Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր ձայն և յուրաքանչյուր երեխա կարևոր է

Դեկտեմբեր 25,2014 18:21

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համաշխարհային «Imagine» նախաձեռնությանը, որը նպատակ ունի բարձրացնելու երեխաների իրավունքների մասին հանրային իրազեկվածության մակարդակը: Այն նվիրված է «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին և նպատակ ունի ստեղծելու ամենասիրված երգերից մեկի՝ Ջոն Լենոնի «Imagine»-ի՝ աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող ձայնագրությունը:

«Imagine»-ին Հայաստանը միացել է երգի իր տարբերակով, որը ստեղծել են կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն ու «ՊանԱրմենիան հոլդինգի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

«Imagine» երգի հայկական տարբերակն ստեղծվել է շատ կարճ ժամանակում: Ջոն Լենոնի կնոջից՝ Յոկո Օնոյից հեղինակային իրավունքները ստանալուց հետո՝ երկու շաբաթում ձայնագրվել է երգն ու նկարահանվել տեսահոլովակը, որը մի քանի օրվա ընթացքում YouTube-ում ունեցել է 30.000-ից ավելի դիտում:

«ՄԱԿ-ի գրասենյակից ինձ դիմեցին համաշխարհային մակարդակի մի բան ստեղծելու համար, երբ, կարելի է ասել, բոլոր վերջնաժամկետներն արդեն սպառված էին,- ասում է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը,- սակայն մենք անմիջապես անցանք գործի: Եթե չլիներ այն թիմը, որը լծվեց այս գործին, նման արդյունք չէինք ունենա: Դժվար էր երկու շաբաթում բոլոր կատարողներին հավաքել, ձայնագրել, նկարահանել: Օրինակ՝ Սերժ Թանկյանը թեև ձայնագրվեց, բայց չհասցրեց նկարահանվել»:

Սերժ Թանկյանից բացի, երեխաների իրավունքների պաշտպանությանը միացել են նաև Գոռ Սուջյանը, Ալլա Լևոնյանը, Արտո Թունջբոյաջյանը, կանադահայ օպերային երգչուհի Իսաբել Բայրակդարյանը, Տիգրան Պետրոսյանն ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ նախաձեռնությանը կարող են մասնակցել բոլորը: Պարզապես, պետք է այցելել կայք և ներբեռնել IMAGINE TouchCast հավելվածը, ձայնագրել երգի սեփական տարբերակը և վերբեռնել այն հազարավոր այլ տարբերակների կողքին: Յուրաքանչյուրը, ով ներբեռնում է հավելվածը, միանում է այս ակցիային:

«Մինչև հիմա հավելվածը ներբեռնել է ավելի քան 100 հազար մարդ, և կես միլիոնից ավելի ձայնագրություններ են եղել, որոնց հիման վրա դիջեյ Դեյվիդ Գետան կստեղծի երգի համաշխարհային տարբերակը, որը կթողարկվի Նոր տարվա նախաշեմին: Յուրաքանչյուր վերբեռնված ձայնագրություն նաև նպաստում է դրամական միջոցների հանգանակմանը, որի շնորհիվ 150 երկրներում կիրականացվեն երեխաների պաշտպանության և օգնության ծրագրեր»,- ասաց Զ. Սարգսյանը:

«ՊանԱրմենիան հոլդինիգի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի բնորոշմամբ՝ սա կարևոր ակցիա է՝ ևս մեկ անգամ երեխաների պաշտպանության հարցերի վրա ուշադրություն հրավիրելու առումով. «Իմ տղաներն ու նրանց ընկերներն արդեն հասցրել են ներբեռնել այդ հավելվածը, ձայնագրել երգի իրենց տարբերակը և տեղադրել կայքում»,- ասաց նա:

«Ես՝ որպես երեք երեխաների մայր և որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, շատ եմ կարևորում երեխաների իրավունքների պաշտպանությունը: Մենք ունենք հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց համար մեր միջավայրը մատչելի չէ: Ինձ նաև մանկատաների մեծ քանակն է մտահոգում. ավելի լավ է՝ երեխան ընտանիքում կամ հարազատների հետ վատ պայմաններում ապրի, քան մանկատանը մեկ-երկու տաքուկ հագուստ ավել ունենա: Ցավոք, Հայաստանում շատ կան երեխաներ, որոնք մեր աջակցության և բարի կամքի կարիքն ունեն»,- ասաց ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը:

Նախաձեռնությանը միացած երգիչ Գոռ Սուջյանն էլ ընդգծեց, որ իր համար մեծ հպարտություն է այս ամենի մի մասնիկը լինելը. «Նախաձեռնության ուղերձն այն է, որ յուրաքանչյուր ձայն և յուրաքանչյուր երեխա կարևոր է: Բոլորիս շատ հոգեհարազատ «Imagine» երգով ուզում ենք ասել, որ մենք երեխաների համար ավելի լավ աշխարհի մասին ենք երազում»,- հավելեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031