Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Ալեքսանդր Սարգսյանը ոչխարի մսի արտահանումը վերցրեց իր ձեռքը, ո՞վ կանխարգելեց». Հարցադրում ԱԺ-ում

Փետրվար 05,2015 18:11

«Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից եզրափակիչ ելույթում ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը նշեց, թե օրենքի նպատակը մնում է անհասկանալի:

«Հասկանանք` ի վերջո ինչ եք բերել ԱԺ: Դուք ասում եք` նախագիծն ուղղված է նրան, որ խթանենք արտահանումն ու Հայաստանում ներդրումները: Պարոն Միրումյան (ֆինանսների փոխնախարարին է դիմում) ասուլիսում ասել եք, որ կան նախնական բանակցություններ, որ գան մեծ ներդրումներ անեն Հայաստանում, արտահանում լինի, մասնավորապես նշել եք շինանյութերի արտադրման ոլորտը, թեեւ ասել եք, որ միայն այդ ոլորտին չի վերաբերում: Ձեր խոսքերից կարելի է հասկանալ, որ բանակցում եք ինչ-որ մարդկանց հետ, որոնք պայմանավորել են իրենց ներդրումներն այս պայմաններով: Ասել են, ձեզ, եթե շահութահարկը իջնի մեզ համար 2 տոկոսի, պատրաստ են մեծ ներդրումներ անել, արտահանել: Այստեղ անհասկանալի է այլ բան` եթե ունեք կոնկրետ առաջարկներ, բանակցություններ կոնկրետ ներդրողների հետ, ինչն է խանգարում կոնկրետ արտոնություններ տալ նրանց: Բերեք մենք էլ կհաստատենք այդ արտոնությունը, ոչ մի կոռուպցիոն ռիսկ չէր լինի, ամեն ինչ կլիներ թափանցիկ եւ դուք կխթանեիք կոնկրետ ներդրումներ ու արտահանում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նա թերահավատորեն է մոտենում ՀՀԿ-ականների պնդումներին, թե այդ օրենքով լավ նպատակներ ունեն. «Այն լուծումը, որ առաջարկում եք, ունի կոնկրետ հետեւանքներ: Մտածե՞լ եք, եթե կոնկրետ ներդրողի հետ կապված լուծում չեք առաջարկում, այլ ընդհանրական լուծում, դա կունենա ընդհանրական լուծումներ: Գլխավոր ընդհանրական հետեւանքն էլ այն կլինի, որ արտահանողները այս օրենքի ընդունումից հետո Հայաստանում կբաժանվեն երկու խմբի: Առաջինը` կառավարության հավանության արժանացած արտահանողներն են, հասարակ մահկանացուների խումբը: Մի խումբը աշխատելու է 2 տոկոս շահութահարկի, մյուս խումբը` 20 տոկոսի պայմաններում: Պարզ չէ՞, որ արդեն նշանակում է, որ կառավարությունը անցկացնում է մի օրենք, որը էականորեն խփելու է փոքր ու միջին բիզնեսին, այն մարդկանց, որոնք փոքր ծավալներով արտադրում ու փորձում են արտահանել: Որերորդ անգամ դուք անում եք մի քայլ, որը արտոնություններ է տալիս խոշորին ու խփում ՓՄՁ-ների շահերին: Ի՞նչ է նպատակ եք դրել ջարդել փոքրերին: Ամեն ձեր օրենքն այդ ենթատեքստն ունի»:

Հիշեցնենք, որ նախագծով առնվազն 50 միլիարդ դրամի չափով արտահանում իրականացնող կազմակերպությունները «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հաշվետու տարում 20 տոկոսի փոխարեն կվճարեն 2 տոկոս շահութահարկ, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում եկամուտ ստանալու իրավունք չեն ունենա:

Պարոն Զուրաբյանը կառավարության անդամներից նաեւ հետաքրքրվեց` ինչպես են «առանց ծանոթի բարեխոսության» արտահանողների համար ապահովելու կառավարության հավանությունը. «Եթե Սերժ Սարգսյանը զանգի ու եղբոր համար ասի այսպես է լինելու, այդ ֆիրման պետք է արժանանա կառավարության հավանությանը ու վերջ, հրաժարվելո՞ւ եք: Երբ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ամբողջ ոչխարի մսի առեւտուրը վերցրեց իր ձեռքը ու կազմակերպեց կենտրոնացված առեւտուր, քանի որ արաբական շեյխերի հետ պայմանավորվածությունների էր հասել, ով կարողացավ նրա դեմն առնել, որ հիմա կարողանան կանխարգելել»:

Նա նաեւ ասաց` չի ընդունում կառավարության հիմնավորումը, թե բոլորի համար չեն կարող սահմանել 2 տոկոս շահութահարկը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728