Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Անձամբ ես գոհ եմ խորհրդաժողովի արդյունքներից»

Փետրվար 06,2015 12:07

«Շատ բացահայտ, ցուցադրաբար անտեսվեց ԱԺ կանոնակարգ օրենքը: Ինչ-որ քաղաքական խաղեր են տեղի ունենում՝ ի հաշիվ ԱԺ-ի հեղինակության: Չեմ ուզում խորանալ, թե որ թեւն էր խաղ խաղում, բայց իրենք անտեսում են, որ կա ի վերջո ԱԺ», – այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ նկատի ունենալով Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որը պետք է ներկայացներ Իշխան Զաքարյանը, բայց իր փոխարեն ուղարկել էր ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին:

Գալուստ Սահակյանը Ռուբեն Հակոբյանին պատասխանել էր, որ Ձեր ինքնահավանությունը մի մատուցեք որպես ճշմարտություն: Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ կան գործիչներ, որ չեն վիրավորվում, երբ ԱԺ-ի հեղինակությունը գցում են:

Հարցին՝ երեկվա ոչ իշխանականների խորհրդաժողովից ի՞նչ պատասխան ստացաք, ի՞նչ նոր բան իմացաք Ձեր հետագա քայլերի հետ կապված՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Անձամբ ես գոհ եմ խորհրդաժողովի արդյունքներից: Նպատակն էր, որ խորհրդաժողովում պետք է յուրաքանչյուրն իր տեսակետը հայտներ: Ամենատարբեր մոտեցումները եղան, որոնք սպասելի էին: Առաջիկայում համաժողովի մասնակիցները ի մի կբերեն եւ միասնական քարտեզով կներկայանան: Լավագույն տարբերակը, ճիշտ տարբերակը մեր պետության համար այն է, որ իշխանությունը վերջ տա այդ ինքնասիրահարվածությանը: Եթե պետք է համառորեն իշխանությունը շարունակի իր «Ապահով Հայաստանը» կառուցի, շարժումը պետք է իր ձեռքը վերցնի: Մոտավորապես պատկերացնում եմ առաջիկա մեր աշխատանքն ինչպիսին պետք է լինի, ժողովրդի զանգվածային ճնշման տակ հեռացնի այս իշխանությանը»:

Հարցրեցին՝ ի՞նչ հասկացաք Գագիկ Ծառուկյանի ասածներից, արտահերթ ընտրությունների մասին խոսեց եւ խոսեց նաեւ հերթական ընտրությունների մասին, ո՞ւր եք գնում եւ Ձեր խոստացած թեժ աշունն անցավ սառը մթնոլորտում, գարունն ինչպիսի՞ն կլինի:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն ակնարկում էր, որ պետք է կարողանալ ճիշտ լուծումներ գտնել: Եթե շարունակի իշխանությունը այսպես վարվել, կլինեն արտահերթ նախագահական ընտրություններ: Ես համոզված եմ, որ այդ ճանապարհային քարտեզում կլինի արտահերթ նախագահական ընտրություն»: Ինչ վերաբերում է գարնանը՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ օդերեւութաբանների գնահատականներին նայելով՝ «լավ, նորմալ գարուն է սպասվում»:

Խոսելով Ցեղասպանության հռչակագրի մասին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այն չունի ուղերձ. «Մենք պետք է դիմենք աշխարհին, ասենք ինչ ենք ուզում: Դա ընդամենը փաստի արձանագրում է ասել, որ մեզ կոտորել են: Մենք պետք է ունենանք համազգային ուղերձ: Կարող էին շատ ավելի լավ աշխատել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728