Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նկատմամբ դպրոցի տնօրենները կամայական մոտեցումներ են ցուցաբերում

Փետրվար 18,2015 12:30

ՀՀ կառավարության 01.06.1999թ. թ. 377 «Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» որոշման համաձայն, դպրոցների կառավարման խորհուրդների ստեղծումը պետք է նպաստեր ֆինանսների օգտագործման թափանցիկությանը, հաշվետվողական ու վերահսկողական համակարգերի հստակեցմանը եւ ուժեղացմանը: Հանրակրթական ուսումնական հաստատությունները դառնալով ՊՈԱԿ-ներ, «Հանրակրթության մասին», «ՊՈԱԿ-ների մասին» օրենքներով եւ իրենց կանոնադրությամբ ձեռք բերեցին «ինքնուրույնություն, ինքնավարություն, որպեսզի բարձրացվեն բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունն ու նպատակայնությունը»: Այս որոշումից անցել է 15 տարի, սակայն դպրոցներն ինքնավար ու ինքնուրույն չեն ոչ միայն այն պատճառով, որ դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորման գործող կարգը չի նպաստում այդպիսի դպրոցի կայացմանը, այլեւ նշանակված, բայց ոչ՝ ընտրված տնօրենների մեծ մասը, կախված այն բանից, թե ով է նրանց հովանավորը, գործում են «իմ դեմ խաղ չկա» լոզունգով: Երեւանի ենթակայության դպրոցների պարագայում դպրոցի գործունեության վերահսկողությունը պետք է իրականացնի Երեւանի քաղաքապետարանը՝ հանդիսանալով լիազորված պետական մարմին: Իրականացնել վերահսկողություն, նշանակում է հետեւել կրթության քաղաքականության իրականացմանն ու բյուջետային միջոցների օգտագործման թափանցիկությանը, հաշվետվողականությանը, արդյունավետությանն ու նպատակայնությանը, ինչպես նաեւ՝ հասցեականությանը:

Այն փաստը, որ ժամանակ առ ժամանակ այս կամ այն դպրոցում ֆինանսական ոլորտում որոշ տնօրենների կողմից երբեմն հրապարակային (թ. 27, թ. 70), երբեմն թաքուն (թ. 66, թ.125), բացահայտվում են չարաշահումներ ու որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար անմիջապես նշանակվում են հայտնի պաշտոնյաների աղջիկներ, լիազորված պետական մարմնի համար հերթական հեղինակազրկումն է ապահովում: Այս փաստերը խոսում են այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից վերահսկողությունն անհրաժեշտ որակով չի իրականացվում, որովհետեւ վերոնշյալ դպրոցների բոլոր նախկին տնօրեններն էլ հովանավորվում էին Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ անթաքույց ու համարձակորեն աջ ու ձախ խախտում էին Հայաստանում ընդունված օրենքներն ու կարգերը: Եթե քաղաքապետարանի ֆինանսական, կրթության եւ վերահսկողության վարչություններն առաջնորդվեին ընդունված օրենքներով ու կարգերով, ապա կկանխեին բոլոր հնարավոր սողանցքերն ու այդ տնօրեններին չէին մղի հանցագործ քայլերի: Եվ քանի դեռ արդեն նախկին տնօրենների հանցավոր գործունեությունը Երեւանի քաղաքապետի եւ կրթության վարչության կողմից հրապարակավ չի դատապարտվել ու գնահատական չի տրվել, դպրոցներում շարունակվելու են նման բարքերն ու տնօրեններն իրենց շատ պաշտպանված են զգալու:

Ասելիքս հիմնավորեմ ընդամենը մեկ փաստով, Երեւանի ենթակայության 44 դպրոցներում իրականացվում է ներառական կրթության ծրագիր, որում վկայագրված 1525 սովորողների համար 2014 թ. պետբյուջեից ստացել են մոտավորապես 811 մլն դրամ, այսինքն ինձ տրված պաշտոնական գրության համաձայն՝ յուրաքանչյուր սովորողի համար միջինը 557.600 դրամ, իսկ 2015-ի համար` 582.000, այնինչ, ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի (տես «Առավոտ» օրաթերթ, հունվարի 15), այն 2014-ին պետք է լիներ 485000 դրամ, հետաքրքիր է, ըստ ո՞ր փաստաթղթի է հայտարարվել այս թիվը:

Վկայագրված յուրաքանչյուր սովորողին տրվող գումարի մեջ ՀՀ կառավարության որոշմամբ հասցեական, առանց բացառությունների օրական տրվում է 200, տարին՝ 34000 դրամ տրանսպորտի գումար: Այդ 44 դպրոցներից 2014-ին միայն 2-ը՝ թ.150-ը եւ 186-ը ՀՀ իրենց նախահաշիվներով ամբողջությամբ նախատեսել են այդ գումարը, մնացածը՝ ոչ: Այսինքն՝ ծնողներն այդ գումարը չեն ստանում եւ դրանք մնալով դպրոցի դրամական ազատ միջոցներում՝ ծախսվում են այլ նպատակների համար: Երեւանի քաղաքապետին ուղղված իմ հարցմանը, թե որքանո՞վ է սա օրինական, պատասխանը եղել է. «Դպրոցը ՊՈԱԿ է եւ ինքն է որոշում իր բյուջեի ծախսման ուղղությունները»: Իսկ ո՞ւր մնաց ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի՝ պետությունը որոշակի նպատակով տրամադրում է գումար, իսկ տնօրենի կամայականության արդյունքում գումարը բոլորովին այլ նպատակի համար է ծախսվում, ի՞նչ է սա, եթե ոչ՝ ամենաթողություն: Սրա փոխարեն դպրոցների մեծամասնության նախահաշիվներում կա միլիոնավոր դրամների հասնող «Պարգեւատրում» տող:

Օրինակ, Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոցի 24.12.2014թ. հաստատված նախահաշվով 2014-2015թթ. համար նախատեսվել է 8 մլն դրամ, նախորդ` 2013-2014 տարվա 5 մլնի փոխարեն, իսկ 28 ներառված երեխաներին տրվող 14 մլն գումարից տրանսպորտի համար նախատեսել է ընդամենը 27.4 հազար: Պարզ է, չէ՞, թե որտեղ են օգտագործվում ներառականի գումարները, իսկ տիկին Հովհաննիսյանն ասում է, որ այդ գումարները նպատակային են ծախսվում: 30.04.2014թ. հաստատված նախահաշվով պարգեւատրման 5 մլն դրամը թ.11 դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ՝ գերազանց աշխատանքի համար մարտին՝ 80000 դրամով տրվել է 45 աշխատակիցների, ապրիլին՝ 50000 դրամով՝ 20 աշխատակցի: Ընդ որում՝ մարտին եւ ապրիլին պարգեւատրված աշխատակիցների ցուցակներում 16 անուն կրկնվում է եւ նրանցից 7-ի անուններն արդեն չկան 2014-2015թթ. տարիֆիկացիայի ցուցակի մեջ: Գերազանց գործունեության համար պարգեւատրված մարդիկ ազատվել են աշխատանքի՞ց: Իհարկե, հնարավորության դեպքում լավ մանկավարժը պետք է պարգեւատրվի, սակայն դպրոցների Վարկանիշավորման ցանկում (իհարկե, մեծ վստահություն չունեմ սրա նկատմամբ), ընդհանուր վարկանիշով այդ դպրոցը 316-ի մեջ 120-րդ տեղն է զբաղեցնում: Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության ուսումնասիրության արդյունքը մոտավորապես այսպիսին էր. «Ի՞նչ է, վա՞տ է, որ տնօրենը պարգեւատրել է իր աշխատակիցներին, ամեն ինչ օրինական է»: Վերահսկողությանը չի հետաքրքրել, թե ո՞ւմ հաշվին է պարգեւատրել տնօրենը, դպրոցի ազատ դրամական միջոցների ծախսերը որքանո՞վ են նպատակային ու արդյունավետ: Այս դպրոցի տարիֆիկացիայի, նախահաշվի վերաբերյալ իմ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերածս փաստերի հիման վրա ես միանգամայն այլ կարծիքի եմ եկել, որի մասին պաշտոնապես մանրամասն կտեղեկացնեմ քաղաքապետին:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728