Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմություն ասելով՝ իրենք ո՞ւմ նկատի ունեն»

Փետրվար 26,2015 15:00

ՀՅԴ-ի 2 տարբերակները՝
ընդդիմության եւ կառավարման ճգնաժամից դուրս գալու համար

Ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, ընդդիմությունը հիվանդ է, ընդդիմությունը կաղում է նույնիսկ երեք ոտքից, ընդդիմություն չկա, ընդդիմությունը պետք է հեռանա. արդեն երկու օր է՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության քննարկումներն ԱԺ-ում վերածվել են ընդդիմության իմպիչմենտի քննարկման:

«Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ համաձա՞յն եք այդ քննադատություններին, որ ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, խնդիրներ ունի, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չհերքեց, որ խնդիրներ կան, բայց մի ճշտում արեց. «Գիտեք, ես իմ տեղից երեկ ռեպլիկով մի քանի անգամ զգուշացրեցի ելույթ ունեցողներին, որ նախ ասեն՝ ընդդիմություն ասելով՝ իրենք ի՞նչ նկատի ունեն, ո՞ւմ նկատի ունեն: Դաշնակցության պարագայում մենք ընդդիմություն ենք եւ մեր տեսակետները հստակ, առանց որեւէ մեկից քաշվելու՝ ներկայացնում ենք: Այն, որ երկրում առկա պրոբլեմները չեն լուծվել՝ ակնհայտ է: Այն, որ մենք կարողացանք՝ նաեւ մեր համառ ջանքերով, խուսափել անկանխատեսելի զարգացումներից՝ սա լավ է: Բայց դա չի նշանակում, որ այլեւս հարցեր գոյություն չունեն: Բոլոր խնդիրներն այսօր օրակարգում են, եւ բնակչության համատարած դժգոհության, անվստահության, սոցիալական, տնտեսական, արդյունավետ կառավարման խնդիրները՝ սրանք բոլորն այսօր օրակարգում են, եւ շատ կարեւոր է, թե հետեւությունը որն է լինելու»:

Աղվան Վարդանյանը գտնում է, որ 2 տարբերակ կա. «Մի տարբերակն այն է, որ իշխանությունը շատ հանգիստ է, որեւէ պրոբլեմ չունի, այն ուժը կամ ուժերի միավորումը, որը պատրաստ էր առճակատման գնալ եւ փոխադարձ առճակատման, հիմա այլեւս նահանջել է, ուրեմն իր ձեռքերն ազատ են, ուրեմն ինքը ինչ ուզենա՝ կարող է անել: Սա ընդհակառակը՝ երկիրը կտանի էլ ավելի խորը ճգնաժամի: 2-րդ տարբերակն այն է, որ նույնիսկ ՀՀ նախագահի հայտնի ելույթում, որի 80 տոկոսը նվիրված էր ԲՀԿ-ին ու նրա ղեկավար Ծառուկյանին, եթե մենք այդ մասը հանենք ու կարդանք այն, ինչ կա, ուրեմն իսկապես դրվում են հիմնարար խնդիրներ՝ արմատական բարեփոխումներ կատարելու, երկիրն այս վիճակից հանելու համար: Սա պիտի դառնա գործունեության առանցքային ելք՝ իշխանության եւ ընդդիմության համար: Մենք պահանջելու ենք շեշտը դնել այդ խնդիրների վրա: Կկարողանանք դա անել՝ ուրեմն փառք ու պատիվ բոլորիս»:

Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ի պարագայում ճգնաժամ իսկապես գոյություն չունի. «Ընդհակառակը՝ մենք այսօր շատ ինտենսիվ աշխատում ենք միմյանց հետ ոչ միայն ՀՅԴ-ի ներսում, պառլամենտում, մեր կուսակցության ներսում եւ կուսակցությունից դուրս»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728