«Մեր իրականությունը շաղախված է կեղծ ժողովրդավարությամբ ու կեղծ թեզերով։ Ընտրությունների թափանցիկության և արդարացիության մասին խոսելուց անցանք, հիմա էլ հասել ենք մի հանգրվանի, երբ ճնշումներն ակնհայտորեն գործադրվում են օտարների կողմից մեզ պարտադրվող սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Այս գործողությունը հենց այդ ուղղվածությանն եմ վերագրում։ 1,5 տարի է՝ մարդն անազատության մեջ է, ինչ-որ պատրվակներով մտնում են խուզարկությունների։ Այլ անուն չեմ կարող դրան տալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Կարապետյանների տներում սկսված խուզարկություններին:
Նրա խոսքով՝ խուզարկությունները ևս իշխանությունների կողմից ճնշման գործիք են.
«Փաշինյանը, երբ ասում էր հանրային ճնշում, հենց այս ճնշումներն էր նկատի ունենում՝ ԱԱԾ-ի ու Քննչական կոմիտեի միջոցով»։
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է՝ հետագայում այնպիսի ճնշումներ լինեն, որ ընդդիմությունը տեղի տա և գնա իշխանությունների հետ փոխզիջման, Ասլանյանը վստահեցրեց, որ եթե Փաշինյանն իմանար, որ ընդդիմությունը ստիպված փոխզիջման կգնա, այսպիսի գործողությունների չէր դիմի։
«Նման գործողություններն ավելի են սրում իրավիճակը»,- հավելեց Ասլանյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































