Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը՝ Հայաստանի դիվանագետի օրվա կապակցությամբ

Մարտ 02,2015 11:08

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանում մասնագիտական տոների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Դիվանագետի օրը: Պատահական չէ, որ այն սահմանվեց մարտի 2-ին, քանի որ 23 տարի առաջ հենց այս օրը մեր դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև: Հայաստանի անկախ հանրապետությունը դարձավ միջազգային ընտանիքը համախմբող ամենաընդգրկուն և ամենահեղինակավոր կազմակերպության անդամ: Հնարավորություն ընձեռնվեց մեր ձայնը ավելի լսելի դարձնել աշխարհում, մեր մասնակցությունը բերել մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:

Ընդունված է ասել, որ դիվանագիտական գործունեության արդյունավետությունը հնարավոր է ապահովել նպատակների և միջոցների ճիշտ համադրության պարագայում: Մեր դիվանագիտության առջև անկախության հենց առաջին տարիներից խնդիր դրվեց առկա սուղ հնարավորություններով իրագործել հավակնոտ նպատակներ` նպաստել մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ապահովելով արտաքին բարենպաստ միջավայր և աջակցություն:

Այս կարճ ժամանակահատվածում ամրապնդվել են միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքն ու հեղինակությունը, ընդլայնվել և խորացել են երկկողմ և բազմակողմ դիվանագիտական կապերը, էապես մեծացել է միջազգային գործընթացներում մեր պետության ներգրավվածությունը, ամրապնդվել է մեր արտաքին անվտանգության բաղադրիչը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները առավել լսելի և ընկալելի են դարձել միջազգային հարթակներում, բարձրացել է Հայաստանի և արտերկրում գտնվող նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետությունը, ավելացել է տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թիվը:

Այսօր Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 160-ից ավել երկրների հետ, ստորագրել է շուրջ 2 հազար միջազգային պայմանագիր և համաձայնագիր, 65 դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել արտերկրում և միջազգային կազմակերպություններում:

Այս ամենին, անշուշտ, իրենց կարևոր նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ և, որ ամենակարևորն է` հայրենանվեր աշխատանքով: Այս տարիների ընթացքում կայացել և ամրապնդվել է մեր դիվանագիտական ծառայության համակարգը, որը զգալի նոր շունչ է ստացել արտգործնախարարության Դիվանագիտական դպրոցի հիմնադրումից ի վեր:

Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմանների բարելավման առումով կարևոր ձեռքբերում կարելի է համարել դիվանագիտական ծառայության աշխատանքների առանձնահատկությունների համաձայն նախագծված արտաքին գործերի նախարարության նոր վարչական համալիրի կառուցումը, որը, համոզված եմ, կնպաստի դիվանագիտական ծառայության և մեր աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:

Դիվանագետի մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է կատարված աշխատանքի գնահատականի, այլ նաև դրա արդյունավետության ակնկալիքների առումով: Հանրապետության Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշերը և նրա կողմից տրված հանձնարարականները պարտավորեցնում են մեր դիվանագիտությանը ներդնել ողջ ներուժը՝ ի նպաստ մեր ժողովրդի անվտանգության և բարեկեցիկ ապագայի կերտման:

Այս տարի նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավելյալ պարտավորեցնում է մեր դիվանագետներին՝ բազմապատկելու Մեծ Եղեռնի վերաբերյալ անժխտելի ճշմարտությունը ներկայացնելուն, կեղծարարություններին ու ժխտողականությանը հակազդելուն և դրանք չեզոքացնելուն ուղղված ջանքերը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, շարունակելու է ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:

Հայաստանը ակտիվ համագործակցություն է ծավալելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, խորացնելու է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Մենք շարունակելու ենք հետևողական ջանքերը՝ սերտացնելու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևան Վրաստանի և Իրանի, խորացնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի, ասիական, արաբական, լատինամերիկյան, աֆրիկյան պետությունների հետ, ընդլայնելու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ընդարձակելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը:

Մեր դիվանագիտությունը ուշադրության կենտրոնում է պահելու տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտության օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը:

Սիրելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ` մեր մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ։

Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել արտգործնախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների վարչատնտեսական անձնակազմին, որոնք ինչպես արտաքին գործերի նախարարության կենտրոնական աշխատակազմում, այնպես էլ արտերկրում Հայաստանի ներկայացուցչություններում իրենց նպաստն են բերում մեր ամենօրյա աշխատանքներին և մեր կողքին են։

Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնմամբ և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցներն են։

Շնորհավո՛ր, հարգելի գործընկերներ։
Ի գո՛րծ՝ դեպի նորանոր ձեռքբերումներ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031