Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է Պահքը, եւ ո՞րն է մեր նպատակը

Փետրվար 19,2015 12:30

Տարիներ առաջ մի ծանոթիս տանն էի, ու քանի որ այդ շաբաթը նախորդում էր Մեծ Պահոց շրջանին, խոսակցության ժամանակ նա անակնկալ հարցրեց, «Դու էլ ես Պահքը պահելու, չէ՞»: Ես, որ երբեք Պահք չէի պահել, զղջալ չգիտեի ու, այդուհանդերձ, ինձ համարում էի «լավ քրիստոնյա»: Պահք պահելու մտադրություն չունեի, բայց անակնկալի եկած, պատասխանեցի, որ այո,՛ այս տարի ես էլ պիտի պահեմ: Պահեցի: Դրա հաջորդող տարիներին էլ պահեցի, բայց իմ կյանքում ոչ մի փոփոխություն չեղավ:

Պահածս պահքը միայն դիետա էր, ձեւական ու փարիսեցու պես: Կենդանական ծագում ունեցող ոչ մի կերակուր չէի ուտում, բայց դրա փոխարեն ավելի շատ կարտոֆիլ ու հաց էի ուտում: Եվ բարկանում էի, եւ մեծամտանում, եւ մեղք գործում: Խաղաղություն չունեի: Մարմինս պայքարում էր, իսկ հոգիս մնում էր սոված: Եվ այսպես տարիներ շարունակ: Այս ընթացքում գործերս էլ վատացան, ու մենք ծայրը ծայրին հազիվ էինք հասցնում: Ու ես ասում էի ինքս ինձ: Ո՞ւր է այն խոստացված խաղաղությունն ու երջանկությունը, որ Հիսուսը խոստացավ իր հետեւորդներին: Ինչո՞ւ իմ վրա չի գալիս այն: Արդյո՞ք ես մի բան սխալ եմ անում:

Գարուն էր: Մոտենում էր առաջիկա Մեծ Պահոց շրջանը: Ես որոշեցի, որ այդ տարի ինձ համար առաջնային պիտի դառնա հոգիս սնելը: Եվ այդ ժամանակ էր, որ դրվեց իսկական փոփոխության սկիզբը: Իմ կյանքում տեղի ունեցավ մի շրջադարձ, որ փոխեց իմ միտքը:
Այս մասին գրում եմ, որովհետեւ անցյալում էր: Մեր Տերն ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երեւալը եւ նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, եւ քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Ես չեմ գրի, թե այս տարի այս իմաստով ինչ եմ անում, որպեսզի ձեզ «ծոմ պահող» չերեւամ, բայց կգրեմ, թե ինչպես պիտի վարվենք բոլորս՝ ովքեր իրենց քրիստոնյա են համարում, կամ գոնե ձգտում են ավելին սովորել մեր հավատքի մասին:
Հիմա հավանաբար ձեր մտքում կառաջանա այն հարցը թէ ինչ կերակուր կարելի է ուտել կամ չուտել: Այս հարցի պատասխանը դուք շատ տեղերում կարող էք կարդալ եթե փնտրեք: Կամ կարող էք ցանկացած եկեղեցականից հարցնել: Իմ նպատակն է այսօր ձեր ուշադրությունը բերել մի շատ ավելի կարևոր հարցի վրա՝ ինչպես սնել ձեր հոգին. Առանց հոգին սնելու Պահք չկա: Առանց հոգին սնելու կամ միայն սով ու տառապանք:

Պահքի նպատակն է՝ մեղքից հեռանալ, որպեսզի մոտենալ Աստծուն՝ լույսի ու կյանքի աղբյուրին: Նյութական հացից ու տարբեր կերակուրներից հեռանալը, պետք է լցվի հոգեւոր հացով: Եթե դուք մի շարք կերակուրներից հեռանաք ու դրա փոխարեն Աստծուն ավելի չմոտենաք, ապա ձեր զրկանքը կլինի լոկ դիետա ու ոչ մի հոգեւոր արդյունք չի բերի: Որոշ կերակուրներից ձեր անձերն այս շրջանին հեռու պահելով հանդերձ, ամեն օր հատուկ ժամ ունեցեք աղոթքի եւ Ավետարանների ընթերցանության համար: Սա ամենակարեւոր բանն է: Եթե սա չանեք, ուզում է հազար տեսակ կերակուրից ձեզ զրկենք, դրանով ոչ կսրբանաք, ոչ էլ մտքի փոփոխություն կունենաք: Աստծուն միայն կերակուրից զրկվելով չեք մոտենա: Իմիջիայլոց, Հիտլերն էլ կյանքի վերջին տարիներին բուսակեր էր դարձել: Դա օգնե՞ց, որ նա զղջա ու պատերազմը շուտ ավարտվի: Անշուշտ, ոչ: Ուրեմն ինչպե՞ս վարվել: Ահա մի օրինակելի նմուշ:

Առավոտյան աչքներդ բացելու հետ, փառք տվեք Աստծուն, որ ձեզ արթնացրեց ու լույսը տեսնել ու ապրել շնորհեց: Աշխատանքի կամ ուսման վայրում խուսափեք պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակներից: Զիջող ու ներող եղեք: Դրանից միայն խաղաղությունը կշահի, իսկ դուք էլ ավելորդ չեք ներվայնանա: Զղջացեք ձեր սխալների ու վատ մտքերի համար: Իսկ եթե դրանք չեք տեսնում, խնդրեք ձեր աղոթքների մեջ, որպեսզի Տերը ձեզ օգնի տեսնել ձեր սխալները: Երեկոյան ընթրիքից հետո, երբ կատարեք ձեր ընտանեկան պարտականությունները ծնողների, զավակների կամ ամուսինների նկատմամբ, առանձնացեք մի անկյուն ու սկսեք Ավետարանը կարդալ: Կարդացեք, որովհետեւ ամեն մի խոսքն այնտեղ ձեզ ավելի կօգնի ձեր կյանքը հասկանալ ու մոտենալ Աստծուն:
Այսպիսի ընթերցանության ժամանակ սովածությունը փոխարինվում է հետաքրքրությամբ: Ուտելիքի փոխարեն սկսում ես մտածել քո կյանքի իմաստի ու ձգտումների մասին: Զգում ես, որ Ավետարանների ամեն մի խոսքը սնունդ է քո հոգու համար: Այլեւս դեպի խոհանոց չես նայում, այլ նայում ես ինքդ դեպի քո ներսը, որովհետեւ Հիսուսն ասաց մի բան, որի վրա շատ իմաստասերներ են ապշել, թե «ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է» (Ղուկաս 17:22)։ Ասել է թե՝ երջանկությունն էլ ձեր ներսում է: Ձեր խնդիրներն էլ ձեր ներսում են: Մաքրեք ձեր միջից ամեն մի կեղտոտ կիրք, ու կգտնեք այնտեղ երջանկություն ու կյանք:

Իսկ որտե՞ղ են այդ կրքերը: Դրանք մեր մտքում ու ներսում են: Ահա մի քանի կրքեր, որոնց տրվելով մենք դառնում ենք սրանց գերին ու տառապանք պատճառում մեր անձերին, մեր կյանքերին: Հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, խորամանկություն, անզգամություն, վախկոտություն, շռայլություն, հուսահատություն, անիրավություն, չարահավանություն, նենգություն, ատելություն, անբարոյականություն, փառասիրություն, եսասիրություն, իշխանատենչություն, ստախոսություն, երդմնազանցություն, քսություն, հակառակություն, վիճաբանություն, բանսարկություն, ատելություն, տրտունջ, անիծաբանություն, բամբասկոտություն, ագահություն… էլ ո՞րն ասեմ, էլ որը: Պետք է զղջալ սրանց համար, որպեսզի մաքրվել ու մոտենալ Աստծուն: Զղջալը շատ ազատարար զգացում է: Դուք պետք է զգաք դա:

Դուք տեսնո՞ւմ եք, սրանք բոլորը մեղքեր են ու ամենազարմանալին այն է, որ այս բոլոր մեղքերը մարդու մտքի ու զգացմունքի հետ են կապված: Ոչ մի ֆիզիկական մեղք չկար: Ամեն ինչ կապված է մտքի հետ: Ու մենք այս կրքերին տրվելով կորցնում ենք մեր ներքին խաղաղությունը ու գերի դառնում այս կրքերին: Արդյունքում տառապանքն ու հուսահատությունը, կռիվն ու դավին ներխուժում ու կառավարում են մեր կյանքը, մեր ընտանիքները, մեր հասարակությունը, մեր հայրենիքը, երկիրը, որի վրա ապրում ենք մենք:
Եթե դու ուզում ես երջանիկ ու խաղաղ կյանք ունենալ, փորձիր ազատվել այս կրքերից ու կտեսնես, թե ինչպես կփոխվի քո կյանքը: Կտեսնես ինչպես կսկսվի առողջանալ ու փոխվել կյանքը քո շրջապատում: Ու լույսը գնալով կտարածվի ու խավարը կչքանա, որովհետեւ խավարը չի կարող նվաճել լույսին (Հովհ. 1:5):

Ահա բարեկամներ: Սա է Պահոց շրջանի իմաստը՝ մաքրվել, որպեսզի կարողանանք մոտենալ Ամենամաքուրին: Ճանաչել Նրան, որպեսզի Նրա միջոցով կարողանանք ազատվել այս կրքերից, քանի որ մենակ դա անելը անհնար է: Ոչ մեկին չի հաջողվել մենակ հաղթել այս կրքերին: Դրա համա էլ Նա կոչվում է Փրկիչ՝ ով գալիս է ներս ու փրկում այս կործանարար մտային կրքերից: Միայն թե Նա գալիս է նրանց մոտ, ովքեր իրենց դռներն են բացում Նրա առաջ ու ասում, Ներս արի (Հայտնություն 3:20), ես չեմ կարողանում հաղթել առանց քեզ:

Թե ինչ ուտելիքներից կհրաժարվեք ու ինչ խստության Պահք կբռնեք, դուք գիտեք: Հոգեւոր կյանքի մեջ իսկական ապաքինումը սկսվում է այնտեղ, երբ մարդը սկսում է տեսնել սեփական սխալներն ու զղջալ դրանց համար: Այստեղ է իսկական ազատությունն ու երջանկությունը:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728