Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 6-ից Նաիրիտ Գործարան ՓԲԸ բոլոր 2215 աշխատակիցները կրճատվելու են. ՀՀ նախագահին ուղղված բաց նամակ

Հունվար 16,2015 10:15

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո Նախագահ

Ձեզ են դիմում Նաիրիտ Գործարան ՓԲԸ 2200 աշխատողներ, ովքեր այս պահին կանգնած են անելանելի իրավիճակի առջև, որի կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել դիմել Ձեզ և ակնկալել Ձեր հստակ դիրքորոշումն ու աջակցությունը:

Խոսքը Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձի 18 ամսվա պարտքի <անլուծելի> հայտարարված,  չարչրկված հարցի մասին է, որը, սակայն, բարի կամքի դեպքում, հնարավոր է լուծել:

2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ կկորցնի իր աշխատանքը և կհամալրի մեր երկրի բազմահազարանոց գործազուրկների շարքը (400-500-ը կշարունակեն աշխատել):

Այն, որ տեխնիկական կանգառում գտնվող գործարանում 2200 աշխատակից պահելն ավելորդ <ճոխություն> է, իսկ կրճատումներն էլ ուշացած-անհրաժեշտ քայլ, ըմբռնումով է ընդունվել և ընկերության ղեկավարության և աշխատակիցների կողմից: Սակայն` որ բոլոր կրճատվողները, փետրվարի 6-ին չեն ստանալու իրենց աշխատավարձի պարտքը, ոչ միայն անակնկալ էր աշխատակազմի համար, այլև` ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում: Օրենսգրքի 130 հոդված 2-րդ կետը հստակ ամրագրում է` <Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները…>: Միջպետական բանկի կողմից Նաիրիտի կառավարման լիազորությունները 2011թ-ին ավարտվել են և կառավարման իրավունքը, փաստորեն, անցել է ՀՀ կառավարությանը` ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Հետևաբար, արդեն 4 տարի է Նաիրիտի աշխատակիցների գործատուն կառավարությունն է:

Ինչու± ենք մենք ժամանակից շուտ անհանգստացած… որովհետև արդեն կա նախադեպը: Համաձայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրահանգի` այս պահին աշխատող նաիրիտցիները երկու ամսվա աշխատավարձ ստացել են, իսկ աշխատանքից ազատված նախկին աշխատակիցներին ոչ մի լումա չի վճարվել (նույնիսկ Ամանորը անտեսվեց): Այն, որ փետրվարի 6-ից ազատված աշխատակիցներին ոչինչ չի վճարվելու, հանդիպումների ժամանակ բաց տեքստով ասել են թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թե Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Եվ նրանց այն պնդումը, թե աշխատավարձի պարտքն ինչ-որ անհայտ-անորոշ պահի կվճարվի, որևէ վստահություն չի ներշնչում. փետրվարի 6-ից մարդիկ հայտնվելու են անելանելի իրավիճակում` առանց փողի, առանց աշխատանքի, առանց հույսի` դատապարտված աղքատության…

Այնինչ, ՀՀ կառավարությունն, ի դեմս Նաիրիտ-2 ՓԲ ընկերության, որի 100% սեփականատերն է, Նաիրիտ Գործարան ՓԲԸ-ին պարտք է 4 մլրդ 150 մլն դրամ դեռևս 2004թ-ից: Այս մասին վերաքննիչ դատարանի օրինական վճիռը ուժի մեջ է մտել 2009թ.: Բացի այդ, Նաիրիտ ԲԲԸ, որ նույնպես պետական ձեռնարկություն է, տարիներ ի վեր Նաիրիտ գործարան ՓԲԸ-ին պարտք է մոտ 900 մլն դրամ: Այսպիսով, ՀՀ կառավարությունը գործարանին, փաստորեն, տարիներ շարունակ պարտք է մոտ 5 մլրդ դրամ, որը կարելի էր ուղղել Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը: Սակայն, ՀՀ կառավարությունն այս փաստը ոչ մի կերպ դիտարկել-քննարկել չի ցանկանում…

Ի վերջո, ՀՀ կառավարությունը, հանդիսանալով ընկերության 10%-ի բաժնետեր, Նաիրիտի վերաբերյալ բոլոր որոշումների կայացմանը մասնակցություն է ունեցել, սակայն Նաիրիտում որևէ ներդրում չի արել: Սա ևս հիմք է, որ կառավարությունը, իր 10%-ի չափով, ստանձնի Նաիրիտի այս պահի անվճարունակության պատասխանատվությունը և ընդհանուր պարտքերի գոնե մի մասի մարման պարտավորությունը, այն է` վճարի աշխատակիցներին աշխատավարձերի պարտքը: Եվ, կարծում ենք, բոլորովին էական չէ, թե որ անհատն է այս կամ այն պահին ղեկավարում կառավարությունը. նա հանդիսանում է իր նախորդի իրավահաջորդը և նախորդ կառավարության ցանկացած խնդիր նաև իր խնդիրն է ու լուծում է պահանջում: Լուծում, որ չպետք է լինի մարդու իրավունքների և երկրում գործող օրենսդրության ոտնահարման հաշվին…

Հուսալքված, գործազրկության շեմին կանգնած նաիրիտցիները, երկրի գործադիր իշխանության հետ մի շարք անարդյունք հանդիպումներից հետո, այլ ելք չեն տեսնում, քան  բողոքի տարաբնույթ ակցիաների ձևով, որոնցից մեկն էլ այս նամակն է, Ձեր և հանրության ուշադրությունը սույն <գորդյան հանգույցի> վրա բևեռելը և դրական լուծում ակնկալելը: Անհրաժեշտ <մեկ հարվածը> աշխատավարձի պարտքի մարումն է, ինչը նաիրտցիներին զերծ կպահի ծայրահեղ միջոցների դիմելուց:

 

Մեծարգո Նախագահ

Կարծում ենք` ժողովրդավարություն հռչակած պետության ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի իր քաղաքացու հիմնարար իրավունքի` աշխատանքի և դրա դիմաց վարձատրություն ստանալու իրավունքի, պաշտպանության համար: Մենք ակնկալում ենք, որ այս խնդիրը կլինի Ձեր անմիջական հսկողության և ուշադրության կենտրոնում և մինչև փետրվարի 6-ը կստանա իրավական-օրինական լուծում:

 

Կանխավ շնորհակալությամբ, հարգանքով`

Նաիրիտ Գործարան ՓԲԸ կոլեկտիվի կողմից լիազորված համակարգող խմբի անդամներ`

 

Հրաչ Թադևոսյան

Սամվել Հովհաննիսյան

Վարազդատ Սիմոնյան

Ժամհարյան Ռուբիկ

Սերգեյ Պապյան

Արմեն Դեմիրճյան

Գագիկ Քարտաշյան

Ժորա Հովհաննիսյան

Վլադ Սևոյան

Անուշ Հարությունյան

Գրիգոր Պողոսյան

Թոմիկ Հակոբյան

Մավրիկ Ֆարսիյան

Բագրատ Գևորգյան

Ռաշիդ Ադյան

Բաբկեն Թարախչյան  

Արմեն Մանուկյան                                                                                                      16.01.15թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031