԱԺ-ն ունի իր դիրքորոշումը, սրանից այն կողմ մենք անցնել չենք կարող: Եթե ինչ-որ մի կայսերական միավորում ոտքն ամրապնդի, լինելու է, մենք ապրել ենք 88, ինչպե՞ս ենք մենք տեղափոխելու մեր ապրանքները այդ սահմանին: Իսկական ժամանակն է սա անելու»:
Հետո Զարուհի Փոստանջյանն անցավ խնդրանքներին. «Խնդրանքս է, եկեք ընդունենք այս որոշումը, որն ազատ է պահելու նաեւ ձեր կուսակցական ղեկավարին, բայց մենք որոշ չափով մեր սահմանը գծում ենք: Եկեք ընդունենք այս որոշումը՝ բոլորիս շահերից է բխում: Կարող ենք ասել, որ մեր խղճի հետ համահունչ այսօր մենք գործ ենք արել: Այս աշխարհաքաղաքական բախումների ներքո ենք հայտնվել, գոնե մեր ազգային շահը պետք է հետապնդենք: Ո՞ր է մեր ազգային շահը: Սա միակողմանի ճանաչում չէ, մենք պետք է նախ ճանաչենք, որ հետագայում կարողանանք պահանջել մյուսներից եւս: Ինչի՞ չեք ճանաչում՝ լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, չէ՞ որ դա ձեր անվտանգության եւ ձեր ազգային շահի ներքո գտնվող տարածք է: Հորդորում եմ բոլորիդ, խնդրում եմ, կողմ քվեարկեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































