Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» գործով վկաները ցուցմունք տվեցին

Հունվար 23,2015 17:43

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում էր «Վերնիսաժի» կրակոցների գործով դատական նիստը:

Դատական նիստի ընթացքում վկաները ցուցմունք տվեցին: Առաջին վկան՝ Աստղիկ Օսիկյանը նշեց, որ այդ օրը անցել է «Վերնիսաժ» տոնավաճառի մոտով, ընդմիջումներով լսել է հինգ կրակոց, տեսել է վիրավոր տղամարդու, իսկ Կինոյի տան մոտ՝ արյունաքամ եղող տղայի, որին մոտեցել է եւ իր օգնությունն է առաջարկել: Աստղիկ Օսիկյանը ճանաչեց այդ տղային՝ նա տուժող Մյասնիկ Հայրապետյանն էր:

Մեղադրողի հարցերին, թե վիճաբանության ձայներ կամ հայհոյանքներ վկան լսե՞լ է, Աստղիկ Օսիկյանը պատասխանեց, որ գոռգոռոցներ է լսել, սակայն պարզ չի կարող հիշել, թե ինչ գոռգոռոցներ էին, իսկ վիճաբանողներին չի տեսել: Նա նաեւ նշեց, որ երկու մեքենա է տեսել՝ սեւ եւ սպիտակ:

Vernisaj_2

Վկան ասաց, որ մինչեւ կրակոցները տեսել է, որ մի կին մի տղամարդու հրում էր դեպի սպիտակ ավտոմեքենան:

Վկան նշեց, որ այնուհետեւ տեսել է բարձրահասակ տղաների, որոնք իրար ասել են՝ «էդ էիք ուզո՞ւմ»: Սակայն ամբաստանյալներից ոչ մեկի արտաքինը, ըստ նրա, չէր համապատասխանում այդ տղաների արտաքինին:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, դատարանը բավարարեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներում առկա են էական հակասություններ:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ տեսել է, թե ինչպես իրեն անծանոթ մի երիտասարդ սպիտակ ավտոմեքենայից ցանկանում էր հեռանալ, սակայն անծանոթ մի աղջիկ հրում էր նրան դեպի մեքենան՝ պահանջելով հեռանալ, իսկ տղամարդը փորձում էր ազատվել աղջկանից եւ հայհոյում էր չգիտես՝ ում: Այնուհետեւ նա նկատել է, թե ինչպես է ավտոմեքենայի մեջ նստել մեկ այլ անծանոթ տղամարդ, որը մյուսին ասել էր «էս ի՞նչ արիր, ասում էի՝ արի գնանք այստեղից» եւ հեռացան դեպքի վայրից:

Հաջորդ վկան՝ Վանիկ Պետրոսյանը իր ցուցմունքում նշեց, որ այդ օրը «Վերնիսաժ» տոնավաճառ է գնացել՝ աշխատանքի եւ դեպքի վայրին թիկունքով է կանգնած եղել եւ ոչ մի բան չի տեսել, սակայն աղմուկ է լսել: Լսել է նաեւ յոթ-ութ կրակոց եւ օրվա վերջում է տեղեկացել, որ տուժողներ Մնացական Սուքիասյանին եւ Ալվինա Բադալյանին տեղափոխել են հիվանդանոց. «Վեճեր եմ լսել, ավտոմեքենաների ազդանշաններ եմ տեսել եւ կրակոցներ, բայց չեմ կարող ասել, թե վիճաբանությունը ում միջեւ է եղել, ինչ ավտոմեքենաներ էին»:

Մյուս վկան Արսեն Անդրեասյանն ասաց, որ այդ օրը գնացել է աշխատանքի «Վերնիսաժ» տոնավաճառ, եւ երբ ցանկանում էր ապրանք տեղափոխել վիճաբանություն է տեսել, որի ընթացքում ինչ-որ տղա բռունցքով խփել է ամբաստանյալ Գոռ Առաքելյանին, որն ասել է «Էդ ո՞ւմ եք խփում» եւ նստել է ավտոմեքենան: Սակայն նա այդ պահին հեռացել է եւ վերադառնալուց հետո տեսել է վիրավորներին: Պատասխանելով մեղադրողի հարցերին՝ նա ասաց, որ տեսել է սեւ սպիտակ ավտոմեքենաներ, որոնցից սպիտակը գետնափոր ավտոկանգառից էր դուրս գալիս: Նա հավելեց, որ այդ ամենը տեսել է 150 մ հեռավորությունից:

Մեղադրողը միջնորդեց, որպեսզի հրապարակվի նախաքննական ցուցմունքը, քանի որ այդ ցուցմունքում նշել է, որ դեպքը տեսել է 15-20 մ հեռավորությունից: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Նախաքննական ցուցմունքում Արսեն Անդրեասյանը նշել էր, որ սեւ ավտոմեքենայի վարորդը բռունցքով հարվածել է սպիտակ ավտոմեքենայի վարորդին, որը բացականչել է «Դու հեսա կտեսնես» եւ վազել դեպի ավտոմեքենա, որից հետո սեւ ավտոմեքենայի վարորդը նստել է սպիտակ ավտոմեքենա եւ շարունակել է վիճաբանությունը:

Նա նշեց, որ սխալ ցուցմունք է տվել. Ինքը չի տեսել, թե որ ավտոմեքենա է նստել: Գոռ Առաքելյանը ասաց, որ այդ օրը այդտեղ եղել է իր սեւ մեքենան:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում կրակոցներ են հնչել։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար, դիտավորությամբ նրանց կյանքից զրկել, նաեւ անկանոն կրակ է բացել՝ պատահական անցորդներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով: Գոռ Առաքելյանի դեմ սպանության փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել: Իսկ Ներսես Մելքոնյանին եւ Վալերիկ Հովհաննիսյանին առաջադրվել է խուլիգանություն կատարելու մեղադրանք։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031