Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես 1-2 ժամ եմ ոտաբոբիկ թողնում հաճախորդներիս»

Մարտ 13,2015 16:00

Գայանե Ղամբարյանը կոշկակարությամբ զբաղվում է երկար տարիներ: Միշտ եղել է ամուսնու կողքին եւ լուռ սովորել կոշկակարության առանձնահատկությունները: «Վարպետ» անունը 17 տարվա աշխատանքային փորձից է մնացել, կոշկակարի կրպակն ու գործը՝ հանգուցյալ ամուսնուց:

«Լյովան չէր թողնում իր հետ աշխատել, բայց երբ համոզվեց, որ ես մաքուր գործ եմ անում, սկսեցինք միասին վերանորոգել կոշիկները: Հաճախորդները չէին պատկերացնում, որ կինը կարող է կոշիկ կարել, գալիս վերցնում էին, ամուսնուս ասում էին՝ «վարպե՛տ ջան, շատ շնորհակալություն», ես էլ ասում էի՝ ով անի, ում ասեն»,- կատակով հիշում է կոշկակար կինը: Վարպետ Գայանեի ցանկությունը բժշկուհի դառնալն է եղել, բայց այս գործից էլ չի բողոքում եւ հաճույքով է այն անում: Նրա խոսքերով. «Կոշկակարությունը բժշկության նման է. երկուսն էլ ունեն բժշկելու առաքելություն»:

Վարպետն այսօրվա գործը վաղվան թողնել չի սիրում. «Ես 1-2 ժամ եմ ոտաբոբիկ թողնում հաճախորդներիս»: Տիկին Հասմիկը Գայանեի հավատարիմ հաճախորդներից է, որը մեծ հարգանքով է հիշում վարպետ Գայանեի ամուսնուն. «Լյովան իր գործին սիրահարված վարպետ էր, օր ու գիշեր աշխատում էր եւ չէր տրտնջում: Ամուսնու մահից հետո վարպետ կոչումը մինչ օրս պատվով է տանում Գայանեն: Ես մի 100 տարի է՝ օգտվում եմ նրանից»:
Վարպետ Գայանեի փոքրիկ տաղավարը միշտ մարդաշատ է լինում: Հաճախորդներն ասում են, որ եթե նույնիսկ կոշիկ վերանորոգելու կարիք չունեն, այնուամենայնիվ, հաճախ են այցելում նրան՝ պարզապես զրուցելու համար. «Գայանեն շատ հետաքրքիր զրուցակից է, եւ օրվա մեջ եթե մեկ ժամ նրա հետ խոսեմ, օրս կհամարեմ ստացված»,- ասում է նրա մեկ այլ հաճախորդը՝ տիկին Լուսնթագը: Գայանե Ղամբարյանն իրեն խոսք է տվել՝ քանի դեռ ձեռքերում ուժ կա, աշխատելու է ու բարձր է պահելու ամուսնու անունը: Վարպետ կոշկակարուհին երազանքների մասին չի խոսում, ասում է, որ երբեք ոչինչ չի երազել. «Սովետի տարիներին կյանքը հեշտ էր, ու երազելու կարիք չկար, իսկ հիմա այնքան դժվար է, որ երազելու ժամանակ չկա»:

ԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031