Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» արտադրամաս են վաճառում, որ չվճարված աշխատավարձերը տան (Տեսանյութ)

Հունվար 22,2015 15:56

Այսօր նախագահական նստավայրի մոտից «Նաիրիտի» աշխատակիցները հեռացան հանդարտ՝ չնայած առավոտյան սկսած բողոքի ակցիայի ժամանակ կոշտ մեթոդներով պայքարելու իրենց լուրջ մտադրությունների:

«Նաիրիտի» արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանը բարձրախոսով դիմեց հավաքվածներին ու պատմեց, որ երեկ երեկոյան աշխատավարձերի հարցով հանդիպում են ունեցել նախարար Երվանդ Զախարյանի հետ:

«Նաիրիտի» քացախաթթվի արտադրամասի գույքի օտարման հանձնաժողով է ստեղծվել: Այսինքն, գույքը պետք է վաճառվի ու ստացված որոշակի գումարով աշխատավարձի մարում կատարվի»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը: Բայց նշված արտադրամասը գրավադրված է Հայ բիզնես բանկում, իսկ պարոն Թադեւոսյանը նաիրիտցիներին ասաց, որ կառավարությունը` ի դեմս Երվանդ Զախարյանի, արագացնելու է գրավադրումից արտադրամասը հանելու գործընթացը:

Բայց այս անգամ նախարարն արդեն աշխատավարձի տրամադրման ժամկետներ չի խոստացել: Հիշեցնենք, որ վերջին անգամ, ժամկետ էր խոստացել ու իր խոստումը չէր կատարել, ինչը զայրացրել էր աշխատավարձ պահանջող նաիրիտցիներին:

«Բոլորս էլ հասկանում ենք` ինչու չի խոստանում, մի անգամ խոստացել է, համ ինքն է ընկել կրակը, համ մեզ է գցել կրակը: Նախարարն ասում է` իմ աշխատանքային օրվա 50 տոկոսը «Նաիրիտի» խնդիրն է, ասում է` թողեք ճանապարհները գտնենք»,- շարունակեց Հրաչ Թադեւոսյանը:

Աշխատակիցներն էլ հեգնեցին.«Թաշկինակները հանեք»:

Վերջում էլ Հրաչ Թադեւոսյանը փոխանցեց, որ մինչեւ փետրվար` աշխատավարձի չսպասեն:

Հիշեցնենք, որ այսօրվանից նաիրիտցիները ամենօրյա բողոքի ակցիաներ են սկսել` իրենց աշխատավարձերի վճարման պահանջով:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031