Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է իշխանափոխությունը արագանա, կարող է ՀՀ-ի՝ Հյուսիսային կորեացումն արագանա». Արմեն Մարտիրոսյան

Փետրվար 13,2015 12:49

Այսօր «Նյութ» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսն էր նախատեսված, բայց նրա փոխարեն ասուլիսի էր եկել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն ակումբում ասուլիս կտա, իր խոսքը կասի, ուղղակի երեկվա Սերժ Սարգսյանի ելույթից հետո երկրում իրավիճակ է փոխվել:

Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգության» անունից հայտարարություն արեց. «Երեկ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին վայել ելույթ չէր»:

Հարցին՝ Դուք դո՞ւրս եք գալու եռյակից, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես նման բա՞ն ասացի: Եռյակը քննարկման փուլում է: Քաղաքական պրոցեսներ են փոխվել, արագանում են, կարող է իշխանափոխությունը արագանա, կարող է ՀՀ-ի՝ Հյուսիսային կորեացումն արագանա»:

Հարցին՝ Եռյակը հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ քննարկումները ցույց կտան. «Այնուամենայնիվ, կարծում եմ այդ քննարկումները կլինեն»:

Հարցին՝ դա ճնշո՞ւմ էր եռյակի նկատմամբ՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ նախնական գնահատական արդեն տվել է:

Պարոն Մարտիրոսյանն իր անձնական տեսակետը հայտնեց. «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, որոնք ունեն ժողովրդի որոշակի վստահությունը եւ ամեն մի պաշտոնատար անձ զբաղեցնի այդ պաշտոնն ըստ ստացած քվեի»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ունի՞ այդ վստահությունը՝ նա պատասխանեց. «Ես ժողովրդավարության այբուբենը հարգող անձնավորություն եմ, այս մոտեցումն եմ միշտ ունեցել՝ կարեւոր չէ թե ով է, այլ կարեւորը՝ ինչպես է: Այսինքն, ունի՞ ժողովրդի վստահության քվեն, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ում 35 տարին լրացել է, ով վերջին 10 տարում բնակվել է ՀՀ-ում, ՀՀ քաղաքացի է, ունի ժողովրդի մեծամասնության քվեն, նա կարող է լինել ՀՀ նախագահ: Այն անձը, որը կուսակցության ցուցակով մասնակցել է ԱԺ ընտրություններին եւ իր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն որոշակի չափանիշներով եւ այդ անձը ցուցակում անցողիկ տեղում է գտնվում, նրա 25 տարին լրացել է, 5 տարի ՀՀ քաղաքացի է, վերջին 5 տարում ՀՀ տարածքում է բնակվում, ուրեմն նա պետք է լինի ԱԺ պատգամավոր»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգության» նկատմամբ էլ են ճնշումներ եղել, այդ գործիքակազմը վաղուց է կիրառվել:

Հարցին՝ ո՞րն է ավելի հավանական՝ ՀՀ-ի Հյուսիսային կորեացո՞ւմը, թե՞ իշխանափոխությունը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դա կախված է հասարակությունից. «Ելույթը գնահատում եմ որպես իրական միակուսակցական պետություն դառնալու քայլ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728