Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթրիթ վորքաութ» նշանակում է՝ բակային, փողոցային մարզումներ

Նոյեմբեր 19,2014 23:55

Նոյեմբերի 20-ին Երեւանում կայանալու է «Զանգվածային սպորտի զարգացումը Հայաստանում» թեմայով առաջին գիտաժողովը, իսկ հաջորդ օրը կանցկացվի «Սթրիթ վորքաութի» հանրապետության առաջնությունը, որի հաղթողը դեկտեմբերի 1-ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Այս միջոցառումների նախօրեին «Ուրբաթ» մամուլի ակումբում «Սթրիթ վորքաութ ընդ Սթրիթլիֆտին» ՀԿ համանախագահողներ Ղազար Հակոբյանն ու Արթուր Հարությունյանը հանդիպեցին լրագրողների հետ:

«Բառացի թարգմանած՝ «Սթրիթ վորքաութ» նշանակում է բակային, փողոցային մարզումներ: Այսինքն, մարզումների այն բոլոր տեսակները, որ կարելի է անցկացնել փողոցում կամ բակում: Այն քարոզում է առողջ ապրելակերպ ազգաբնակչության շրջանում՝ անկախ տարիքից, սեռից ու պատրաստվածության աստիճանից: Դրա համար սիրողական, կամ սկսնակների մակարդակում հատուկ մարզագույքի եւ բազայի անհրաժեշտություն չկա: Բավական է պտտաձողը եւ մարդու ցանկությունը: «Սթրիթ վորքութը» դեռեւս աշխարհի ոչ բոլոր երկրներում է մարզաձեւ ճանաչված ու մեր նպատակը նախ այն  մասսաներին հասանելի ու հասկանալի դարձնելով առողջ ապրելակերպը քարոզելն է, ապա, ինչու չէ, մեզանում նույնպես այն մարզաձեւ ճանաչել տալը», –  ասում են բանախոսները եւ հավելում, որ գիտաժողովը Հայաստանում կազմակերպելով ցանկանում են ուսումնասիրել միջազգային փորձը, այն համադրել տեղում կատարվող աշխատանքների հետ ու համագործակցելով՝ գտնել «Սթրիթ վորքաութը» Հայաստանում ավելի արդյունավետ տարածելու ուղիները:

Բանախոսները հանդիպել են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին: Նրանք ուրախությամբ նշեցին, որ նախարարը սիրով պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել իրենց նախաձեռնություններին:

Հայաստանի առաջնության համար ընտրական փուլ է կազմակերպվել հանրապետության 18 քաղաքներում: Ընտրվել են տասը լավագույնները, որոնք էլ վիճարկելու են Ղազախստան մեկնելու իրավունքը, որտեղ հանդես են գալու աշխարհի 75 երկրների ներկայացուցիչներ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930