Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Ցեղասպանության փաստերի հիման վրա էր, որ մեծ հումանիստ ու գիտնական Ռաֆայել Լեմկինը առաջ քաշեց «Ցեղասպանություն» եզրույթը»

Մարտ 17,2015 19:21

Արտակ Զաքարյանի ելույթը

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջարկված բանաձևի նախագծի քննարկման ժամանակ

Հարգելի գործընկերներ,

Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկման յուրաքանչյուր հնարավորություն:

Այսպիսի բանաձևի առաջադրման գլխավոր նպատակը եվրոպական արժեքային համակարգի, մարդու իրավունքների և մարդկության դեմ գործած հանցանքների դատապարտումն ու կանխարգելումն է:

Մենք բոլորս լավ ենք գիտակցում, որ ոչ մի ցեղասպանական հանցագործություն մեկ օրում չի սկսվում ու ավարտվում է միայն այն ժամանակ, երբ ցեղասպանություն իրականացնող ոճրագործը ընդունում է կատարված հանցագործությունը` հետագա ոճիրների առկախման համար:

Ժամանակակից Թուրքիան` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պարտավոր է վերջ դնել նախորդ դարի առաջին ցեղասպանությանը` հետ կանգնելով ժխտման միջոցով սեփական պատմությունը խմբագրելու անհաջող փորձերից:

2015 թվականը Հայոց ցեղասպանության հիշատակման սահմանագիծը չէ: Այն նոր սկիզբ է պայքարի, որը ծավալվում է աշխարհում հին ցեղասպանությունների ճանաչման, նոր ցեղասպանությունների կանխարգելման համար:

Հայոց ցեղասպանությունը, հրեաների ողջակիզումը, հույների, ասորիների, Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովուրդների, Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունները, ինչպես նաև մյուս ցեղասպանական ակտերը արժանի են քաղաքակիրթ մարդկության դատապարտմանը:

Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Հիտլերը իր դաժան մտադրությունը իրականացնելուց առաջ ասել էր, «Իսկ ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»:

Հենց 20-րդ դարի առաջին Ցեղասպանության փաստերի հիման վրա էր, որ մեծ հումանիստ ու գիտնական Ռաֆայել Լեմկինը առաջ քաշեց «Ցեղասպանություն» եզրույթը:

Սիրելի գործընկերներ,

Առաջադրված բանաձևի ընդունումը կլինի մեր բոլորի ներդրումը ցեղասպանական հանցագործությունների ճանաչման գործում, կարտացոլի աշխարհի հիշողությունը մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ուստի, վերոնշյալի հաստատման համար` առաջարկում եմ այս բանաձևի միջոցով ազդարարել տեսակետ հանուն արդարության վերականգման, համալրվել ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր միջոցներով, կարեկից ու միասնական լինել ցեղասպանություն վերապրած ժողովուրդների պայքարին, քանի որ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ միասնության մեջ է ամփոփված հաղթանակի գրավականը, ու երաշխիքը` արդարության վերականգնման:

Շնորհակալություն ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031